Ուսուցիչների միջազգային օր
Հրապարակվել է 05 հոկ, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, հավատարիմ մնալով աշխարհն ավելի լավը դարձնելու իր առաքելությանը, նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «REACT․ հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման ծրագրի» շրջանակում մինչ օրս շուրջ 40 ուսուցիչ անցել է վերապատրաստում։
Ուսուցիչների օրվա կապակցությամբ զրուցել ենք Հայաստանի տարբեր մարզերում բնակվող երեք ուսուցչի հետ։ Նրանք ուժեղ մարդու օրինակ են, որ չնայած տեղահանությանը և դժվարություններին շարունակել են իրենց առաքելությունը կյանքում և պատասխանատվություն են ստանձնել օգնել ուրիշներին։ Մեր այն հարցին, թե որն է կրթության դերը, նրանք բոլորը գրեթե նույնն են պատասխանել։ Կրթությունը հասարակությունն ավելի լավը դարձնելու և ուժեղ երկիր ունենալու գրավականն է։
Տաթև Հակոբյանն ապրում է Կապան քաղաքում։ Քաշաթաղում ապրելու տարիներին՝ շուրջ 11 տարի, դասավանդել է մաթեմատիկա և ինֆորմատիկա։ Տեղահանությունից հետո նա կրկին սկսել է դասավանդել Կապանում։ Մաթեմատիկայի ուսուցչուհի դառնալու ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այդ ժամանակ Ղարաբաղում կար ուսուցիչների պակաս, և Տ․ Հակոբյանը մեկն էր այն մարդկանցից, ով ստանձնեց այդ պատասխանատվությունը։ Բնակություն հաստատելով Հայաստանում՝ նա շարունակեց նպաստել սերունդների բարեկեցությանը, իսկ դասընթացին մասնակցելը հարստացրեց իր գիտելիքները ժամանակակից հմտություններով։ Իր օրինակով Տ․ Հակոբյանը կարողացավ մոտիվացնել երեխաներին սովորել և աշխատել ջանասիրաբար՝ չնայած կյանքում պատահող բոլոր հաջողություններին և դժվարություններին։ Նա կարծում է, որ հզոր երկիր ունենալու հիմքում կիրթ և մտածող հասարակությունն է, կայուն տնտեսությունը և ուժեղ բանակը։
Մարինե Սահակյանը տեղահանվել է Մարտակերտի շրջանից և բնակություն է հաստատել Վայքում։ Նա 6 տարի է, ինչ դասավանդում է պատմություն և հասարակագիտություն։ Մ․ Սահակյանն ընտրել է մասնագիտական այս ճյուղը, որպեսզի կարողանա փոխանցել հայոց պատմությունը երիտասարդ սերնդին և սովորեցնել նրանց սիրել այն։ Նա վստահ է, որ մարդիկ պետք է չդադարեն սովորել, քանի որ ժամանակակից միտումներին համահունչ լինելու և հասարակությունն ավելի լավը դարձնելու միակ միջոցն է։ Դասընթացի շնորհիվ Մ․ Սահակյանը սկսեց դասերի ընթացում կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ՝ այդպիսով ներգրավվելով և մոտիվացնելով երեխաներին։ Մ․ Սահակյանը նաև նշեց, որ մեկ տարի Հայաստանում դասավանդելուց հետո՝ դիմել է ուսուցիչների կամավոր ատեստավորման համար և հաջողել է այն։ Սա նրա համար մեծ ձեռքբերում է այդքան զրկանքներից հետո։
Նարինե Մամիկոնյանը մեր մյուս հերոսներից է, ով Արմավիր է տեղափոխվել Շահումյանի շրջանից։ Նա նույնպես պատմության և հասարակագիտության ուսուցչուհի է, և ընտրությունը կրկին պայմանավորված էր Ղարաբաղում ուսուցիչների պակասով։ Ն․ Մամիկոնյանը առաջիններից էր, ով որոշեց մասնագիտանալ։ Ղարաբաղում Ն․ Մամիկոնյանը սովորեցնում էր ընդամենը 50 աշակերտի, մինչդեռ Հայաստան տեղափոխվելուց հետո՝ նրա աշակերտների թիվը դարձավ շուրջ 500։ Սա թերևս ոգևորող քանակ էր նրա համար, քանի որ հավատում է, որ հզոր պետության երաշխիքը կրթված մարդիկ են։
1994 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 5-ը սահմանեց Ուսուցիչների միջազգային օր։ Սրա նպատակը երեխաների զարգացման գործընթացում ուսուցիչների կենսական դերը գնահատելը, ինչպես նաև հասարակության աշխարհընկալումը փոխելու վրա նրանց մեծ ազդեցությունն է։ Այս տարի ուսուցիչների օրը նշվում է «Կրթության վերափոխումը սկսում է ուսուցիչներից» խորագրի ներքո։ Ընտրությունը պատահական չէ․ ուսուցիչներն այն փոփոխության իրականացնողներն են, ովքեր ձևավորում են երեխաներին որպես քաղաքացիական գիտակցությամբ քաղաքացիներ և պատասխանատու են նրանց`կյանքի տարբեր փուլերի դժվարություններին նախապատրաստելու համար։