Էկոլոգիապես մաքուր վառելանյութի աջակցություն Եվրոպական միության կողմից այս տարի Գեղարքունիքի մարզում

Հրապարակվել է 06 մրտ, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 4 րոպե

Իրինայի տուն մտնելիս` առաջինը երեխաների պսպղուն աչքերն ու ջերմ ժպիտներն էին, որ միանգամից ուշադրություն գրավեցին, այնուհետև պատին փակցված «Արցախցի ինելը ծանր ա, բայց պատիվ ա․․․» գրությունը։ 

Էկոլոգիապես մաքուր վառելանյութի աջակցություն Եվրոպական միության կողմից այս տարի Գեղարքունիքի մարզում
© Foto: Էլմա Վարդանյան

Գրեթե երկու տարի է անցել 2023 թվականի տեղահանությունից հետո․ մարդիկ շարունակում են անցնել դժվարությունների միջով և շարունակ կարոտել հեռվում թողած տունն ու անցյալի վառ հուշերը։ Այդ դժվարություններն առավել շոշափելի են դառնում ձմռան առաջ բերած բարդություններին զուգահեռ։ Հատկապես Գեղարքունիքի մարզում, որտեղ ձմեռը խստաշունչ է ու երկարատև, մարդիկ ստիպված են նաև հոգալ ջեռուցման մասին։ Այդ նպատակով, Եվրոպական միության եւ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի SOS Հայաստան ֆոնդհայթայթման շնորհիվ՝ Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում տրամադրել ենք 305 տոննա էկոլոգիապես մաքուր վառելանյութ՝ ընդգրկելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված եւ հյուրընկալող համայնքի 305 ընտանիքի։  

Հեռվում թողած Աստղաշենն ու Իրինայի չմարող լավատեսությունը

Իրինայի բազմանդամ ընտանիքը մեկն է հարյուրավորներից, որն ընդգրկվել է էկոլոգիապես մաքուր վառելանյութի՝ բրիկետի աջակցության ծրագրում։ «Ուրախությանս չափ ու սահման չկար, երբ մեզ վրա զանգեցին «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունից և ասացին, որ ուզում են օգնել վառելափայտով», - ասում է Իրինան։ Ապրում են Ճամբարակ համայնքում և չնայած սահմանամերձ լինելուն՝ սիրով են վերաբնակվել և հարմարվել տեղի միջավայրին։ «Եթե կարողանանք մեր սեփական տունն ունենալ, կրկին կուզեմ Ճամբարակ համայնքում լինի», - նշում է Իրինան և չնայած տան պայմանները նույնը չեն, ինչ Լեռնային Ղարաբաղի Աստղաշեն գյուղում, սակայն Իրինան շնորհակալ է, որ գլխին տանիք ունի և համայնքի բնակիչներից մեկը տունն անհատույց է տրամադրել։  


Տեղահանվելուց հետո չեն հանձնվել․ փորձել են աշխատանք գտնել համայնքում՝ թեկուզ չնչին աշխատավարձով։ Դրան զուգահեռ սկսել են զբաղվել ոչխարաբուծությամբ, քանի որ տեղանքը բարենպաստ է, իսկ Իրինան այս ընթացքում հասցրել է նաև սովորել մատնահարդարություն։ «Ճիշտ ա դժվարությունների առաջ էլ ենք կանգնում, դե բայց նենց ենք անում, որ հաղթահարենք հանուն մեր երեխաների, որ կարողանանք նորից ոտքի կանգնենք ու ապրենք», - ասում է Իրինան։ «Իմ ամենամեծ երազանքս էն ա, որ մեր բարբառը միշտ ինի» և ավելացնում, որ հանուն իր երկրի շարունակելու է ապրել Հայաստանում ու ստեղծել լավը։  

Գենադիի անցած ճանապարհն ու սերը դեպի բնությունը 

Պատկերը մի փոքր այլ է 70-ամյա Գենադիի դեպքում։ Մասնագիտությամբ բժիշկ է և տեղահանության օրը զինվորական հիվանդանոցում աշխատանքի է եղել․ չի հասցրել անգամ տուն գնալ որևէ իր վերցնելու համար։ Ամեն ինչ թողնելով Լեռնային Ղարաբաղում՝ տեղափոխվել է Հայաստան և կրկին բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզում։


Ասում է․ «Ժենգյալով հաց կպատրաստեմ ու կթխեմ վառարանի վրա՝ օգտագործելով ձեր տրամադրած բրիկետները։ Շատ լավ տաքացնում ա․ սկզբում մտածում էի նույն ձև չի տաքացնի, ինչ փայտը, բայց շատ էլ լավ տաքացնում ա, դեռ ճաշս էլ դնում եմ վրան, պատրաստում»։

