Աջակցությունից դեպի ինքնուրույնություն. սեփական տնտեսության կառուցումը զրոյից

Հրապարակվել է 29 մյս, 2026 թ. Կարդալու ժամանակը՝ 3 րոպե

2023 թվականին Լեռնային Ղարաբաղի տեղահանությունից հետո Մհերի ընտանիքը, ինչպես հազարավոր այլ ընտանիքներ, ստիպված են ամեն ինչ սկսել զրոյից։ Այսօր, արդեն Արարատի մարզում, նրանք մշակում են 14 հեկտար հող և աստիճանաբար ընդլայնում իրենց տնտեսությունը։

Աջակցությունից դեպի ինքնուրույնություն. սեփական տնտեսության կառուցումը զրոյից
© Foto: Շուշանիկ Ներսեսյան

Մհերն իր կնոջ, երկու երեխաների և հոր հետ Ստեփանակերտից տեղափոխվել է Արարատի մարզի Բյուրավան գյուղ։ Թեև ընտանիքը փորձել էր Լեռնային Ղարաբաղից տեղափոխել նաև իրենց բեռնատար մեքենան, սակայն մի քանի օր տևած ծանր ճանապարհին մեքենան փչացել է, և ստիպված թողել են ճանապարհին։

Եկամուտ ապահովելու համար, անցյալ տարի, նրանք 2 հեկտար հող էին վարձակալել և ձմերուկ աճեցրել։ Աշխատանքն արդարացվել էր ու Մհերի ընտանիքին վստահություն տվել։ Այս տարի, արդեն «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի տրամադրած մոտոբլոկ տեխնիկայի աջակցությամբ, ընտանիքը 14 հեկտար հող է վարձակալել և սկսել ելակի, ձմերուկի, սեխի և լոլիկի մշակությունը։


Մոտոբլոկի շնորհիվ հողի մշակումը դարձել է ավելի հեշտ և ծախսարդյունավետ։ Ընտանիքն այժմ կարողանում է խնայել աշխատուժի և տեխնիկայի վարձակալության ծախսերը՝ այդ միջոցներն ուղղելով տնտեսության ընդլայնմանը։

«Այս տարի արդեն մեկ անգամ հավաքել ենք ելակի բերքը․ շուրջ 200 տարա վաճառք ենք իրականացրել», — հպարտությամբ պատմում է Մհերը։ Նրա խոսքով՝ ընտանիքի բոլոր անդամներն են ներգրավված աշխատանքներում․ դպրոցահասակ որդին ու դուստրը նույնպես օգնում են դաշտային աշխատանքներում։

«Այս տեխնիկայի շնորհիվ կարողանում ենք խնայել ծախսերը և ավելի ճիշտ կառավարել մեր ռեսուրսները։ Դեռ որոշ տեխնիկայի կարիք ունենք, բայց քայլ առ քայլ առաջ ենք գնում ու նոր նպատակներ սահմանում», — ասում է նա։

Մեկ այլ տեղահանված ընտանիքի՝ Թաթուլի համար նույնպես գյուղատնտեսությունն աստիճանաբար դարձել է կայուն եկամտի աղբյուր։ Նրա եռանդն ու աշխատանքի հանդեպ սերը նկատելի են արդեն տան շեմից։ Բակում են 100-ից ավելի հավեր, ճտեր ու բադիկներ, իսկ փոքրիկ այգում Թաթուլը մշակում է ծառեր, ցանում և հավաքում բերքը։ Նա փորձում է ամեն ինչ օգտագործել հնարավորինս արդյունավետ՝ նույնիսկ վնասված ծառերի փայտերը վերածելով հենասյուների մյուս մշակաբույսերի համար։

Դժվարություններն, իհարկե, անխուսափելի են։ Վերջերս շները հոշոտել էին ընտանիքի շուրջ 80 հավերին, սակայն Թաթուլը չի հանձնվում և շարունակում է աշխատել ընտանիքի բարեկեցությունն ապահովելու համար։

«Մենք Ասկերանի Ավետարանոց գյուղում էինք ապրում, այնտեղ նույնպես գյուղատնտեսությամբ էի զբաղվում։ Գյուղում, պետք է հող ու կենդանի պահես», — նշում է Թաթուլը։ Տեղահանումից հետո ընտանիքը կրկին գյուղական կյանքն է ընտրել՝ բնակություն հաստատելով Արարատի մարզի Այգեզարդ գյուղում։

«Այստեղ շատ հոգեհարազատ է», - նշում է Թաթուլը ու ժպիտով ավելացնում, որ հաճախ համագյուղացիները զարմանում են, թե ինչ հնարամիտ լուծումներ է գտնում հողի հետ աշխատելիս։

Թաթուլն ապրում է իր կնոջ, երեք երեխաների և մոր հետ։ Նրա կրտսեր որդին՝ Դանիելը, երկու տարեկան է․ Հայաստանում է ծնվել։ Երկու դուստրերը դպրոցական են, դասերից բացի, հանգստյան օրերին հաճույքով հաճախում են պարի խմբակների։

«Համայնքում այլ արցախցի ընտանիքներ էլ կան։ Արյունը քաշում է», — ասում է Թաթուլը։ «Երբեմն երեկոյան հավաքվում ենք, զրուցում, հիշում հին օրերը»։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի աջակցությամբ Թաթուլի ընտանիքը ստացել է 100 հավի ճուտ և թռչնակեր, ինչի շնորհիվ կարողացել է ընդլայնել փոքր տնտեսությունը։ Ընտանիքը ձուն վաճառում է գյուղում և լրացուցիչ եկամուտ ստանում։

«Երեխաների նպաստն արդեն ստացել ենք», — ասում է Թաթուլը։ «Այդ գումարով նորից հավեր ենք գնելու»։

Այս պահին Թաթուլի ամենամեծ երազանքը գյուղում սեփական հողատարածք ձեռք բերելն ու տուն կառուցելն է, որպեսզի շարունակի զբաղվել գյուղատնտեսությամբ և կայուն ապագա ստեղծել ընտանիքի համար։


Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների և ընդունող համայնքների դիմակայունությունն ու ինքնուրույնությունը խթանելու նպատակով «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի համակարգմամբ և Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Արարատի մարզում իրականացնում ենք վերականգնողական ծրագիր։
Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվել 200 տեղահանված և ընդունող համայնքների ընտանիքների՝ նրանց անհապաղ կարիքները հոգալու և երկարաժամկետ կայունությունը վերականգնելու նպատակով։ Աջակցությունը ներառում է սննդային և ոչ սննդային օգնություն, աշխատանքային գործիքներ, զբաղվածության և մասնագիտական կրթության հնարավորություններ, ինչպես նաև հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայություններ։
Ծրագրի մասնակից ընտանիքներն ընտրվել են տնայցերի և խոցելիության գնահատման հիման վրա՝ առաջնահերթություն տալով բազմազավակ ընտանիքներին, միայնակ ծնող ունեցող ընտանիքներին, տարեցներին, հաշմանդամություն կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց և կայուն եկամտի աղբյուր չունեցող ընտանիքներին։


Հեղինակ՝ Շուշանիկ Ներսեսյան

Այլ հոդվածներ