Գործընկերություն հանուն Սյունիքի․ ենթադրամաշնորհ համայնքապետարանների համար
Հրապարակվել է 28 փտվ, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 7 րոպե Sdílet: Sdílet článekՀՀ Սյունիքի մարզում կայուն սոցիալական ծառայությունների համակարգը զարգացնելու և կարիքահեն սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով ԵՄ ֆինանսավորմամբ ընթացող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրն աջակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ոլորտային բարեփոխումների իրականացման գործընթացում: Ծրագիրն աջակցում է համայնքային իշխանությունների կողմից տրամադրվող ժամանակավոր դրամական աջակցության և կարճաժամկետ սոցիալական ծառայությունների համակարգից անցմանը դեպի համապարփակ և դիմակայուն համակարգ, որը կհանգեցնի համայնքային սոցիալական ծառայությունների կայունությանը, այդ թվում նաև ֆինանսավորման տեսանկյունից՝ նպաստելով անհավասարության և խոցելիության մակարդակի նվազմանը:
Ելնելով վերոնշյալից՝ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը հայտարարում է «Ֆինանսական աջակցություն երրորդ կողմին» (FSTP) ենթադրամաշնորհային մրցույթ։ Այն նպատակ ունի բարելավելու տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) կարողությունները, ինչպես նաև նպաստելու տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) և մասնավոր հատվածի հետ նրանց համագործակցությունը՝ ի նպաստ համայնքների խոցելի խմբերին տրամադրվող կարիքահեն, նորարար և արդիական սոցիալական ծառայությունների ստեղծմանն ու զարգացմանը։
Ենթադրամաշնորհային մրցույթի հիմնական նպատակն է հնարավորություն տալ Սյունիքի մարզի խոշորացված համայնքներին ստեղծել նոր և/կամ վերանայված կարիքահեն սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգ՝ ըստ ստորև ներկայացված ենթադրամաշնորհի նկարագրի՝ հիմք ընդունելով նաև համայնքային սոցիալական ծրագրերի առաջնահերթությունները։
Ենթադրամաշնորհի նկարագիր․ նոր և/կամ վերանայված սոցիալական ծառայություններ․ ենթադրամաշնորհներ Սյունիքի մարզի խոշորացված համայնքների համար, որոնք նպատակ ունեն կյանքի կոչել ՔՀԿ-ների, ինչպես նաև մասնավոր բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։
Ենթադրամաշնորհային այս ծրագրին կարող են դիմել Սյունիքի մարզի խոշորացված համայնքների համայնքապետարանները։
Սոցիալական ծառայություններ առաջարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել, թե արդյոք տվյալ համայնքում այդ ծառայություններն արդեն արտապատվիրակված չեն պետության կողմից կամ չեն իրականացվում այլ ենթադրամաշնորհային ծրագրերի շրջանակում։
Առանձնահատուկ ուշադրության կարժանանան այն ծրագրերը, որոնց իրականացումը ենթադրում է համայնքապետարանների համագործակցությունը ՔՀԿ-ների, մասնավոր կառույցների, ՊՈԱԿ/ՀՈԱԿ-ների հետ՝ դրանով իսկ ուժեղացնելով վերջիններիս կարողությունները և ապահովելով որակյալ ծառայությունների ստեղծում և բարելավում, ինչպես նաև ֆինանսավորման ավարտից հետո ծառայությունների որակյալ շարունակականության ապահովումը։
Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի այն ծառայություններին՝ որոնք կմատուցվեն գյուղական, սահմանամերձ բնակավայրերում։
Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ առաջարկվող սոցիալական ծառայությունների, գործողությունների կայունությունը՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ ինստիտուցիոնալ տեսանկյունից` հաշվի առնելով, որ դրանք պետք է ունենան կայունության ապահովման հստակ մեխանիզմներ նաև ծրագրի ավարտից հետո:
