Սոցիալ-հոգեբանական աջակցություն համաճարակի և պատերազմի հետևանքով տուժածներին
Հրապարակվել է 10 մյս, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպեՔովիդ-19 համաճարակը միանգամայն փոխեց իրականության ընկալումները։ Մարդիկ վախենում էին նրա հետևանքներից և սկսեցին երկարաժամկետ նպատակներ չդնել իրենց առջև։ Սա հանգեցրեց մի շարք սոցիալ-հոգեբանական խնդիրների թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների շրջանում։ Հայաստանում այս խնդիրն էլ ավելի սրվեց և դարձավ անհաղթահարելի 2020 թվականի Ղարաբաղյան հակամարտության պայմաններում։
Մարդիկ հոգեբանական աջակցության խիստ կարիք ունեին, որպեսզի կարողանային հաղթահարել համաճարակի և պատերազմի բացասական հետևանքները։ Խոցելի խմբերի շրջանում սոցիալ-տնտեսական դիմակայունությանը նպաստելու նպատակով՝ Պահապան զարգացման հիմնադրամը, Քովիդ-19 համերաշխության ծրագրի շրջանակում, իրականացրել է «Տավուշի մարզում Քովիդ-19 համաճարակի և պատերազմի հետևանքով տուժած խոցելի քաղաքացիներին հոգեբանական աջակցության համակարգի ստեղծում» ծրագիրը, որը իրականություն է դարձել Եվրոպական միության ֆինասավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ջանքերով։
Այս ծրագիրն իրականացվել է Տավուշի մարզում, քանի որ այն Հայաստանի ամենախոցելի շրջաններից է և պարբերաբար ենթարկվում է հրակոծությունների և հարձակումների, ինչը անհանգստության և վախի մթնոլորտ է ստեղծում խաղաղ բնակչության շրջանում։ Ճգնաժամային կառավարման այս ծրագրի իրականացման համար Պահապան զարգացման հիմնադրամը միավորել է «Հույսի կամուրջ», «Ապագա» հոգեբանական կենտրոնի և «Տեղ» հիմնադրամի համատեղ ջանքերը։
Ծրագրի արդյունքում Տավուշի մարզի շուրջ 2300 շահառու ստացել է սոցիալ-հոգեբանական աջակցություն: Մասնավորապես՝ պատերազմից տուժած շուրջ 1940 մեծահասակ ստացել է սոցիալ-հոգեբանական աջակցություն և ուղղորդում, 249 դպրոցահասակ և հաշմանդամություն ունեցող երեխա ստացել է հոգեբանական աջակցություն, իսկ շուրջ 60 հոգեբան և 22 ուսուցիչ անցել են վերապատրաստում և մենթորություն։
Պահապան զարգացման հիմնադրամի ղեկավար Ինգա Հարությունյանը նշում է, որ այս ծրագիրը մեծ քայլ է Հայաստանում սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման համակարգի իրականացման համար». նա վստահ է, որ այն կարող է կիրառվել ոչ միայն Տավուշում, այլ նաև Հայաստանի մյուս մարզերում։
Հոգեբանական դասընթացները մեծ աջակցություն էին Հայաստանի սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաների համար, քանի որ նրանք կարող էին արտահայտել իրենց հույզերը, զգացողությունները և անհանգստությունները սենյակային և բակային խաղերի միջոցով։
«Տեղ» հոգեբանական և մշակութային կապի հիմնադրամի համահիմնադիր, կլինիկական հոգեբան Նարե Գրիգորյանը նշում է, որ երեխաների համար հաճելի էր մասնակցել այդ բոլոր հոգեբանական սեսիաներին, քանի որ նրանք սովորեցին՝ ինչ է վախը և կարողացան ինքնուրույն լուծումներ գտնել դրանք հաղթահարելու համար։ «Երեխաները խումբ-խումբ հեքիաթներ էին գրել և դրանց հիման վրա երգ էին հորինել։ Մենք հնչյունային էֆեկտներով ստեղծել ենք դրա ռեմիքս տարբերակը», ասում է Նարեն։ Ծրագրի շրջանակում «Տեղ» հիմնադրամը կազմակերպել էր երեխաների աշխատանքների ցուցադրություն՝ քաջալերելով երեխաներին իրենց տաղանդն ու դասընթացների արդյուքնում ձեռք բերած հաջողությունները ցույց տալու համար։
Ընդհանուր առմամբ, սոցիալ-հոգեբանական և կրթական աջակցությունն ու ծառայությունները, դասընթացները, վերահսկողությունն ու մենթորությունը Տավուշի մարզում Քովիդ-19 համաճարակի և 2020 թվականի հակամարտության հետևանքերը հաղթահարելու միջոցներ էին և միևնույն ժամանակ, նրանք կիրառելի են Հայաստանի այլ մարզերում ևս։