Աջակցելով մեդիագրագիտության բարձրացմանը՝ համատեղ և շարունակական ջանքերի միջոցով
Հրապարակվել է 22 հնվ, 2026 թ. կարդալու ժամանակը՝ 4 րոպե Sdílet: Sdílet článekՄեդիագրագիտության բարձրացմանն ուղղված աշխատանքներն անշուշտ պահանջում են ամենօրյա և համակարգված ջանքեր՝ թե՛ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, թե՛ պետական և կրթական կառույցների, և թե՛ անհատների կողմից՝ ինքնակամ և շարունակական կրթվելու պատրաստակամությամբ։ Այն առավել քան արդիական է դառնում տեխնոլոգիաների և հատկապես արհեստական բանականության արագ զարգացող այս ժամանակաշրջանում, երբ տեղեկատվության ծավալը և մանիպուլյացիաների ռիսկերը բազմապատկվում են։
Մեր աշխատանքներն առավել արդյունավետ և կայուն դարձնելու նպատակով մենք նույնպես մեդիագրագիտության այս ճանապարհին միավորում ենք մեր ուժերը տարբեր դերակատարների հետ՝ համադրելով «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության երկարամյա և արդյունավետ փորձը՝ ներառյալ տեղական գործընկերների կարողությունների փոխանակմանն ու ամրապնդմանը միտված շարունակական գործողությունները։
Ծրագրի շրջանակն ու հիմնական բաղադրիչները
Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիագրագիտության բարձրացում՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության դերակատարների միջոցով» 20-ամսյա ծրագրի շրջանակում աշխատել ենք 19 տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) հետ՝ տրամադրելով դասընթացների համապարփակ շարք, որը ներառել է մեդիագրագիտության հիմունքներ, արհեստական բանականություն, ռազմավարական հաղորդակցություն, մոնիթորինգ և գնահատում, ծրագրերի մշակման հիմնարար մոտեցումներ, ինչպես նաև ցանցային միջոցառումներ։
Այս համագործակցությունները նպաստել են ոչ միայն կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, այլև ՔՀԿ-ների միջև համագործակցության խթանմանը, գաղափարների փոխանակմանը և համատեղ մտագրոհների իրականացմանը՝ ձևավորելով փոխվստահության և գործընկերության միջավայր։
Ենթադրամաշնորհներ և համայնքային ազդեցություն
Ծրագրի շրջանակում, կարողությունների զարգացմանն ու փորձի փոխանակմանը զուգահեռ, ենթադրամաշնորհներ են տրամադրվել ԿԱՄՔ Լոռվա երիտասարդական ծրագրերի ՀԿ-ին, ՀԵԲԱ սոցիալ-կրթական, երիտասարդական ՀԿ-ին և Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիային՝ Լոռու մարզում մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններ իրականացնելու նպատակով։ Երեք կազմակերպություններն իրենց համայնքներում իրականացրել են մեդիագրագիտության դասընթացների շարք, ինչպես նաև այլ միջոցառումներ՝ ներառյալ OWIS մեթոդաբանությամբ վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ․ԿԱՄՔ Լոռվա երիտասարդական ծրագրերի ՀԿ-ն համայնքի բնակիչների ակտիվ ներգրավմամբ մշակել և թողարկել է մեդիագրագիտության թեմայով բացատրական տեսահոլովակների շարք, իսկ ՀԵԲԱ կազմակերպությունը ստեղծել է կրթական սեղանի խաղ՝ «Մեդիալոտո», որն ուղղված է մեդիագրագիտության թեմաների ինտերակտիվ ու հասանելի ներկայացմանը։
«Ընդհանուր առմամբ այս երեք ենթադրամաշնորհային ծրագրերի շրջանակում իրականացված դասընթացներին մասնակցել են Լոռու մարզի ավելի քան 300 երիտասարդներ, կանայք, տնային տնտեսուհիներ, ուսուցիչներ և տարեցներ։ Դասընթացների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել թվային անվտանգությանը և մեդիաօգտագործման հիգիենային՝ սոցիալական հաշիվների պաշտպանության մեխանիզմներին, տեղեկատվության հավաստիության ստուգման գործիքներին, սենսացիոն վերնագրերով ապատեղեկատվության տարածումից խուսափելու կարևորությանը, ինչպես նաև սոցիալական հարթակներում տարածված կասկածելի «բուժիչ» միջոցների նկատմամբ քննադատական վերաբերմունք ձևավորելուն», նշում է ծրագրի ղեկավար Շուշանիկ Ներսեսյանը՝ հավելելով, որ երկարաժամկետ ազդեցություն ապահովելու համար մեդիագրագիտության ոլորտում իրականացվող նախաձեռնությունները կարևորում են նաև վարքագծային փոփոխությունները։ «Մեր նպատակն է, որպեսզի մարդիկ առօրյա սովորույթ դարձնեն տեղեկատվության աղբյուրների ստուգումը, զերծ մնան ապատեղեկատվության տարածումից և սեփական օրինակով նպաստեն առողջ մեդիա միջավայրի ձևավորմանը իրենց շրջապատում»։
