Թոռներիս համար լավաշ էի թխում թաքստոցում, սակայն ստիպված էի նրանց ասել, որ քիչ ուտեն, որպեսզի բոլորին բավականացնի
Հրապարակվել է 23 հնվ, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպեԼեռնային Ղարաբաղից տեղահանված 100 հազարից ավելի ընտանիքների պատմություններն ու ցավը տարբեր են, սակայն նրանց միավորում է անկոտրում կամքի ուժը. վերագտնելով իրենց` նրանք փորձում են հոգ տանել իրենց ընտանիքների մասին և նոր ուղիներ գտնել արժանապատիվ ապրելու համար։
Վայոց ձորի մարզում, ըստ վերջին տվյալների, բնակություն է հաստատել ավելի քան 400 ընտանիք։ Նրանցից մեկն էլ Կարինեի մեծ ընտանիքն է։
Կարինեն Լեռնային Ղարաբաղից տեղահանվել է ամուսնու, չորս երեխաների, նրանց ընտանիքների՝ այդ թվում 14 թոռների հետ։ Կարինեի ընտանիքը կրկնակի է տեղահանվել․ 2020 թվականին՝ Թաղավարդից, իսկ 2023-ին՝ Ստեփանակերտից։ Գրեթե ոչինչ չեն կարողացել վերցնել իրենց հետ։ «Վազվզում էինք մի թաքստոցից՝ մյուսը։ Շատ ծանր օրեր էին մեզ համար։ Թոռներիս համար լավաշ էի թխում թաքստոցում, սակայնստիպված էի նրանց ասել, որ քիչ ուտեն, որպեսզի բոլորին բավականացնի», - նշում է Կարինեն։
Հայաստանում արցախյան ժինգյալով հացի համն ու հոտն արդեն ամենուր է։ Ստեղծված պայմաններից մի ելք ու եկամտի աղբյուր ստեղծելու համար՝ Կարինեն իր դստեր հետ տեղափոխման առաջին իսկ օրերից սկսել է ժինգյալով հաց պատրաստել նոր բնակավայրում՝ Վայքում։ «Արցախյան ժինգյալով հաց» այսպես է կոչվում Վայքի հիմնական ճանապարհին տեղ գտած այս փոքրիկ անկյունը։ Սկզբում պահանջարկն ավելի մեծ էր, քան հիմա, սակայնմիևնույն է վաճառք ապահովում են։ Բացի տեղում վաճառելուց, նրանք նաև համագործակցում են տարբեր կառույցների հետ։
Դրամական կտրոնների աջակցությունը նրանց համար շատ տեղին էր ու օգտակար, քանի որ տան անկյուններում ոչինչ չունեին և ստանալուն պես անմիջապես ծախսել են այն։
Էմմայի ընտանիքը տեղահանվել է սեպտեմբերի 27-ին ու բնակություն է հաստատել Վայքի մեկ այլ անկյունում։ Լեռնային Ղարաբաղից մինչև Գորիս հասել են շուրջ 36 ժամում։ Էմման իր երեք տարեկան երեխայի և եղբոր ընտանիքի հետ է եկել, իսկ ամուսինը՝ մեկ այլ մեքենայով։ Գորիս հասել են ուշ երեկոյան․ եղբոր կնոջ համար, ով նույնպես նույն մեքենայում էր, տարեցների տանը գիշերակացի հնարավորություն են գտել, իսկ ինքը երեխայի հետ գիշերն անց է կացրելմեքենայում։
Հեռախոսների մարտկոցները նստում էին և միմյանց հետ կապ հաստատելը դժվարանում էր։ Ամուսնու հետ միայն առավոտյան է կարողացել կապ հաստատել, այնուհետև եղբոր ընտանիքի հետ ճանապարհ է ընկել դեպի Եղեգնաձոր, քանի որ Գորիսում այլևս որևէ կացարան գտնելու հնարավորություն չկար։ Եղեգնաձորում նույնպես չկարողացան տեղ գտնել, ուստի տեղավորվեցին Վայքում։
«2020 թվականին տեղահանությունից հետո քույրս Վայքում էր հաստատվել։ Երևի դա էր նաև պատճառը, որ հեշտ համակերպվեցի այստեղ մնալու մտքին։ Այս տունը, որտեղ ապրում ենք, այդքան էլ հարմարավետ չէ, որոշ գույք մենք ենք գնել, որոշները հարևաններն են նվիրել, մի մասն էլ օգնություն ենք ստացել։ Այստեղ ջեռուցումը միայն հոսանքով ենք ապահովում, գազ չի թույլատրվում, ինչն էլ դժվարեցնում է այս ընդարձակ սենյակի ջեռուցումը» - նշում է Էմման։ Լվացքի մեքենա չունեն, բայց նշում է, որ դա հոգ չէ․ նա օգտվում է իր հարազատների լվացքի մեքենայից, սակայն սառնարանի ու ջեռոցի առկայությունը շատ կթեթևացնի իրենց հոգսը։
Էմման մասնագիտությամբ բուժքույր է։ Ղարաբաղում հիմնականում աշխատել է այլ ուղղությամբ, թեև մասնագիտական աշխատանքի փորձ նույնպես ունի։ Էմմայի ամուսինը 2020 թվականի համակարտության ժամանակ վնասել էր ձեռքը, սակայն բժշկական միջամտության չէր դիմել՝ մտածելով որ ինքնուրույն կապաքինվի։ Սակայն բուժմանանհետաձգելի կարիք եղավ, և նա այժմ պետական աջակցության շնորհիվ անվճար բուժում է ստանում։ Մասնագիտությամբ ինժեներ-մետալուրգ է, ամուսիններով լավատես են, որ առաջիկայում աշխատանքի կտեղավորվի։
Էմմայի երեքուկես տարեկան դուստրը, ինչպես բոլոր երեխաները, քաղցրակեր է և չնայած այդ հանգամանքին, շրջափակման պատճառով ստիպված են եղել սահմանափակել սնունդն ու քաղցրավենիքը, որի հետևանքները անմասն չեն մնացել։ Եվրոպական միության հումանիտար աջակցությամբ տրամադրված դրամական կտրոնների շնորհիվ՝ Էմման անմիջապես գնել է իր երեխայի ամենասիրելի քաղցրավենիքը, պանրի և հյութերի տեսականին ու անհրաժեշտ այլ սնունդ՝ փոքր-ինչ սփոփելով ամիսներ տևած սննդի պակասը։
Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերյան բռնի տեղահանության արդյունքում կյանքի դժվար պայմաններում հայտնված անձանց համար «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Եվրոպական միության աջակցությամբ ՀՀ մարզերում մի շարք ծրագրեր է իրականացնում՝ ներառելով հիգիենայի, սննդի ու խոհանոցային փաթեթներ, վաուչերներ, մանկական զարգացման կենտրոնների երեխաների համար կրթական և հոգեբանական ծառայություններ։ Տեղահանված անձանց աջակցության տեսակները որոշվում են ըստ համայնքներում գրանցված կարիքների, իսկ օգնությունը թիրախային և համակարգված դարձնելու նպատակով «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն բաշխումներն իրականացնում է պետական կառույցների հետ սերտ համագործակցությամբ։