Հասանելի սոցիալական ծառայություններ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց համար

Հրապարակվել է 16 հլս, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե

Կարիքահեն ու հասանելի սոցիալական ծառայությունները մեծ օգնություն են այն մարդկանց համար, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում։ 2023 թվականից ի վեր Եվրոպական միության աջակցությամբ Սյունիքի մարզում աշխատում ենք սոցիալական ծառայությունների ստեղծման ու փորձարկման ուղղությամբ՝ ներգրավելով պետական ու համայնքային կառույցներին և քաղաքացիական հասարակության դերակատարներին։ Այս նախաձեռնության շնորհիվ Սյունիքի բոլոր յոթ խոշորացված համայնքներում ավելի քան 1000 մարդ արդեն ստանում է անվճար սոցիալական ծառայություն։

«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում համագործակցել ենք ավելի քան 10 տեղական ՀԿ-ի հետ՝ տրամադրելով շուրջ 20 ենթադրամաշնորհ, այդ թվում՝ նաև մարզի չորս համայնքապետարաններին։ Ծրագիրը նպաստում է համայնքներում նոր ծառայությունների ստեղծմանը, կայուն ֆինանսական մեխանիզմների ներդրմանն ու համակարգային փոփոխությանը։ Ստեղծված ծառայությունները ներառում են տնային ու ցերեկային խնամք, Տնային խնամք, ժամանակավոր կացարան, բնակարանային մատչելիություն, սոցիալական տաքսի և ձեռնարկատիրական ծրագրեր։

Հասանելի սոցիալական ծառայություններ՝ կյանքի դժվարին իրավիճակում  հայտնված անձանց համար
© Foto: Շուշանիկ Ներսեսյան

Տնային խնամք միայնակ ապրող տարեցների համար

«Մազերս լյա՞վ ա» – այս հումորով ու ջերմ հարցով է դիմավորում Սեդա տատիկը՝ բացելով տան դուռը։ Նա միայնակ է ապրում բազմաբնակարանային շենքում, և ինչպես շատ տարեցներ, ունի առողջական խնդիրներ, խնամքի ու շփման կարիք։ .  

«Համագործակցության կամար» ՀԿ-ն, որը շուրջ երեք տասնամյակ աշխատում է տարեցների հետ, այսօր մատուցում է տնային և ցերեկային խնամքի ծառայություններ։ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Համագործակցության կամար» ՀԿ-ն կարողացել է բարելավել իր ծառայությունները, անցնել պետական հավաստագրման գործընթացը և դառնալ պետության կողմից պատվիրակված ծառայություն մատուցող։ 

«Համագործակցության կամար» ՀԿ-ի աշխատակիցները պարբերաբար այցելում են համայնքի միայնակ տարեցներին՝ օգնելով ոչ միայն կենցաղային գործերում, այլև բուժքրոջ միջոցով՝ առողջության վերահսկմամբ։ Սոցիալական աշխատողներն օգնում են տան հարցերում, ինչպես նաև գնումներ են կատարում ու հասցնում նրանց։  


Հասմիկ տատը մեզ տեսնելով շտապում է իրենց բակի պարտեզ՝ մեզ նվիրելով իրենց այգու ծաղիկները։ Հասմիկ տատն ապրում է տեսողությունը կորցրած իր ամուսնու հետ։ Նրանք շատ ջերմ ամուսիններ են՝ լի եռանդով, սիրով ու կյանքի հանդեպ սրտացավ վերաբերմունքով։

«Եթե ուզում ես երկար ապրել, պետք է ծերանաս», ժպիտով ժողովրդական մեջբերում է անում Հասմիկ տատը։  

Մանկան երազանք՝ տնային պայմանների հարմարեցում հաշմանդամություն ունեցող երեխաների համար

Սոցիալական ծառայությունների փորձարկման ու նոր մոդելների մշակութային փոփոխության համատեքստում նաև նոր ծառայություն է ստեղծվել Սիսիանում՝ նախատեսված հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Համայնքային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ ընտանիքներ չեն կարողանում ապահովել մատչելի բնակարանային պայմաններ՝ ֆինանսական և կազմակերպչական սահմանափակումների պատճառով։


Այս կարիքի արձագանքով՝ ծրագրի շրջանակում մեկնարկել է «Մանկան երազանք» նախաձեռնությունը՝ Սիսիանի համայնքում։ «Հանրային խորհրդատվության եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արտակ Սարգսյանը նշում է, որ 18 բնակարան դարձվել է մատչելի։ Սա թեթևացրել է ոչ միայն երեխայի, այլ ամբողջ ընտանիքի հոգսը։ Այս ծրագրի իրականացման համար «Հանրային խորհրդատվության եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն սերտ համագործակցել է Սիսիանի համայնքապետարանի, Միասնական սոցիալական ծառայության և տեղական ՀԿ-ների հետ։

Սաթենը, ով օգտվում է սայլակից, այսօր իրենց տանը կարողանում է ազատ տեղաշարժվել։ Նա սովորում է, խաղում և ժամանակ է անցկացնում իր զույգ քրոջ ու տատիկի հետ։ Նրան շատ էին ոգևորել իրենց տան սպասված փոփոխությունները։   


«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում եւ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի համագործակցությամբ։

«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը մաս է կազմում «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության», որը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության հիմնական նպատակը Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթանումն է։ 

Author: Շուշանիկ Ներսեսյան

Այլ հոդվածներ