Երազելով Ղարաբաղում թողած մեղուների եւ Հայաստանում «քաղցր» կյանք վերսկսելու մասին

Հրապարակվել է 16 օգս, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
Երազելով Ղարաբաղում թողած մեղուների եւ Հայաստանում «քաղցր» կյանք վերսկսելու մասին
© Foto: Թերեզա Հրոնովա

Մարիան ու Սեմյոնը երազում էին երկար ու երջանիկ ապրել հսկայական այգի ունեցող իրենց Ղարաբաղի տանը, սակայն 2023 թվականի տեղահանությունն ամեն բան փոխեց․ թողեցին ամեն ինչ ու տեղափոխվեցին Հայաստան։ Այժմ նրանք այն բազմաթիվ ընտանիքների թվում են, որոնք ընդգրկվել են վերանորոգման և տեխնիկայի դրամական կտրոնների աջակցության ծրագրում։ 

«Մեղրից փորձեք։ Հաստատ այսքան համեղ մեղր չեք կերել․․․», - ասում է Սեմյոնը։ Նա և իր կինը՝ Մարիան, Ղարաբաղում մեղու էին պահում։ Մի աման մեղրը, այն քիչ նվիրական ու արժեքավոր իրերից էր, որ իրենց հետ Հայաստան էին բերել։ 

«Մանկուց նայում էի՝ ինչպես են մեղու պահում։ Պապս սովորեցնում էր ինձ մեղու պահել և մեղուների մասին հոգ տանել։ Հետո ես ինքս սկսեցի մեղվապահությամբ զբաղվել։ Մենք տեղափոխվեցինք այստեղ և ստիպված թողեցինք մեղուները Լեռնային Ղարաբաղում․ մոտ 55 մեղվաընտանիք ենք թողել այնտեղ», - կարոտով հիշում է Սեմյոնը։


Մարիան ու Սեմյոնը գրեթե ամեն ինչ ստիպված էին թողնել այնտեղ և տեղափոխվել Մասիս, որտեղ այժմ ապրում են տարիներ առաջ ողբերգական ավտովթարից զոհված որդու տանը։


«Մենք կարող ենք ապրել առանց շատ ու շատ բաների․ այն, ինչ մեզ անհրաժեշտ է՝ կարող ենք գտնել նաև այստեղ, սակայն ոչ մեր որդու շիրիմը», - ասում է Մարիան՝ չկարողանալով զսպել արցունքները։

Մարիան ու Սեմյոնն ընդգրկվել են դրամական կտրոնների աջակցության ծրագրում, որը հնարավորություն է տվել նրանց ձեռք բերել տան համար անհրաժեշտ տեխնիկա։ «Գնել ենք թեյնիկ, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան», - նշում է Մարիան։ 

Հայաստանի բոլոր մարզերում մենք 600 եվրոյին համարժեք դրամական կտրոններ ենք տրամադրել շուրջ 1260 ընտանիքի՝ անհրաժեշտ տեխնիկա գնելու համար։ Այս օգնությունը հնարավոր է դարձել Եվրոպական միության և Stichting Vluchteling՝ Նիդերլանդների փախստականների օգնության հիմնադրամի աջակցության շնորհիվ։

Stichting Vluchteling (SV)-ի ֆինանսական աջակցությամբ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում 1-ական տոննա էկոլոգիապես մաքուր վառելանյութ ենք տրամադրել շուրջ 190 ընտանիքի, իսկ Եվրոպական միության ֆինանսավորմամբ շեշտը դրել ենք տների ձմեռացման, էկոլոգիապես մաքուր վառելանյութի՝ բրիկետների, կոմունալ վճարների, տեխնիկայի ու հագուստի դրամական կտրոնների, ծալովի մահճակալների, անկողնային պարագաների աջակցության, ինչպես նաև մանկական զարգացման կենտրոնների ծառայությունների տրամադրման վրա և ոչ միայն։ Վերջին ինն ամիսների ընթացքում աջակցություն ենք տրամադրել շուրջ 5000 ընտանիքի՝ օգնելով ավելի քան 20,000 տեղահանված անձանց։ 

Մարիան ու Սեմյոնը ձեռքերը ծալած նստող մարդկանցից չեն։ Նրանք արդեն իսկ սկսել են զբաղվել այգեգործությամբ, ինչն արել են ամբողջ կյանքում։

«Հիմա եկել ենք Հայաստան, էլի նույն մարդն ենք, էլի պետք է ինչ-որ բանով զբաղվենք։ Այս մի փոքր հողամասում արդեն հասցրել ենք ծառեր առնել ու տնկել։ Ճիշտ է, կորցրել ենք, բայց ձեռքերը ծալած նստելը սխալ է․ մարդ պետք է ինչ-որ բան ստեղծի», - ասում է Սեմյոնը։


Նա երազում է կրկին սկսել մեղվապահությամբ զբաղվել։ Երբ հաջորդ անգամ այցելենք նրան, հույս ունի մեզ համեղ մեղր հյուրասեիրել արդեն Հայաստանի իրենց նոր տնից։

Autor: Թերեզա Հրոնովա

Այլ հոդվածներ