ԵՄ «Քովիդ-19 Համերաշխության ծրագրի շնորհիվ» աջակցում ենք Հայաստանում գործող 20 ՔՀԿ-ների

Հրապարակվել է 24 հնվ, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե
ԵՄ «Քովիդ-19 Համերաշխության ծրագրի շնորհիվ» աջակցում ենք Հայաստանում գործող 20 ՔՀԿ-ների
© Foto: Time Production for PIN

Համավարակն արմատապես փոխեց մարդկանց կյանքը․ այն էլ ավելի մեծ խնդիրներ առաջացրեց Հայաստանի սոցիալական և տնտեսական ոլորտներում։ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն թիրախավորել է Արևելյան գործընկերության երկրների ամենախոցելի խավերին և փորձել բարելավել նրանց պայմանները տարբեր նախագծերի միջոցով։ Եվրոպական միության «Քովիդ-19 Համերաշխության ծրագիր Արևելյան գործընկերության համար» ծրագրի շնորհիվ, մենք աշխատել ենք Հայաստանում գործող 20 քաղհասարակության կազմակերպությունների հետ՝ իրականացնելով 30 ծրագիր։ Ծրագիրն ընդլայնել է տեղական քաղհասարակության կազմակերպությունների հնարավորությունները՝ կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքներին արձագանքելու և երկարաժամկետ ռազմավարություններում բարեփոխումներ իրականացնելու համար, որոնք ուղղված են խոցելի խմբերին և համաճարակից տուժածներին աջակցելուն։

Համերաշխության ծրագրի գործողությունները ուղղված են տնտեսական վերականգնման, սոցիալ-հոգեբանական ծառայությունների, կրթության և շահերի պաշտպանության ոլորտների աջակցմանը։ Դեռևս 2020 թվականին, երբ սկսվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ծրագիրը հանդես եկավ արտակարգ իրավիճակների արձագանքմամբ՝ փոքր դրամաշնորհներ տրամադրելով տեղական քաղհասարակության 8 կազմակերպությունների՝ տեղահանված ընտանիքներին հիգիենայի պարագաներով աջակցելու համար։

Ծրագրի իրականացման առաջին փուլում աջակցել ենք խոցելի խմբերին հիմնական կարիքներին ուղղված ենթածրագրերով, ձեռնարկատիրական հմտություններով և բիզնես հիմնելու փաթեթներ տրամադրելով, միևնույն ժամանակ օգնել ենք նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ իրավական բարեփոխումների իրականացման հարցում: Օրինակ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն բարձրաձայնում է` 63 տարեկան և բարձր տարիքի մարդկանց աշխատանքային ներուժը օգտագործելու մասին և նպաստելու պետական վերահսկողության ուժեղացմանը՝ աշխատանքային օրենսդրության մեջ հակախտրականության կարգավորման վերաբերյալ։ Այս աշխատանքը հնարավորություն կտա տարեցներին մնալ աշխատաշուկայում այնքան ժամանակ, որքան նրանք կցանկանան։ 

«Հայ մայրեր» հասարակական կազմակերպությունն օժանդակել է անձնական օգնականների ինստիտուտի հաստատմանը, որը սպասարկում է հաշմանդամություն ունեցող անձանց խնամողներին՝ ուսումնական մոդուլների մշակման միջոցով։ Հայաստանի կառավարությունը նախատեսում է փորձնական տարբերակով գործարկել անձնական օգնականի ծառայությունները և «Հայ մայրեր» ՀԿ-ն իր փորձառությամբ մեծապես նպաստում է այդ ամենին։ Համերաշխության ծրագրի շրջանակում «Հայ մայրեր» ՀԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին տրամադրել է նաև վերապատրաստում։ Բացի մասնագիտական հմտություններից և համապատասխան գործիքներից՝ «Հայ մայրեր» ՀԿ-ն շահառուներին տրամադրել է նաև սոցիալական մեդիա մարքեթինգի հմտությունների դասընթաց, որպեսզի նրանք կարողանան առաջխաղացնել իրենց ծառայությունները, միաժամանակ մնալով տանը՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին խնամելու համար։  

«Այբ» կրթական հիմնադրամը մշակել է մեթոդաբանական ձեռնարկ ԳՏՃՄԱ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա, արվեստ) ոլորտում ուսուցիչների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու համար։ Այն հաջողությամբ փորձարկվել է և ներկայումս «Այբ» կրթական հիմնադրամը համագործակցում է ՀՀ Կառավարության մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի հետ՝ ձեռնարկը բարելավելու և Հայաստանի բոլոր դպրոցներում տարածելու ուղղությամբ։ Առաջին փուլում տրամադրված դրամաշնորհի միջոցով «Այբ»-ն ավարտին հասցրեց Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերի աշակերտների և ուսուցիչների համար մշակված անվճար առցանց աշխատարանների շարքը «Քան» ակադեմիայի հարթակում։ Սա հնարավորություն է տալիս աշակերտներին և ուսուցիչներին ստանալ որակյալ կրթություն անգամ տնային պայմաններում։

