Եվրոպական միության ֆինանսավորմամբ Շիրակի մարզի ՄԿՈՒ 4 հաստատություններ ունեն նորացված մոդուլներ ու կահավորված դասասենյակներ

Հրապարակվել է 13 դեկ, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե
Եվրոպական միության ֆինանսավորմամբ Շիրակի մարզի ՄԿՈՒ 4 հաստատություններ  ունեն նորացված մոդուլներ ու կահավորված դասասենյակներ
© Foto: People in Need

Դեկտեմբերի 10-ին կայացել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի ամփոփիչ համաժողովը ծրագրի շահառու պետական և մասնավոր կողմերի մասնակցությամբ և ներկայացվել երկամյա ծրագրի արդյունքներն ու համագործակցության շրջանակները։

Համաժողովին մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Սոնա Եպիսկոպոսյանը, Շիրակի մարզի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների, «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն»-ի (ՄԿՈՒԶԱԿ) ղեկավարներ, կրթական, բիզնես և միջազգային կառույցների այլ ներկայացուցիչներ և հյուրեր։ 

«Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպության «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի և Եվրոպական միության ֆինանսավորման շնորհիվ 2019-2021 թվականների ընթացքում կոմպլեքս աշխատանքներ է տարվել կրթությունից դեպի աշխատաշուկա սահուն անցման, տնտեսության և համայնքային զարգացման և մրցունակ կադրեր պատրաստելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանում, Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանում, Արթիկի պետական քոլեջում ու Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջում ներդրվել ու փորձարկվել են ՄԿՈՒ-մասնավոր սեկտոր համագործակցության նոր մեխանիզմներ և աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ) մասնագիտական ու կարճաժամկետ դասընթացներ՝ տեքստիլ ու գյուղատնտեսության ոլորտների ուղղությամբ։ Ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կահավորվել են հատուկ դասասենյակներ ու լաբորատորիաներ, վերապատրաստվել է նաև դասախոսական կազմը։

«Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շնորհիվ՝ Շիրակի մարզի վերոնշյալ չորս հաստատություններում այժմ առկա է տեքստիլ ու ագրոբիզնես ոլորտների 4 երկարաժամկետ և 8 կարճաժամկետ դասընթաց՝ երաշխավորված ԿԳՄՍՆ-ի կողմից։ Կարճաժամկետ դասընթացների մասնակիցների թիվը 134 է․ նրանցից 10-ն արդեն աշխատում է, 8-ը վճարովի փորձաշրջան է անցնում այնպիսի կազմակերպություններում ինչպիսիք են Ամասիայի գլխավորող պանրագործարանը, Բանդիվան կաթը, Ամասիայի բրդի գործարանը, Արթիկի ձեռնոցի գործարանն ու ՉեխԱրմԻնվեստը։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ շատ կարևոր է դասեր քաղել այլ մասնագիտական կրթության միջազգային և հաջողված փորձից, ըստ որի ՄԿՈւ հաստատությունները մասնավոր ոլորտի հետ պետք է համագործակցեն բոլոր փուլերում։ Բացի այդ, կարևոր է նաև ուշադրություն դարձնել ոչ միայն աշխատաշուկայի ընթացիկ պահանջներին, այլ նաև վաղվա միտումներին։ «Շատ ուրախ եմ տեսնել նաև, որ այս ծրագրի ընթացքում ուշադրություն է դարձվել նաև ձեռներեցությանը, քանի որ ոչ բոլոր ուսանողները միգուցե հակված կլինեն աշխատել կազմակերպությունում, այլ հնարավոր է՝ ստեղծեն նաև իրենց ձեռնարկությունը», նշել է Ֆ․ Հեսսը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց ու կառույցներին, որոնց աշխատանքի և աջակցության շնորհիվ հնարավոր եղավ ծրագիրը կյանքի կոչել, և նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու գործընթացին և խորացնելու արդյունքները: «ՄԿՈՒ ոլորտը մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է, և ոլորտի դրական առաջընթացն էապես նպաստելու է մեր հասարակության և տնտեսության զարգացմանը: Խիստ կարևորում ենք ՄԿՈՒ ոլորտում մասնավորի հետ կապերի սերտացումը, ինչը նպաստում է ուսհաստատությունների կարողությունների բարելավմանը»,- ասել է փոխնախարարը՝ ընդգծելով թվային տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները հեռավար ուսուցում կազմակերպելու համար:


Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որը համակարգային, իրավական կարգավորում կմտցնի ուսհաստատությունների աշխատանքի կազմակերպման մեջ: Նա շնորհավորել է կողմերին, հաջողություն մաղթել և հույս հայտնել, որ ծրագրի մասնակիցները ձեռք բերված փորձն ու կարողությունները կփոխանցեն նաև մյուս գործընկերներին:

«Այս երկու տարիների ընթացքում երկարաժամկետ հաջողությունների հասնելու համար հեռանկարային աշխատանքներ ենք տարել, որոնք վստահ եմ, որ շոշափելի կլինի նաև առաջիկա տարիների ընթացքում՝ Շիրակի ՄԿՈՒ-ների հետագա գործունեության, աշխատաշուկայում որակյալ կադրերի առկայության և զբաղվածության ցուցանիշների աճի համար։ Մենք այս ընթացքում ամենօրյա ռեժիմով աշխատել ենք շահառու կողմերի հետ և փորձարկել մասնավոր ոլորտի հետ արդյունավետ համագործակցության առանձնահատկությունները։ Վստահ ենք, որ ներդրված փորձն ու ռեսուրսներն առավելագույնս կօգտագործվեն՝ ի նպաստ մրցունակ կադրերի պատրաստման և համայնքային զարգացման», նշում է «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը։


Մասնագիտությունների ընտրությունը կատարվել է աշխատաշուկայի կարիքների ուսումնասիրության հիման վրա, որն իրականացվել է ծրագրի նախնական փուլում։ ՄԿՈՒ հաստատությունների համար ստեղծվել է ուղեցույց-ձեռնարկ աշխատաշուկայի կարիքների հետազոտման և արդյունավետ հաղորդակցման համար․ այն քայլ առ քայլ նկարագրում է շուկայի հետազոտման և հաղորդակցային առաձնահատկությունները՝ տրամադրելով համապատասխան հարցաշարեր և գործնական խորհուրդներ։ Ծրագրի մասնակից ՄԿՈՒ 4 հաստատությունների համար ստեղծվել են asc.am, acss.am, mcss.am և anaugyumricollege.am կայքերը, մշակվել է նաև հեռավար ուսուցման պլատֆորմ պանրագործ մասնագիտության համար։


Մասնագիտական կրթության պահանջարկի և առաձնահատկությունների մասին հանրությանը տեղեկացնելու և մասնագիտական ճիշտ ընտրություն կատարելու համար «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն ստեղծել է նաև տեղեկատվական հոլովակներ և իրականացրել հանրային արշավ։


Միջոցառման ընթացքում ծրագրի շահառու կողմերի՝ Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի, Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանի, Արթիկի պետական քոլեջի և Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենների հետ ստորագրվել է նաև նվիրատվության հուշագրեր, ըստ որի մասնագիտական կրթական հաստատություններին է փոխանցվել 20 միլիոն դրամ արժողությամբ նյութատեխնիկական բազան՝ ձեռք բերված ծրագրի շրջանակում։ Ծրագրի իրականացման ընդհանուր բյուժեն կազմել է 250 հազար եվրոյին համարժեք դրամ։   


Autor: Շուշանիկ Ներսեսյան

Այլ հոդվածներ