ՔՀԿ ֆորումի ընդլայնված հանդիպում․ քննարկվեցին սոցիալական ինտեգրման համակարգային լուծումները

Հրապարակվել է 07 մյս, 2026 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե

Ապրիլի 22-23-ին կայացավ Սոցիալական ինտեգրման հայաստանյան ՔՀԿ ֆորումի երկրորդ հանդիպումը՝ առաջին անգամ ընդլայնված ձևաչափով, որը մեկ հարթակում համախմբեց ոլորտի առաջատար տեղական և միջազգային կազմակերպություններին։

ՔՀԿ ֆորումի ընդլայնված հանդիպում․ քննարկվեցին սոցիալական ինտեգրման համակարգային լուծումները
© Foto: NGO Forum

Հանդիպման հիմնական թեմատիկ ուղղություններն էին՝

  • Բնակարանային ապահովում
  • Սոցիալական ծառայություններ
  • Տնտեսական ինտեգրում

Հանդիպման ընթացքում ամփոփվեցին Ֆորումի նպատակներն ու իրականացված աշխատանքները, ներկայացվեցին նոր անդամ կազմակերպությունների գործունեությունն ու տեսլականը, քննարկվեցին համագործակցության հնարավոր ձևաչափերը, ինչպես նաև անցկացվեց թեմատիկ աշխատարան՝ ուղղված նոր առաջարկների մշակմանը և համատեղ գործողությունների նախաձեռնմանը։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց 2023թ․ բռնի տեղահանված արցախցիների ինտեգրման հիմնախնդիրներին։ Քննարկվեցին տվյալահեն և համակարգային լուծումների ձևավորման հնարավորությունները։

Հանդիպման ավարտին մասնակիցները վերահաստատեցին ՔՀԿ ֆորումի առաջնահերթությունները և նախանշեցին հետագա քայլերը՝ ուղղված Հայաստանում սոցիալական ինտեգրման և տնտեսական ներառման գործընթացների ամրապնդմանը։

Սոցիալական ինտեգրման հայաստանյան ՔՀԿ ֆորումը հիմնադրվել է 11 տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների կողմից՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած սոցիալական մարտահրավերներին։

2025թ․ վերջին Ֆորումին միացել է ևս 9 կազմակերպություն, որոնցից երկուսը հիմնադրվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կողմից՝ ամրապնդելով Ֆորումի ներառականությունն ու ներկայացուցչականությունը։

Ֆորումի տեսլականը

Ձևավորել անվտանգ, աջակցող և դիմակայուն հասարակություն Հայաստանում, որտեղ մարդիկ ունեն ինքնաբավ և արժանապատիվ կյանքի հնարավորություն։

Ֆորումի առաքելությունը

Ստեղծել համագործակցության հարթակ, որը համախմբում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ խթանելով սոցիալական արդարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և անդամ կազմակերպությունների կարողությունների զարգացումը։

Ֆորումը միավորում է այն կազմակերպություններին, որոնք աշխատում են փախստականների և տեղական խոցելի խմբերի հետ՝ հետևյալ ուղղություններով․

  • Հումանիտար աջակցություն
  • Սոցիալական ինտեգրում
  • Տնտեսական ակտիվացում

Հանդիպումը կազմակերպվել է «Հայկական Կարիտասի» կողմից՝ «Three4ResilientArmenia» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Հայկական Կարիտասի», «ԻՐԻՍ» բիզնես ինկուբատոր հիմնադրամի և «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։

Author: ՔՀԿ ֆորում

Այլ հոդվածներ