Ծրագրի մասնակիցներից Ռուզաննան նշում է, որ ծրագրի շրջանակում ձեռք բերած գիտելիքները կիրառելի են ոչ միայն իր, այլև իր ընտանիքի համար․ նա հաճախ է զրուցում տատիկի հետ սոցիալական ցանցերի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերի մասին՝ փորձելով ցույց տալ, թե ինչպես կարելի է նվազեցնել բացասական ազդեցությունը և առաջնորդվել վստահելի տեղեկատվությամբ։
«Մեկ աշխարհ դպրոցներում» (OWIS) մեթոդաբանությունը
Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը «Մեկ աշխարհ դպրոցներում» (One World in Schools – OWIS) կրթական մեթոդաբանության կիրառումն է։ OWIS-ը համադրում է քննադատական մտածողության զարգացումն ու քաղաքացիական մասնակցությունը՝ վավերագրական ֆիլմերի ցուցադրման և քննարկման համատեքստում։ Մեթոդաբանությունը նպաստում է երիտասարդների և մեծահասակների մեդիաբովանդակության գիտակցված ընկալմանը և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը։
OWIS-ը մշակվել է 2001 թվականին՝ որպես «One World» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի փառատոնի կրթական բաղադրիչ և այս տարիների ընթացքում կիրառվել է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից աշխարհի 14 երկրում։ Չեխիայի Հանրապետությունում 4000-ից ավելի տարրական ու միջնակարգ դպրոցներ այն հաջողությամբ կիրառում են։
Լսարանային ուսուցումից բացի, OWIS-ը ներառում է նաև մի շարք ինտեգրված նախաձեռնություններ, այդ թվում՝ OWIS ֆիլմի ակումբներ, երիտասարդների կողմից առաջնորդվող համայնքային ծրագրեր, ուսանողական համայնքային առաջնորդների մրցանակներ, քաղաքացիական լրագրության ծրագրեր և փորձնական ընտրություններ։
OWIS-ի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է պաշտոնական կայքում՝ www.jsns.cz։
Ֆիլմերի ցուցադրման իրավունքներ և շարունակականություն
«Մեդիագրագիտության բարձրացում՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության դերակատարների միջոցով» ծրագրի ենթադրամաշնորհառու ԿԱՄՔ, ՀԵԲԱ և Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա կազմակերպությունները ունեն երեք վավերագրական ֆիլմերի՝ «Գաբրիելը հաղորդում է WFC-ի մասին», «Վստահի՛ր ինձ», «Ի՞նչն է ստիպում քեզ քլիք անել» ցուցադրման իրավունքները՝ համապատասխանաբար մինչև 2029 թ․ և վերջին ֆիլմը 2027 թ․, ինչը հնարավորություն է տալիս շարունակել մեդիագրագիտության թեմայով աշխատանքները նաև ծրագրի ավարտից հետո։
Փաստահեն մոտեցում
ՔՀԿ ոլորտի արդյունավետ կոնսոլիդացման ու ծրագրերն առավել հասցեական դարձնելու նպատակով ծրագրի շրջանակում կատարվել է նաև ՔՀԿ-ների հաղորդակցության և նրանց նկատմամբ հանրային վստահության վերաբերյալ պատմույթների ուսումնասիրություն, որը նպատակ ունի համադրելու Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում քննարկումների ու հարցումների արդյունքները՝ բացահայտելու համար, թե ինչպես են ՔՀԿ-ները ընկալում իրենց դերակատարությունը, և ինչպես է այդ ընկալումը արտացոլվում ու երբեմն վերաիմաստավորվում համայնքային էկոհամակարգի մյուս դերակատարների՝ ՏԻՄ-երի, մարզային պետական մարմինների, սոցիալական ծառայությունների, մասնավոր ոլորտի, մեդիայի, ակադեմիական ու փորձագիտական համայնքի ներկայացուցիչների և համայնքի բնակիչների, այդ թվում՝ խոցելի խմբերի կողմից։
Ուսումնասիրությունը հավաքագրել ու վերլուծել է ոչ միայն կարծքիներ, այլ դուրս բերել համակարգային օրինաչափությունները, ուժեղ ու թույլ կողմերը, համագործակցության մեխանիզմների բացերը և «վստահության ճարտարապետության» կառուցակարգերը համայնքներում ու ՔՀԿ-ների համար մշակել առաջարկություններ։