ԵՄ ֆինանսավորման շնորհիվ «Քեզ հետ» բարեգործական կազմակերպությունը «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»-ի դասասենյակներից մեկը կահավորել է անհրաժեշտ սարքավորումներով՝ երեխաներին 3D մոդելավորում, համակարգչային գրագիտություն և HTML ծրագրավորում սովորեցնելու համար։ Նրանք շուրջ 90 մասնակցի ապահովել են ժեստերի լեզվի թարգմանությամբ։ Համերաշխության ծրագրի շարունակականությամբ պայմանավորված՝ «Քեզ հետ» ՀԿ-ն ստեղծել է ժեստերի լեզվի օնլայն շտեմարան, որը պարունակում է շուրջ 3000 ժեստ։ Ժեստերի լեզվի շտեմարանը հաստատվել և տարածվել է Մանկավարժահոգեբանական աջակցության տարածաշրջանային կենտրոնի միջոցով՝ հնարավորություն տալով ուսուցիչներին, ծնողներին և լսողական խանգարումներ ունեցող երեխաներին սովորել ամենատարածված և իմաստային նշանակություն ունեցող բառերի ժեստերը։ Այս շտեմարանը կենսական նշանակություն ունի որակյալ կրթության բարելավման և լսողական խանգարումներ ունեցող երեխաներին հետագայում աշխատանքի նախապատրաստելու համար։

«Հայ առաջադեմ երիտասարդներ» ՀԿ-ն Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ մշակել են մի ձեռնարկ, որում ներառված 24 թեմաներից 7-ը նվիրված են զբաղվածության խթանմանը, իսկ 8-ը՝ ձեռնարկատիրությանը։ Ձեռնարկը ստեղծվել է՝ հաշվի առնելով զբաղվածության ոլորտի կարիքներն ու բացերը և նպատակ ունի բարձրացնել պետության և զբաղվածության աջակցության խթանմանն ուղղված քաղհասարակության կազմակերպությունների ծրագրերի արդյունավետությունը։ Ձեռնարկը տրամադրվել է ոչ ֆորմալ կրթության ոլորտի մասնագետներին, պետական կամ ոչ առևտրային կազմակերպությունների մեթոդաբաններին և հասանելի է առցանց տարբերակով ավելի լայն լսարանների համար։ 

«Արմավիր զարգացման կենտրոն» ՀԿ-ն մասնագիտական կրթության դասընթացներ է անցկացրել համաճարակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տուժած խոցելի քաղաքացիների համար։ Դասընթացին և պրակտիկային մասնակցել են շուրջ 55 շահառու։ Երկրորդ նախագծի շրջանակում, «Արմավիր զարգացման կենտրոն» ՀԿ-ն մշակել է հանրային հաշվետվողականության մեխանիզմներ զբաղվածության ծրագրերի համար և արդյունքներն առաջարկությունների հետ միասին ներկայացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ 

«Պահապան» զարգացման հիմնադրամը՝ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի, «Ապագա հոգեբանական կենտրոն» ՀԿ-ի և «Տեղ» հիմնադրամի կոնսորցիումով աջակցել է Տավուշի մարզպետարանի՝ մարզի բնակչության հոգեբանական կայունության բարձրացմանն ուղղված ծրագրին։ Կոնսորցիում կազմակերպությունները տրամադրել են սոցիալ-հոգեբանական աջակցություն Տավուշում՝ Հայաստանի ամենախոցելի մարզերից մեկում։ Այն պարբերաբար ռմբակոծվում է և քաղաքացիները ենթարկվում են դիվերսիոն հարձակումների՝ ստեղծելով վտանգի և մշտական տագնապի մթնոլորտ։ Իրենց իրականացրած աշխատանքի արդյունքերի հիման վրա՝ կոնսորցիում անդամները մշակել են որակյալ, հասանելի սոցիալ-հոգեբանական ծառայությունների մոդել, որը կարող է կիրառվել Հայաստանի բոլոր մարզերում։ Այն նաև աջակցում է շուրջօրյա, անվճար «կանչով հոգեբանների և հոգեբույժների ծառայություն» ստեղծելուն։


Autor: Շուշանիկ Ներսեսյան

Այլ հոդվածներ