Ուկրաինայից Հայաստան տեղափոխված անձանց աջակցության և ինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտեր
Հրապարակվել է 20 հնս, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 1 րոպե«Մարդը կարիքի մեջ» (People in Need) հասարակական կազմակերպությունը շարունակում է ընդունել հայտեր՝ Ուկրաինայի պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց աջակցության ծրագրում ներառելու համար։ Ծրագրին կարող են դիմել այն անձինք, ովքեր Ուկրաինայում բնակվել են նվազագույնը երեք ամիս և տեղահանվել են Հայաստան պատերազմի պատճառով։ Վերաինտեգրման այս ծրագիրը պարունակում է աջակցության երեք բաղադրիչ․
- Սոցիալական աջակցություն, որը ներառում է բնակվարձի և/կամ կոմունալ վճարների փոխհատուցում, առաջնային անհրաժեշտության գույքի, տեխնիկայի, ինչպես նաև հագուստի, հիգիենայի պարագաների տրամադրում։ Սոցիալական աջակցության բաղադրիչի շրջանակում տրամադրվում է նաև հոգեբանական և իրավաբանական անվճար խորհրդատվություն։
- Մասնագիտական վերապատրաստում, այդ թվում հայոց լեզվի՝ անհրաժեշտության դեպքում նաև օտար լեզուների դասընթացներ։
- PINcubator բիզնես ինկուբացիոն ծրագիր, որը ներառում է բիզնես դասընթացներ, փոքր բիզնես ծավալելու դրամաշնորհներ և մասնագետի կողմից աջակցություն` քոոուչինգ:
Ծրագիրը նախատեսում է նաև հայրենաճանաչությանն ուղղված արշավներ՝ ապահովելով շահառուների սահուն ինտեգրումն ու հարթակ ստեղծելով միմյանց հետ շփման համար։
Շահառուների հետ աշխատանքը կատարվում է անհատական կարիքի գնահատման միջոցով՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի և տեղական գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի մասնագետների կողմից, ուսումնասիրելով շահառուների հետաքրքրվածությունն ու հնարավորությունները վերոնշյալ երեք ծրագրերում ներառելու համար։
Վերաինտեգրման այս ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ֆինանսավորմամբ՝ տեղական գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի հետ համատեղ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության Սփյուռքի վարչության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև ոլորտի տեղական ու միջազգային կառույցների հետ սերտ համագործակցկությամբ։