Գենադիի կինը 93 թվականին է մահացել և այդ ժամանակից ի վեր միայնակ է զբաղվել որդու խնամքով։ Կարոտում է․ «Երանի՜ թե բոլորն էլ իմ կնոջ նման լինեին», - ասում է Գենադին թախծոտ ժպիտով։

Որդին պատերազմի մասնակից է և, ցավոք, վնասվածքներ է ստացել, որոնք մեծ դժվարությունների են հանգեցնում առօրյա կյանքում։ Սակայն Գենադին չի դժգոհում և հույսը չի կոցնում․ հասցրել է ուսումնասիրել Գեղարքունիքի մարզի բնությունը, ծանոթանալ բուժիչ խոտաբույսերին ու ծաղիկներին, ինչպես նաև փոքր տարրաների մեջ կանաչիներ տնկել՝ այդ թվում ղարաբաղյան Ժենգյալով հացի համար անհրաժեշտ «թրթնջուկը»։ 



Նունեի անկատար երազանքներն ու վարդենիսյան նոր իրականությունը  

«Երբևէ թե կվերադառնանք Արցախ՝ ես էլ չգիտեմ…», - ասում է Նունեն, ով կարոտով է հիշում Լեռնային Ղարաբաղում թողած տունը, նկարչության դասասենյակը, հարազատ միջավայրը, որոնք մեկ ակնթարթում վերածվեցին հիշողությունների։

Նունեն այսօր ապրում է Վարդենիս համայնքում՝ ընտանիքի հետ միասին։ Մեծ սիրով շարունակում է աշխատել երեխաների հետ և նոր ուժ գտնել առաջ շարժվելու համար։ Պատմում է որդու երազանքների մասին, ով Լեռնային Ղարաբաղում թենիսի էր հաճախում և ցանկանում մարզիչ դառնալ՝ իր նման շատ երեխաներին հնարավորություն տալով մարզվել։ Երազանքն անկատար է մնացել տեղահանության հետևանքով, իսկ այժմ Վարդենիս համայնքում հնարավորություններն այնքան էլ շատ չեն։ Միևնույն ժամանակ Ղարաբաղում դհոլի էր հաճախում և չնայած տեղահանությանը՝ Էդգարը կարողացել է սիրելի դհոլն իր հետ Վարդենիս բերել։ Հուսով են, որ մի օր կրկին Էդգարը կգնա իր երզանքի հետևից։ 

Ինչպես Նունեն է նշում՝ Վարդենիսում ձմեռը շատ երկար է տևում և իր համար կարևոր է, որ մայրն ու որդին չմրսեն․ «Ես իմ մասին չեմ մտածում, կարևորն իրենք չհիվանդանան» և ժպիտով ավելացնում, որ տրամադրած վառելանյութը մեծ օգնություն է վարդենիսյան ցուրտ ձմռանը դիմակայելու և տունը ջերմացնելու համար։  

Էկոլոգիապես մաքուր վառելանյութի աջակցությունը Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հումանիտար աջակցություն՝ հակամարտությունից տուժած խոցելի անձանց համար» ծրագրի բաղադրիչներից մեկն է։ Ծրագրի շրջանակում «Աշխարհի բժիշկներ» և «Առաքելություն Հայաստան» գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ ջանքերով տրամադրում ենք առողջապահության, սոցիալ-հոգեբանական, ինչպես նաև բազմակի օգտագործման դրամական կտրոնների և ձմեռացման պարագաների օգնության տեսակներ՝ աջակցելով 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած, ինչպես նաև հյուրընկալող համայնքների ավելի քան 23,000 անհատների։

Այս տարի 305 տոննա Էկոլոգիապես մաքուր վառելանյութը տրամադրվել է Գեղարքունիքի մարզի 305 ընտանիքի, որոնցից 240 ընտանիքին տրամադրված աջակցությունը Եվրոպական միության ֆինանսավորման, իսկ 65 ընտանիքինը՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «SOS Հայաստան» ֆոնդհայթայթման շնորհիվ։ 

Մինչդեռ ծրագրի առաջին փուլում՝ 2023-2024թթ ձմռանը վառելիքի աջակցություն ենք տրամադրել շուրջ 750 ընտանիքի՝ ընդգրկելով Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Վայող ձորի մարզերը։  

Author: Էլմա Վարդանյան

Այլ հոդվածներ