Ավելի քան 100 ՓՄՁ աջակցություն՝ վերջին 10 տարվա ընթացքում

Հրապարակվել է 27 հնս, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
Ավելի քան 100 ՓՄՁ աջակցություն՝ վերջին 10 տարվա ընթացքում
© Foto: Շուշանիկ Ներսեսյան

Հունիսի 27-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես փոքր ու միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) օր՝ ընդգծելով այն կարևոր դերը, որ այս ձեռնարկատիրություններն ունեն տնտեսական զարգացման և սոցիալական առաջընթացի վրա։ Այս օրը հատուկ առիթ է անդրադառնալու և նշելու ՓՄՁ-ների ընձեռած հնարավորություններին, խնդիրներին ու ներուժին։   

Փոքր և միջին ձեռնարկատիրություններն ամբողջ աշխարհում շատ երկրների տնտեսության հիմքն են և զգալի ներդրում ունեն աշխատատեղերի ստեղծման, տնտեսական աճի և նորարարության գործընթացներում։ 

Այս ձեռնարկատրությունները հիմնականում անկախ ստեղծված ու գ(ործող կառույցներ են և կարևոր դեր են խաղում ձեռնարկատիրության զարգացման, աղքատության նվազեցման և սոցիալական զարգացման խթանման գործում, մասնավորապես զարգացող երկրներում, որտեղ աշխատանքի հնարավորությունները սահմանափակ են։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն միշտ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանում ՓՄՁ-ների պոտենցիալ հնարավորություններին և տարիներ շարունակ աջակցել է տարբեր ծրագրերի շրջանակում։ Համաձայն մեր վերջին ուսումնասիրության, որը հիմնված է 2012-2022թթ-ի վրա՝ մենք աջակցել ենք ավելի քան 100 ՓՄՁ-ի. ներկայումս այս ձեռնարկատիրություններից 71%-ը գործող է և եկամուտ է ապահովում։ 

Այս ձեռնարկատրությունները գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում․ գյուղատնտեսություն 31%), տեքստիլ արտադրություն (11,5%), հյուրատներ (10,5%) և սննդի արտադրություն (9%)։ Հետաքրքրական է նաև կանանց ներգրվվածությունը։ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից աջակցություն ստացած ՓՄՁ-ներից 36%-ի ղեկավարները կանայք են։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ այդ ցանկում կան նաև ընտանեկան բիզնեսներ, որոնք մեծապես ազդում են կանաց մասնակցության թվին։ Աշխարհագրական տեսանկյունից աջակցություն ստացած ՓՄՁ-ները գործում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում՝ մասնավորապես Երևանում, Շիրակում, Սյունիքում, Արմավիրում և Կոտայքում։

Այս բոլոր տարիներին մեր կողմից աջակցություն ստացած ՓՄՁ-ների նպատակն է զարգացնել համայնքները, օգնել մարդկանց եկամուտ ստանալ, ստեղծել աշխատատեղեր։ Նրանք նաև նպաստում են տղամարդկանց և կանանց սոցիալական ներգրավվածությանը՝ հնարավորություն տալով նրանց ակտիվ լինել որոշումների կայացման գործընթացներում։ Բոլոր ՓՄՁ-ներին կարելի է անդրադառնալ առանձին-առանձին, սակայն դրանցից երկուսն առանձնահատուկ են իրենց նպատակով ու գործունեությամբ։

Ամասիայի բրդի գործարանը հիմնադրվել է 2019 թվականին և իր տեսակով միջին ու խոշոր չափերի բրդյա թելերի արտադրության եզակի ձեռնարկություն է, որը գործում է Շիրակում։ Ստեղծված է բրդի արժեշղթա․ գործարանը հումքը ստանում է համայնքի ոչխարի խուզից, ապա վերամշակում և արտադրում է մաքուր հայկական բուրդ տեղի և միջազգային հաճախորդների համար։ Մյուս կողմից՝ այն հնարավորություն է տալիս իր շուրջը հիմնադրված մյուս փոքր ձեռնարկատիրություններին սպառել իրենց արտադրանքը և եկամուտ ստանալ՝ արտադրելով բրդյա այլ պարագաներ։

Մյուս հաջողված և իր տեսակով եզակի բիզնես նախաձեռնությունը սոցիալական նվիրումով ստեղծված «Մեծ & Մոր» հացաբուլկեղենի արտադրամասն է, որը հիմնադրվել է 2022 թվականին։ Այն աշխատանքի հնարավորություն է տվել տեղահանված և սոցիալապես խոցելի ընտանիքներին՝ կայուն եկամուտ ապահովելու նպատակով։ Հացաբուլկեղենի արտադրամասի շահույթի մի մասը կուտակվում է, որպեսզի ուղղորդվի Մեծամոր համայնքի զարգացման ծրագրերի իրականացմանը:


Այսպիսով, 10 տարի շարունակ աջակցել ենք հարյուրավոր ՓՄՁ-ների՝ հաշվի առնելով այն փաստը, որ նրանք տնտեսության կենսունակության աղբյուրն են և նպաստում են մարդկանց բիզնես գաղափարները կյանքի կոչելուն, ինչպես նաև առաջ եկած մարտահրավերները հաղթահարելուն։ 
Autor: Էլմա Վարդանյան

Այլ հոդվածներ