«Այս տարիքում մեծ ուրախություն է, երբ օրդ ինչ-որ բանով կարողանում ես լցնել». տարեց փախստականների նոր կյանքը
Հրապարակվել է 04 փտվ, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպեԱրևի առաջին ճառագայթների հետ շողում են նաև Ռամելայի տնկած արևածաղիկների ոսկեգույն գլուխները։ 74-ամյա Ռամելան, ով տարիներ շարունակ մանկավարժությամբ է զբաղվել, այժմ օրը սկսում է այգու ծաղիկների ու բանջարեղենի մշակությամբ, որոնց մեջ այնքան սեր ու ջերմություն է ներդրել։
Միշտ զբաղվելու մի բան գտնում է։ Երբ այցելեցինք նրան, բակում արևածաղկի սերմերն էր առանձնացնում, որ հետո չորացներ և պահեր ձմռանն օգտագործելու համար։ Եվ չնայած նրան, որ իր համար զբաղմունք է գտնում, այդուհանդերձ, մարդկանց հետ շփման պակասն այդ տարիքում հատկապես նկատելի է, որն առավել խոցելի է դարձել տեղահանությունից հետո։
Ռամելան մեկն է այն 170 տարեցներից, որոնք ընդգրկվել են «Մարդը կարիքը մեջ» ՀԿ-ի «Տարեց փախստականների կյանքի որակի բարելավում» ծրագրում։ Նպատակ ունենալով բավարարել տարեցների ամենահրատապ կարիքները, նպաստել նրանց ինտեգրմանը և նվազեցնել սոցիալական մեկուսացումը՝ արդեն երկրորդ տարին է, ինչ նախաձեռնում ենք այս ծրագիրը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ֆինանսավորման շնորհիվ։
Չորս ամիս տևողությամբ ծրագրի շրջանակում Լոռու մարզի Տաշիր և Ալավերդի, ինչպես նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան և Բերդ համայնքների 170 տարեցների տրամադրել ենք հիգիենայի պարագաների փաթեթներ, տաք վերմակներ և անկողնային պարագաներ ձմռանն ընդառաջ, ինչպես նաև տրամադրել ենք ֆինանսական աջակցություն հագուստ և կենցաղային մանր տեխնիկա գնելու համար։ Այս աջակցության կարևորությունը միայն տարեց փախստականներին անհրաժեշտ պարագաներ տրամադրելը չէր, այլ նրանց հնարավորություն տալ ինքնուրույն կատարել իրենց գնումները՝ ընտրելով այն, ինչն իրապես անհրաժեշտ է և այն, ինչ իրենք են ուզում։«Թեյնիկ չունեի․ ջուրը տաքացնելը դժվար էր։ Հիմա էլեկրտական թեյնիկ եմ վերցրել ու ջուրը հեշտ եմ տաքացնում», - նշում է Տաշիր համայնքի տարեց բնակչուհին։
Ծրագրի մյուս կարևոր բաղադրիչը տարեցների ինտեգրումը և սոցիալական մեկուսացումը նվազեցնելն է։ Ուստի, այդ նպատակով, կազմակերպել ենք 10 համայնքային սոցիալական միջոցառումներ՝ ներգրավելով տարեցներին և հնարավորություն տալով նրանց շփվել միմյանց հետ, նոր ծանոթություններ ձեռք բերել և գոնե մի քանի ժամով կտրվել առօրյայից։ Մասնակիցների խոսքով՝ «Շատերի հետ ծանոթացել ենք այս ամենի շնորհիվ․ իրար այստեղից գիտենք»։
Այս ամիսների ընթացքում պարբերաբար հանդիպումներ ունենալով ծրագրի շրջանակում ներգրավված սոցիալական աշխատողների հետ՝ տարեցները խոսել են այդ տարիքում առկա դժվարություններից, բարձրաձայնել իրենց հուզող հարցերն ու անհանգստությունները, ինչպես նաև նշել առավել հրատապ կարիքները։ Այս ամենը մեզ հնարավորություն է տալիս առավել խորքային անդրադառնալ տարեցների համար իրականացվող ծրագրերին և հիմքային լուծումներ առաջարկել հետագայում առավել թիրախային աջակցություն տրամադրելու համար։