Լեռնային Ղարաբաղից՝ Ամասիա․ տոկուն եւ հույսը չկորցրած ընտանիքի ճանապարհը

Հրապարակվել է 08 օգս, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
Լեռնային Ղարաբաղից՝ Ամասիա․ տոկուն եւ հույսը չկորցրած  ընտանիքի ճանապարհը
© Foto: Թերեզա Հրոնովա

Լեռնային Ղարաբաղի պատերազմից փրկվելով՝ Խուրման ու նրա մեծ ընտանիքն ապաստան են գտել Ամասիայում։ Չնայած ջերմ ընդունելությանը՝ նրանց համար շատ ծանր է սեփական տան ու ամբողջ ունեցվածքի կորուստը։ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը, Եվրոպական միության աջակցության շնորհիվ, օգնում է նրանց քայլ առ քայլ վերսկսել կյանքը։

Խուրման մեզ ընդունեց Ամասիայում գտնվող մի հինավուրց տան այգում։ Նա շտապեց ասել, որ չնայած ջերմ ընդունելությանը դա իր տունը չէ, իր իսկական տունը մնացել է Ղարաբաղում։ Նրանք իրենց մեծ ընտանիքով լքել են այն սեպտեմբերին։ 

«Գյուղից դուրս եկանք գյուղապետի բեռնատարով։ Մեզ հետ ոչինչ չենք վերցրել՝ միայն անձնագրերը», - ասում է նա։

Երկար ճանապարհից հետո վերջապես հասան Գորիս, իսկ երկու օր հետո տեղափոխվեցին Ամասիա։

Այստեղ ոչինչ չունենալով՝ նրանք իրապես գնահատում են նույնիսկ ամենափոքր օգնությունը։ Այս դեպքում, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, Եվրոպական միության ֆինանսավորմամբ, նրանց դրամական կտրոններ է տրամադրել՝ հոգսը մի փոքր թեթևացնելու համար։  

«Համայնքապետարանից զանգ ենք ստացել, որ Գյումրի գնանք՝ անհրաժեշտ տեխնիկա գնելու համար նախատեսված դրամական կտրոնները ստանալու համար։ Դրանով գնել ենք դպրոցական պայուսակ, էլեկտրական սղոց, կաթսա, թեյնիկ և մազ կտրելու սարք», - մեկնաբանում է Խուրման՝ ցույց տալով այն, ինչ գնել են։ Այդ ընթացքում որդին սղոցով գործ էր անում․ ձմռան վառելափայտն էր կտրում։


Խուրման այնքա՜ն է կարոտում Լեռնային Ղարաբաղի կյանքը։ «Մենք գյուղատնտեսությամբ էինք զբաղվում և ամեն ինչ ունեինք մեր այգում։ Բերքը հավաքում էինք անտառից ու մեր այգուց և վաճառում էինք»։ Չնայած այդքան դժվարություններին՝ նրա օրը ջերմանում է թոռների ներկայությամբ։ Դուստրը՝ 21-ամյա Տաթևիկը, երկվորյակ է ունեցել երկու ամիս առաջ, իսկ Խուրման էլ մեծ հպարտությամբ գրկել էր նորածիններին մեր այցելության ժամանակ։ Նրանց ընտանիքը շատ մեծ է․ Խուրման ու իր ամուսինը 7 երեխա և 25 թոռ ունեն։ Նրանք բոլորն էլ հիմա փորձում են հարմարվել նոր կյանքին։

Հայաստանի բոլոր մարզերում մենք 600 եվրոյին համարժեք դրամական կտրոններ ենք տրամադրել շուրջ 1260 ընտանիքի՝ անհրաժեշտ տեխնիկա գնելու համար։

Եվրոպական միության աջակցության շնորհիվ՝ մենք զգալի քայլեր ենք արել Լեռնային Ղարաբաղի տեղահանության հետևանքով տուժած ընտանիքներին ու երեխաներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող մեր համակողմանի ջանքերն ուղղված են տների ջեմամեկուսացման, էկոլոգիապես մաքուր վառելանյութի, կոմունալ ծախսերի, տեխնիկայի ու հագուստի դրամական կտրոնների աջակցությանը, ծալովի մահճակալների և անկողնային պարագաների տրամադրմանը, մանկական զարգացման կենտրոնների գործունեությանը, և այլն։ Վերջին ինն ամիսների ընթացքում, մենք օգնություն ենք ցուցաբերել մոտ 5000 ընտանիքի՝ աջակցելով ավելի քան 20,000 տեղահանված անձանց կարիքներին։ Օգնությունը բաշխվել է Հայաստանի տարբեր մարզերում։





Autor: Թերեզա Հրոնովա

Այլ հոդվածներ