«Ապահով» զարգացման կենտրոն Քաջարանում՝ երեխաների ներառական աջակցութուն
Հրապարակվել է 20 հնս, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե Sdílet: Sdílet článekՔաջարանում հիմնվել է երեխաների զարգացման նոր համալիր կենտրոն, որը տրամադրում է սոցիալ-հոգեբանական ու մասնագիտական այլ ծառայություններ։
Սյունիքի մարզում սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավումը շարունակում է մնալ մեր առաջնահերթություններից մեկը։ Այս նպատակով մենք համագործակցում ենք քաղաքացիական հասարակության, Սյունիքի մարզպետարանի, համայնքապետարանների, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունների հետ՝ ներդնելով կայուն ու համայնքահեն սոցիալական ծառայությունների տրամադրման մոդելներ։
Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում 2023 թվականից աշխատում ենք տասից ավելի տեղական հասարակական կազմակերպությունների եւ բոլոր յոթ համայնքապետարանների հետ՝ նպաստելով սոցիալական ծառայությունների ստեղծմանը, բարելավմանը ու դրանց կայուն ֆինանսավորման մեխանիզմների ձեւավորմանը։ Այս համագործակցության արդյունքում Սյունիքի մարզում սոցիալական տարբեր ծառայություններից արդեն օգտվում է ավելի քան 1000 բնակիչ։
Սոցիալական նոր ծառայություն Քաջարանում
Ծրագրի շուրջ 20 նախաձեռնություններից մեկը՝ «Ներառում Հայաստան» կրթական և սոցիալ-իրավական հասարակական կազմակերպությունը Քաջարանի Ձագիկավան բնակավայրում հիմնել է «Ապահով» երեխաների զարգացման համալիր կենտրոնը։ Այն նախատեսված է 1,5-ից 18 տարեկան՝ ներառյալ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար։
Կենտրոնում աշխատում է մասնագիտացված կազմ՝ հատուկ հոգեբան, մանկավարժ, լոգոպեդ ու սոցիալական աշխատող և ապահովում են սոցիալ-հոգեբանական, վարքային, սոցիալ-հուզական և լոգոպեդի անվճար ծառայություններ։ Երեխաների աջակցությանը զուգահեռ՝ ծնողների համար կազմակերպվում են ծնողավարման դասընթացներ, ինչը նպաստում է համայնքում երեխաների աջակցության կայուն համակարգի ձևավորմանը։
Ժիր ու ուժեղ Հայկի պատմությունը
Հայկը, ում երեք տարին դեռ չի լրացրել, ծնվել է քիմքի և վերին շրթունքի ճեղքվածքով։ Նրա մայրը՝ Արմինեն, հղիության յոթերորդ ամսում իմացել է երեխայի առողջական խնդրի մասին և ոչ մի րոպե չի երկմտել՝ որոշելով լույս աշխարհ բերել իր երրորդ երեխային։
Վեց ամսականից սկսած մինչև այժմ Հայկը տարբեր վիրահատությունների է ենթարկվել։ Արմինեն նշում է․ «Հայկը ուժեղ է, ես՝ նույնպես։ Հիմա, երբ արդյունքներն առավել հիմնավոր են, ինձ համար շատ ավելի հեշտ է։ Սկզբում շատ դժվար էր, քանի որ չկար տեսանելի առաջընթաց»։
Իմանալով Քաջարան խոշորացված համայքնումնորաբաց կենտրոնի մասին Արմինեն շատ է ուրախացել ու սկսել է Հայկի հետ այս կենտրոն հաճախել Լեռնաձորից։ Հայկի հետ անհատական աշխատանք են կատարում կենտրոնի հոգեբանը և լոգոպեդը։ Չնայած դասերը երբեմն բաց են թողնում վիրահատությունների պատճառով, Արմինեն վստահեցնում է, որ անգամ մի քանի սեանսից հետո նկատելի են եղել դրական փոփոխությունները․ Հայկը դարձել է ավելի հանգիստ և հեշտ հաղորդակցվող։
Համայնքային ազդեցություն
Ծնողական համայնքը բարձր է գնահատում համայնքում նման ծառայության առկայությունը։ Նախկինում նրանք ստիպված էին Քաջարանից հասնել Կապան՝ իրենց երեխաների համար անհրաժեշտ ծառայությունների համար։ Կենտրոնը առավել ակտիվ գրաֆիկով գործում է հանգստյան օրերին՝ չխանգարելու համար դպրոցական դասերին։
«Նախքան կենտրոնի գործարկումը մենք համայնքի կարիքի գնահատում ենք կատարել ու բացահայտել, որ Քաջարանում այս ծառայության առկայությունը մեծ պահանջարկ ունի», նշում է «Ներառում Հայաստան» կրթական և սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության նախագահ Սյուզաննա Պետրոսյանը։ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շնորհիվ մենք կարողացանք կարիքի վրա հիմնված այս ծառայությունը հասանելի դարձնել համայնքում՝ նախևառաջ նաև Քաջարանի համայնքապետարանի աջակցության շնորհիվ, իսկ երկարատև շարունակականության նպատակով միևնույն ծրագրի օգնությամբ այժմ պետական հավաստագրման գործընթացի մեջ ենք, որը հետագայում մեզ թույլ կտա լինել պետության գործընկերը ու պետական սոցիալական ծառայությունների մատակարարը», նշում է Սյուզաննան։ «Ներառում Հայաստան» ՀԿ-ն նաև ակտիվ ֆոնդհայթայթման փուլում է, որպեսզի լրացուցիչ ռեսուրսների ներգրավման շնորհիվ ավելի լայն շրջանակների համար ծառայությունները հասանելի դարձնի, քանի որ վաղ ախտորոշումն ու միջամտությունը, հատկապես մինչև երեք տարեկանում, կարող են էականորեն նպաստել երեխայի լիարժեք զարգացմանը և հետագա արդյունավետներառմանը կրթական ու սոցիալական միջավայրում։
«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում եւ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի համագործակցությամբ։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը համահունչ տեղական զարգացման առաջնահերթություններին: Նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 150 մլն. եվրո, այն կարող է հետագայում ավելանալ