«Չգիտեի որտեղից սկսել․․․»
Հրապարակվել է 29 հոկ, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե Sdílet: Sdílet článekԷմմայի* [անունը փոխված է - խմբ] ընտանիքը բազմաթիվ դժվարությունների միջով է անցել․ հեշտ չէ նաեւ այսօր՝ ամուսնու եւ սկեսրոջ մահից հետո։ Էմման համապարփակ սոցիալական աշխատանքի ու մի շարք ծառայությունների շնորհիվ այժմ կարողանում է ինքնուրույն կազմակերպել իր ընտանիքի առօրյան՝ տեղեկացված լինելով թե՛ իր իրավունքների, թե՛ հասանելի սոցիալական ծառայությունների ու պետական աջակցությունների մասին։

Չորս անչափահաս երեխաներն ընդգրկվել են «Գորիսի նոր սերունդ» ՀԿ-ի «Երեխաների ցերեկային խնամքի կենտրոնում»։ Կենտրոնը «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ տրամադրում է տարբեր ծառայություններ, այդ թվում՝ արտթերապևտիկ և հոգեբանական աջակցություն, ինչպես նաև բժշկական հետազոտություններ, խորհրդատվություն և բուժում։ Ցերեկային խնամքի կենտրոնը իրականացնում է նաև դասընթացներ թե՛ ծնողների, թե՛ երեխաների համար։ Բազմաթիվ ծնողների համար անցկացվել են դրական ծնողավարման, տնտեսավարման և կենցաղավարման թեմաներով դասընթացներ։
Էմմայի ընտանիքը մեկն է այն 36 ընտանիքներից, որոնց հետ աշխատել և համապարփակ աջակցություն է ցուցաբերել «Գորիսի նոր սերունդ» ՀԿ-ն։ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում «Գորիսի նոր սերունդ» ՀԿ-ն, համագործակցելով միասնական սոցիալական ծառայության և համայնքապետարանի հետ, Գորիսում, Քարահունջում, Խնձորեսկում և Հարթաշենում աջակցել է 3-18 տարեկան 60 երեխաների և նրանց ընտանիքներին։
«Գորիսի նոր սերունդ» ՀԿ-ի սոցիալական աշխատողի տնայցերի միջոցով առաջնահերթ աջակցություն է ցուցաբերվել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին ու երեխաներին։ Նրանց թվում են տեղացի և տեղահանված երեխաներ հաշմանդամությամբ կամ զարգացման հապաղումներով, սոցիալ-հոգեբանական աջակցության կարիք ունեցող երեխաներ և նրանց ընտանիքներ, սոցիալ-վերականգնողական աջակցության կարիք ունեցող երեխաներ, ինչպես նաև ծնողազուրկ կամ ամուսնալուծված ընտանիքների երեխաներ։
«Գորիսի նոր սերունդ» ՀԿ-ի ջանքերը չեն սահմանափակվել միայն մեկ ծրագրի իրականացմամբ։ Կազմակերպությունը, ներգրավելով այլ ֆինանսական հնարավորություններ «Տավուշ» հիմնադրամի միջոցով, կարողացել է վերանորոգել Էմմայի ընտանիքի բնակարանը և մինչև շինարարական աշխատանքների ավարտը նրանց համար ժամանակավոր կացարան ապահովել։
Համատեղ ջանքերի շնորհիվ այժմ երեխաները առողջ ու անվտանգ միջավայրում են՝ օգտվելով առողջության, անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքից։
«Գլուխս խառնվել էր, ես արդեն չգիտեի որտեղից սկսեմ ու ինչ անեմ, իսկ ում դիմում էի մեղադրում կամ ծաղրում էին ինձ ու երեխաներիս», - նշում է Էմման ու արցունքները կուլ տալով լռում, ապա ավելացնում, որ «Գորիսի նոր սերունդ» ՀԿ-ի թիմի հետ ծանոթացումը ու տարված աշխատանքները շատ են օգնել ընտանիքին արժանապատիվ կյանք վերակառուցել։
ԵՄ ֆինանսավորմամբ ընթացող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՀՀ ԱՍՀ, ՏԿԵ նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի և մարզի բոլոր համայքապետարանների հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագրի շնորհիվ Սյունիքի մարզի ավելի քան 10 տեղական ՀԿ՝ դրամաշնորհների և համայնքային համաֆինանսավորման օգնությամբ ստեղծել են անվճար սոցիալական ծառայություններ Սիսիան, Տեղ, Գորիս, Տաթև, Կապան, Քաջարան և Մեղրի համայնքներում։ Ընդհանուր առմամբ, Սյունիքի մարզի 1000-ից ավելի բնակիչ օգտվել են այս ծառայություններից։
«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը միտված է աջակցելու ինչպես տեղական ՀԿ-ներին՝ համայնքներում սոցիալական ծառայությունների ներդրմամբ կամ բարելավմամբ, այնպես էլ նրանց կարողությունների զարգացմամբ ու փորձի փոխանակմամբ։ Ծրագրի շնորհիվ «Գորիսի նոր սերունդ» ՀԿ-ն, «Գործընկերություն և ուսուցում», «Համագործակցության կամար» ՀԿ-ները և «Ներառում Հայաստան» կրթական ու սոցիալ-իրավական ՀԿ-ն, հավաստագրվել են խնամքի ծառայություններ իրականացնելու նպատակով, որի արդյունքում էլ հանդիսանում են պետական դրամաշնորհային ծրագրերի պատվիրակ իրենց համայնքներում։
«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը մաս է կազմում «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության», որը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է` ուղղված Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
 
                                     
                                    