Ֆինանսական կայունությունը ժամանակի ընթացքում եկամուտներ և շահույթ ստեղծելու և կառավարելու, ֆինանսավորման աղբյուրները դիվերսիֆիկացնելու (սոցիալական ձեռներեցության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, պետական դրամաշնորհների, այլ դոնորների, հովանավորների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ պարտավորություններով և այլ միջոցներով), շահագրգիռ կողմերի հետ ամուր գործընկերային կապերի պահպանման (դոնորների, աջակիցների, կամավորների և շահառուների) և ֆինանսական կառավարման թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման կարողությունն է:
Առաջարկվող ծրագիրը պետք է պարունակի համաներդրում առաջարկվող ծրագրի բյուջեի առնվազն 15 %-ի չափով։
Ծառայությունների շարունակականությունը ապահովելու նպատակով, առաջարկվող ծրագիրը պետք է ներառվի այս և հաջորդ հաշվարկային տարիների համայնքային բյուջեում, որի նպատակով պետք է իրականացվեն հետևյալ գործողությունները՝
1) Ստեղծել կամ ընդլայնել համայնքային ենթակառուցվածք, որը պետք է լինի պետական գրանցված կազմակերպություն։ Վերոնշյալը կլինի նաև պայմանագրային* պահանջ (*Պայմանագրի նմուշը կցված է փաթեթին)
ԿԱՄ
2) Ներկայացնել համայնքի ավագանու կողմից որոշում, ինչպես նաև տեղեկանք համայնքի ղեկավարի կողմից առաջարկվող ծառայությունը/ները համայնքային զարգացման պլաններում ներառման (բացակության դեպքում) և համապատասխանաբար բյուջետային հատկացումների պատրաստակամության մասին։
Ինստիտուցիոնալ կայունությունը ժամանակի ընթացքում կազմակերպական կարողությունները և մշակույթը զարգացնելու և պահպանելու, թիմային հմտությունները, մոտիվացիան և նվիրվածությունը բարձրացնելու և պահպանելու, ինչպես նաև սոցիալական ծառայությունների տրամադրման շարունակական հոսքի և որակի ստանդարտների ապահովման կարողությունն է:
• Կարևոր է նկատի ունենալ, որ առաջարկվող ծրագրային գաղափարը պետք է քննարկվի և հաստատվի համայնքում «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի խոշորացված համայնքներում ստեղծված Սոցիալական Հանձնաժողովների կողմից։
Հայտատուները կարող են ներկայացնել մի քանի առաջարկ/գաղափար, սակայն հաղթող կճանաչվի միայն մեկը: Հայտատուները կարող են դիմել նաև կոնսորցիումով, որը բաղկացած կլինի առնվազն 2 համայնքապետարաններից՝ սոցիալական ծառայությունների համատեղ տրամադրումը և ծախսերի արդյունավետությունը կառավարելու և ապահովելու ռեսուրսների նպատակային օգտագործումը։ Ընտրվելու պարագայում մինչև պայմանագրի կնքումը՝ հայտատուն պետք է ներկայացնի նաև կոնսորցիում գործընկերների միջև կնքված հուշագիրը՝ ներառելով գործողությունների կատարման ժամկետները և պատասխանատուներին։
Ակնկալվում է ֆինանսավորել 2 կամ 3 ենթադրամաշնորհային ծրագիր՝ յուրաքանչյուրը առնվազն 40,000 եւ առավելագույնը 70,000 եվրոյի համարժեք ՀՀ դրամ ֆինանսավորումով։
Ենթադրամաշնորհները տրամադրվելու են բաց մրցույթի միջոցով։
Ոլորտային առաջնահերթություններ
Սյունիքի մարզում առաջարկվող սոցիալական ծառայությունները պետք է համահունչ լինեն համայնքային զարգացմանը, ինչպես նաև համայնքային սոցիալական ծրագրերին և ուղղված լինեն սոցիալական խնդիրների լուծմանը՝ հիմք ընդունելով մարզում իրականացված իրավիճակային վերլուծության արդյունքները և ոլորտային դերակատարների ու շահառուների կողմից ներկայացված կարիքները:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ սոցիալական ծառայությունների տրամադրման առաջնահերթ կարիքներն են.
· Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական, սոցիալ-վերականգնողական, ինքնազբաղվածության, սոցիալական սպասարկման, մասնագիտական խնամքի ծառայություններ ցերեկային կենտրոնում, այդ թվում նաև շարժական ծառայությունների տրամադրման միջոցով:
· Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի կենտրոնների ստեղծում կամ անկախ կյանքին ուղղված ծառայությունների ներդնում։
· «Սոցիալական տաքսի» ծառայության ներդնում, որի նպատակն է՝ խոցելի խմբերի փոխադրման կազմակերպում նրանց անհրաժեշտ սոցիալ-վերականգնողական, սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մշակութային, ինչպես նաև իրավական խորհրդատվության ծառայությունների տրամադրման վայրեր, այդ թվում՝ գյուղական բնակավայրերից դեպի քաղաքային համայնքներ, մարզկենտրոն կամ մայրաքաղաք։ Ծառայությունը ենթադրում է նաև հարմարեցված փոխադրամիջոց և վերապատրաստված անձնակազմ՝ հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատիվ փոխադրումն ապահովելու համար։
· Այլ ծառայություններ, որոնք ուղղված են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված խոցելի խմբերի կարողությունների զարգացմանը, հասարակություն ինտեգրմանը, կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարմանը, ինչպես նաև հիմնավորված են համայնքային կարիքներով։
Ժամանակացույց
• Հայտերի ընդունման մեկնարկ՝ փետրվարի 28, 2025
• Տեղեկատվական հանդիպմներ ՝ մարտի 5, մարտի 11, 2025
• Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 16, ժամը 23։59
• Դրամաշնորհային մրցույթի արդյունքների մասին ծանուցում՝ մարտ 2025
• Դրամաշնորհային պայմանագրերի կնքում` ապրիլ 2025
• Ենթադրամաշնորհի շրջանակում նախատեսված աշխատանքների իրականացման ժամկետ՝ 8ամիս
Նախնական ընտրված թեկնածուների փիթչինգը* և ընտրող հանձնաժողովի այցելությունները* կիրականացվեն ըստ անհրաժեշտության՝ Ընտրող հանձնաժողովի որոշման հիման վրա։
*Փիթչինգը ենթադրում է ծրագրային առաջարկի ներկայացման գործընթացը Ընտրող Հանձնաժողովին և ներառում է դրա համապատասխանության, ազդեցության, իրագործելիության և առաջնահերթություններին համապատասխանելու կարևոր կողմերի ընդգծումը՝ որպես ընտրության գործընթացի մաս։
*Այցելությունների շրջանակում կդիտարկվեն նաև վերանորոգման կամ շինարարական աշխատանքների նպատակայնությունը/ծախսարդյունավետությունը՝ այդպիսիք լինելու պարագայում։
Ընդունելի եւ անթույլատրելի ծախսեր ու գործողություններ
3.1 Ընդունելի ծախսեր
Այս սխեմայի շրջանակում իրավասու գործողությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.
• Կապիտալ ներդրումներ ենթակառուցվածքներում
• Սարքավորումներ կամ տրանսպորտ սոցիալական ծառայությունների զարգացման համար
• Տեխնիկական և կառավարման հմտությունները բարելավելու նպատակով կարողությունների զարգացում՝ հիմք ընդունելով նաև առաջարկվող ծրագրով մատուցվելիք սոցիալական ծառայությունների համար անհրաժեշտ հմտությունների բարելավումը։
• Տեխնիկական անձնակազմի/փորձագետների ներգրավման հետ կապված ծախսեր՝ հատուկ ծառայությունների մատուցման համար
• Անկախ հրավիրված փորձագետների/խորհրդատուների/մենթորների ներգրավում (հիմնավորված լինելու դեպքում)
• Ծախսեր (փոքր ծավալի վերանորոգում կամ շինարարություն)՝ կապված հատուկ կարիքներով մարդկանց (հաշմանդամներ, տարեցներ և այլն) համար մատչելիության ապահովման հետ
• Առաջին տարվա գործառնական ծախսեր
Բոլոր ծախսերը պետք է լինեն հիմնավորված
Ծախսեր, որոնք չեն կարող պահանջվել որպես դրամաշնորհի մաս, բայց կարող են ներառվել որպես հայտատուի համաֆինանսավորում.
• Արտոնագրեր, հավատարմագրում կամ հատուկ թույլտվություններ ստանալու հետ կապված ծախսեր
• Արձանագրությունների վարման և մշտադիտարկման հետ կապված ծախսեր
3.2 Անթույլատրելի ծախսեր
• Պարտքեր և պարտքի սպասարկման վճարներ (տոկոսներ)
• Կորուստների, պարտքերի կամ ապագա հնարավոր պարտավորությունների տրամադրում
• Շահառուի(ների) կողմից հայտարարված և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող մեկ այլ գործողության կամ աշխատանքային ծրագրի կողմից ֆինանսավորվող ծախսեր (ներառյալ Եվրոպական զարգացման հիմնադրամի միջոցով)
• Հողամասերի և շինությունների գնում
• Արտարժույթի փոխարժեքի կորուստներ
• Երրորդ անձանց տրվող վարկեր
• Բացառվող ներդրումներ (բացառությամբ կամավորների աշխատանքի)
• Պետական վարչակազմերի անձնակազմի աշխատավարձի ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ հատուկ պայմաններում և միայն այնքանով, որքանով դրանք վերաբերում են գործունեության արժեքին, որը համապատասխան պետական մարմինը չէր իրականացնի, եթե գործողությունը չձեռնարկվեր
• Անձնակազմի ծախսերում ներառված բոնուսներ
• Բանկերի կամ ֆինանսական այլ հաստատությունների կողմից գանձվող բացասական տոկոսներ
• Ցանկացած անձնական ծախս (օրինակ՝ տեղական կամ միջազգային ճանապարհածախս)
• Անհատական հովանավորություն
• Քաղաքական կամ կրոնական գործունեություն
• Շրջակա միջավայրի համար վնասակար նախագծեր
Գնահատման չափանիշներ
4.1. Հայտերը կընտրվեն ծրագրի շրջանակում ձևավորված Ընտրող Հանձնաժողովի կողմից հայտադիմումների գնահատման և այնուհետև քվեարկության միջոցով՝ ըստ ստորև նշված չափանիշներին տրված կշռի (անցողիկ կշիռ՝ 70 և ավել %) և այնուհետև փիթչինգի և այցելությունների արդյունքների հիման վրա։
Ընտրող Հանձնաժողովը բաղկացած կլինի Ծրագրային թիմի, կոնսոցիում գործընկերների, պետական և տեղական ինքնակառավման մարմինների ներկայացուցիչներից։
Գնահատման տոկոսային բաշխվածության գրաֆիկը ներկայացված է ամբողջական փաթեթում։
4.2. Առաջարկները պետք է.
