Աշխատանքի հնարավորություններ՝ հայ մայրերի համար

Հրապարակվել է 10 օգս, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
Աշխատանքի հնարավորություններ՝ հայ մայրերի համար
© Foto: Թերեզա Հրոնովա

38-ամյա Սիլվարդ Հունանյանը երեք երեխաների մայր է։ Ապրում են Վանաձորում։ Նրա որդին՝ Վարդանը, ծնվել է ուղեղային կաթվածով, և չնայած Սիլվարդի ընտանիքն օգնում է նրան, միևնույն է 16-ամյա երեխային հիմնականում նա է խնամում։ «Վարդանն առաջին անգամ քայլել է 8 տարեկանում: Հիմա նա 16 տարեկան է, բայց դեռ չի խոսում: Վարդանն ինքնուրույն չի ուտում, ինքնուրույն չի հագնվում», նշում է Սիլվարդը։ Սիլվարդը սովորելու կամ աշխատելու հնարավորություն չի ունեցել: Երբ «Մասնագիտություն՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի hամար» ծրագրի շրջանակում նրան հրավիրեցին մասնակցելու մատնահարդարի դասընթացների, նա անմիջապես համաձայնեց։ Մատնահարդարի դասընթացները կազմակերպել էր «Հայ մայրեր» հասարակական կազմակերպությունը (ՀԿ)՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից ընթացող և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում։

«Հայ մայրեր» ՀԿ-ն փորձում է կոտրել այն կարծրատիպը, որ հատկապես այն կանայք, ովքեր խնամում են հաշմանդամություն ունեցող երեխաներին, ի վիճակի չեն երեխաների խնամքից բացի այլ աշխատանք կատարել։ Այս ծրագրի շրջանակում 20 հայ կին մասնագիտական ուսուցում է ստացել: Նրանք հաճախել են վարսահարդարման կամ մատնահարդարման չորսամսյա դասընթացների և վերապատրաստվել տեղի առաջատար մասնագետների կողմից: Նրանց տրամադրվել է գիտելիք, մասնագիտական գործիքներ ու անհրաժեշտ նյութեր հաճախորդներին սպասարկելու համար, բացի այդ, սովորել են նաև «Սոցիալական մեդիա և մարքեթինգ»՝ տրամադրվող ծառայությունները սոցիալական հարթակներում ճիշտ ներկայացնելու համար: Դասընթացները մայրերին հնարավորություն տվեցին աշխատել տանից, ինչը հատկապես կարևոր դարձավ COVID-19 համավարակի ժամանակ:

Սիլվարդը նշում է, - «Ես մատնահարդարում եմ սովորել․ իսկապես սիրում եմ այդ աշխատանքը: Կարևոր է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը կարողանան աշխատել, քանի որ դա հնարավորություն է տալիս որոշ ժամանակ հատկացնենք ինքներս մեզ։ Ես կարող եմ ունենալ իմ բիզնեսը և ֆինանսապես օգնել ընտանիքիս։ Մինչ այժմ միայն ամուսինս էր աշխատում․ բանջարեղենի վաճառքով է զբաղվում։ Ես աշխատասեր եմ և հավակնոտ, ինձ պարզապես ուղղություն և աջակցություն է պետք, որպեսզի կարողանամ առաջ շարժվել և դառնալ լավ մասնագետ»։

«Ես ուզում եմ իմ սեփական սրահն ունենալ, այնպես որ մյուս մայրերը կարողանան սովորել և աշխատել ինձ հետ և եկամուտ վաստակել իրենց ընտանիքների համար: Հիմա նրանք ինձ պես տանն են, ոչ թե այն պատճառով, որ նպատակներ չունեն, այլ որ խնամքի կարիք ունեցող երեխաներ ունեն և չունեն ժամանակ», - ավելացրեց նա:

«Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ն մեկն է այն կազմակերպություններից, որն աջակցություն է ստացել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է հաղթահարել համավարակի բացասական հետևանքներն ու խոցելի խմբերի շրջանում նպաստել սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից մի շարք երկրներում՝ այդ թվում Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի (NHC) ու AFEW International-ի հետ համագործակցությամբ։ 



Autor: Tereza Hronova