Դիմակայուն Սյունիք․ հասարակական կազմակերպությունների հզորացում
Հրապարակվել է 12 հնվ, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե«Տեղական հասարակական կազմակերպությունների կարիքը Սիսիանում մեծ է: Միջազգային կամ հայկական առավել խոշոր կազմակերպությունների շնորհիվ՝ համայնքում իրականացվում են տարբեր ծրագրեր, այնուամենայնիվ Սիսիան համայնքի խնդիրներին խորապես տիրապետող, համայնքային խնդիրներին բախվող և ամենօրյա ռեժիմով դրանք ուսումնասիրող հասարակական կազմակերպությունների քանակը սակավ է», - նշում է «Միասին հանուն համայնքների զարգացում սոցիալական աջակցման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Հայկ Օհանյանը:
«Միասին հանուն համայնքների զարգացում սոցիալական աջակցման կենտրոն» կազմակերպությունը հիմնադրվել է 2022 թվականին։ «Ստեղծման հիմնական առիթ են հանդիսացել տեղի սոցիալական խնդիրները և պատերազմից տուժած անձանց ընտանիքների հոգսը։ Այս ամենն էլ ավելի ծանրաբեռնեց համայնքի սոցիալական խնդիրների պատկերը, այդ թվում նաև համայնքապետարանների աշխատանքը», - նշում է ծրագրերի համակարգող Լուսինե Հարությունյանը։ Մտահոգվելով համայնքի խնդիրներով՝ Հայկն ու Լուսինեն Սիսիանի իրենց ընկերների հետ ստեղծեցին հասարակական կազմակերպություն։ Սոցիալական ծրագրերից բացի՝ նրանց ուշադրության կենտրոնում են նաև կրթական, երիտասարդության և մշակութային ուղղվածություն ունեցող միջոցառումները։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը՝ ներառյալ ծրագրի շրջանակում իրականացվող կարողությունների զարգացման դասընթացների շարքը, մեզ համար իսկապես չափազանց կարևոր է․ այն մեզ օգնում է զարգանալ որպես կազմակերպություն։ Որպես նորաստեղծ կազմակերպություն՝ մենք նման ենք այն ուսանողներին, որոնց առջև շատ դռներ են փակ լինում, քանի որ դեռևս բավարարաշխատանքային փորձ չենք կուտակել։ Որպես այս ոլորտի աշխատակիցներ՝ մենք բազմամյա փորձ ունենք քաղհասարակության ոլորտում, քանի որ ավելի քան տասը տարի աշխատել ենք այլ հասարակական կազմակերպություններում, բայց որպես մեր կողմից հիմնադրած նորաստեղծ ՀԿ՝ դեռևս փորձառու չենք», - նշում են Լուսինեն ու Հայկը։
«Համագործակցության Կամար» բարեգործական հասարակական կազմակերպությունը Սյունիքի մարզի հնաբնակներից է։ Այն ձևավորվել է 1992 թվականին ֆրանսիահայերի կողմից․ դեռևս այդ ժամանակ օգնում էին Արցախյան շարժման արդյունքում տուժած անձանց, սակայն իրավական ստատուս է ստացել 2002-ին։ Երեսունից ավելի տարիների ընթացքում Գորիսում հիմնադրված կազմակերպության հիմնական ուղղվածությունը եղել է տարեցների և կարիքավոր մարդկանց սննդի ապահովման ծրագրերը։ Աշխատելով տարեցների հետ և կիսելով նրանց ամենօրյա հոգսերն ու մտահոգությունները՝ կազմակերպությունը համոզվել է, որ միայն սննդապահովման ծրագիրը բավարար չէ տարեցների խնդիրների համապարփակ լուծման համար և այժմ կենտրոնացած է նաև ժամանցի ապահովման և խնամքի մատուցման ծառայությունների վրա։
«Համագործակցության–Կամար» բարեգործական ՀԿ-ի նախագահ Կարինե Ավետիսյանը նշում է, որ տարիների փորձը նրանց սովորեցրել է արագ գնահատել և տարբերակել ամենախոցելի խմբերին՝ թիրախավորված օգնություն տրամադրելու համար, իսկ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից տրամադրվող դասընթացները նրանց համար մի կողմից գիտելիքների թարմացման, մյուս կողմից նոր աշխատակիցներին հզորացնելու միջոց են։
Մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ Կարինեն 1988 թվականից մարդասիրական ծրագրերի մասնակից է։ Հարցին, թե որն է մարդասիրական ոլորտի նվիրվածության ու նրա եռանդի գաղտնիքը, Կարինեն պատասխանում է՝ «դա արյան մեջ է, անընդհատ ցանկանում եմ բարություն անել և օգնել կարիքի մեջ գտնվողներին»։
Սեպտեմբերյան տեղահանության օրերին «Համագործակցության Կամար» ՀԿ-ն հյուրընկալում էր հարյուրավոր տարեցների՝ մինչև որ նրանք կամ ապաքինվեն հիվանդանոցում, կամ նոր կացարան փնտրեն իրենց համար։ Ծանր էր իրավիճակը համայն հայության համար, իսկ այս կացարանը Գորիսում թերևս ամենախոցելի մարդկանց հավաքատեղին էր։ Կարինեի հետ դժվար էր զրուցել ու չանդրադառնալ այն տարեցների ճակատագրերին, որոնց նա իր թիմակիցների հետ մեկ հարկի տակ հյուընկալում էր։ Կարինեն մշտապես տեղեկանում է նրանց գտնվելու վայրի ու առողջության մասին․ հերթով նկարները նայելով, վերհիշում և պատմում է, թե ով ինչպես տեղավորվեց և որտեղ է գտնվում տեղահանությունից հետո։
Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը նպատակ ունի հզորացնել տեղական հասարակական կազմակերպություններին, միաժամանակ նպաստել նրանց և տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ համագործակցությանը՝ համատեղ մշակելու համայնքահեն սոցիալական ծառայությունների մասնակցային պլանավորման և մատուցման կայուն մեխանիզմներ։ Ծրագրի շրջանակում 15 ՀԿ-ների համար արդեն իրականացվել է սոցիալական ծառայությունների տրամադրման ոլորտում ծրագրի առաջարկի մշակման, շահառուների և շահագրգիռ կողմերի ներգրավման, ռազմավարական հաղորդակցման ու շահերի պաշտպանության և քաղաքական երկխոսության դասընթացների շարք։
«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ ԵՄ-ի ֆինանսավորմամբ ու «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի համագործակցությամբ։
Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը` համահունչ տեղական զարգացման առաջնահերթություններին: Նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 116 մլն. եվրո, այն կարող է հետագայում ավելանալ։