• Լինեն համապատասխան (պարունակեն հստակ նկարագրություն խնդրի, թիրախ խմբերի կարիքների և դրանց բավարարումը նախատեսող ծառայությունների վերաբերյալ)։
• Lինեն ներառական (նկարագրեն հստակ գործընկերային հարաբերություններ մասնավոր հատվածի և/կամ պետական մարմինների ներկայացուցիչների հետ՝ ծառայությունների մատուցման/ֆինանսավորման մեջ նրանց ներգրավվածության պարտավորությամբ, համայնքի ներգրավվածությունը, գենդերային հավասարությունը և սոցիալական ներառումը)։
• Ներառեն իրագործելիության պլան՝ ենթադրամաշնորհային ծրագրի ավարտից հետո առաջարկվող սոցիալական ծառայությունների կայունությունն ապահովելու համար։
• Լինեն ծախսարդյունավետ և ունենան իրատեսական բյուջե (Value for Money)՝ բյուջեի մանրամասն բացվածքով և գրավոր պարզաբանմամբ։
• Հետևել սոցիալական ոլորտում տրամադրվող ծառայությունների մատուցման գործող իրավական ակտերին և համապատասխան չափորոշիչներին (տես վերևում)։ Այն պարագայում, որտեղ առկա չեն ուղղորդող փաստաթղթեր (վերաբերվում է սոցիալական ոլորտում նոր ծառայություններին), ապա ծրագրերի մեթոդաբանությունը իրականացման նախնական փուլում (4-6 շաբաթ) պետք է համաձայնեցնել ոլորտի դերակատարների/փորձագետների հետ։
5Դիմելու կարգը
Ներկայացնել հայերեն լրացված դիմում-հայտը։
Դիմում-հայտի փաթեթը բաղկացած է․
- Հավելված 1 - Հայտաձև
- Հավելված 2 - Բյուջեի ձեւաչափ
- Հավելված 3 - Համայնքի ավագանու որոշման նախագծի նմուշ-օրինակ, եթե ընտրվել է համապատասխան ֆինանսական կայունության մեխանիզմը։
- Կցել նաեւ Սոցիալական Հանձնաժողովի կողմից տրված տեղեկանք-հավաստումը, ծրագրային թիմում ներգրավված աշխատակազմի ինքնակենսագրականները։
- Փաթեթում առկա են նշված բոլոր հավելվածների նմուշները, ինչպես նաեւ ենթադրամաշնորհային պայմանագրի ձեւաչափը։
Ներբեռնել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Լրացված փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչեւ 2025 թ․ մարտի 16-ը՝ ժամը 23:59-ը՝ grantsarmenia@peopleinneed.net էլեկտրոնային հասցեով։
Հայտերի վերաբերյալ հարցերը գրավոր տեսքով կարող են ուղարկվել մինչև 2025 թ․ մարտի 10-ը՝ ժամը 18:00-ն՝ grantsarmenia@peopleinneed.net էլեկտրոնային հասցեով։
Ենթադրամաշնորհի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումները տեղի կունենան Microsoft Teams հարթակի միջոցով՝ ստորեւ ներկայացված օրերին եւ հղումներով․
• Ս․թ․ մարտի 5, ժամը՝ 16։00, հղումը՝
Meeting ID: 322 992 939 838
Passcode: nB6nY3Aw
• Ս․ թ․ մարտի 11, ժամը 11։00, հղումը՝
Meeting ID: 397 042 881 172
Passcode: gR9FN2YS
Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվելու։
Ենթադրամաշնորհային ծրագրի հայտերի գնահատման և ընտրության գործընթացի կամ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի հետ կապված ցանկացած առաջարկ կամ բողոք կարող եք ներկայացնել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան գրասենյակին՝ crm.armenia@peopleinneed.net էլեկտրոնային հասցեով, կամ կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +374 93 68 88 70։