Ամփոփվել են «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագրի արդյունքները

Հրապարակվել է 10 հլս, 2026 թ. Կարդալու ժամանակը՝ 4 րոպե

Կայացել է Թիմ Եվրոպա նախաձեռնության «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագրի ամփոփիչ համաժողովը, որը համախմբել էր պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային գործընկերների, սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների և ծրագրի շահառուների՝ ամփոփելու ծրագրի արդյունքները և քննարկելու համայնքահեն սոցիալական ծառայությունների հետագա զարգացման հեռանկարները։

Ամփոփվել են «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագրի արդյունքները
© Foto: PIN

Համաժողովը կազմակերպվել էր ծրագրի իրականացնող կազմակերպությունների՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանն ու Գայանե Եղիազարյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. Վասիլիս Մարագոսը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային գործընկերների, սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծրագրի գործընկերներ և շահառուներ։


Համաժողովի ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական ձեռքբերումները, Սյունիքի մարզի համայնքներում փորձարկված համայնքահեն սոցիալական ծառայությունները, ինչպես նաև պետության, համայնքների և քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցության հաջողված փորձը։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը նշեց, որ մարզերի կայուն զարգացումն անհնար է պատկերացնել առանց հասանելի և որակյալ սոցիալական ծառայությունների։ Նա ընդգծեց, որ ծրագրի շրջանակում փորձարկված ինը տեսակի համայնքային սոցիալական ծառայություններն արդեն իսկ զգալի ազդեցություն են ունեցել Սյունիքի բնակիչների կյանքի վրա, և շնորհակալություն հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հավաստագրման, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ համայնքների կողմից ծառայությունների հետագա ֆինանսավորման ապահովման համար։


Իր ողջույնի խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ ծրագիրը կարևոր հնարավորություն էր փորձարկելու սոցիալական ծառայությունների նոր մոդելներ, որոնցից մի քանիսն արդեն ստացել են կայուն պետական ֆինանսավորում։ Նրա խոսքով՝ սոցիալական տաքսու և հաշմանդամություն ունեցող անձանց բնակարանների տնային հարմարեցման ծառայությունների փորձարկումները հիմք են դարձել ավելի լայնածավալ պետական ծրագրերի մշակման համար, որոնք հետագայում կընդգրկվեն պետական բյուջեում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը կարևորեց համայնքների դերակատարությունը՝ նշելով, որ ծրագրի շրջանակում ձևավորված կարողությունները շարունակական բնույթ են կրելու, իսկ մի շարք ծառայություններ արդեն ներառվել են համայնքային բյուջեներում։ Նրա խոսքով՝ համայնքակենտրոն սոցիալական ծառայությունների զարգացումը կարևոր քայլ է ծառայությունների ապակենտրոնացման և բնակիչների իրական կարիքներին առավել արդյունավետ արձագանքելու ուղղությամբ։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ղեկավար Քրիստոֆեր Շմիցը նշեց, որ ծրագրի գլխավոր արժեքը միայն ստեղծված ծառայությունները չեն, այլև պետության, համայնքների և քաղաքացիական հասարակության միջև ձևավորված գործընկերությունը, որը հնարավորություն է տալիս մշակված լուծումները տարածել Հայաստանի այլ համայնքներում և ապահովել դրանց երկարաժամկետ կայունությունը։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի ներկայացուցիչներն ընդգծեցին, որ Սյունիքի բոլոր յոթ համայնքներում իրականացված մասնակցային պլանավորման արդյունքում ընտրվել և փորձարկվել են հենց այն ծառայությունները, որոնք բխում էին համայնքների առաջնահերթ կարիքներից։ Փորձարկված մոդելների մի մասն արդեն ստացել է համայնքային կամ պետական ֆինանսավորում, ինչը ծրագրի կարևորագույն արդյունքներից է։

Եռամյա ծրագրի ընթացքում արձանագրվել են հետևյալ հիմնական արդյունքները.

• ավելի քան 15 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքների շուրջ 30 սոցիալական ոլորտի մասնագետներ բարելավել են իրենց մասնագիտական կարողությունները,

• 12 հասարակական կազմակերպությունների և 4 համայնքապետարանների կողմից փորձարկվել կամ բարելավվել է 9 համայնքահեն սոցիալական ծառայություն,

• Սյունիքի 7 համայնքներում ձևավորվել և հզորացվել են համայնքային սոցիալական հանձնաժողովներ,

• նույն 7 համայնքներում մշակվել և հաստատվել են սոցիալական զարգացման և սոցիալական ծառայությունների պլաններ,

• Գորիս, Սիսիան, Կապան և Մեղրի համայնքները համայնքային ֆինանսավորմամբ շարունակելու են ծրագրի շրջանակում ներդրված նոր սոցիալական ծառայությունների մատուցումը,

• Գորիս, Տեղ, Տաթև և Քաջարան համայնքները սկսել են ֆինանսավորել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունները,

• 4 հասարակական կազմակերպություն ստացել է պետական հավաստագրում՝ 5 սոցիալական ծառայության մատուցման համար, և անցում կատարել Եվրոպական միության ֆինանսավորումից դեպի պետական ֆինանսավորում,

• ծրագրի շրջանակում մատուցված սոցիալական ծառայություններից օգտվել է Սյունիքի մարզի ավելի քան 850 բնակիչ։

Համաժողովի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել ծրագրի կայունությանը։ Նշվել է, որ ԵՄ ֆինանսավորմամբ փորձարկված մի շարք ծառայություններ արդեն ստացել են պետական կամ համայնքային ֆինանսավորում, իսկ մշակված մոտեցումները հիմք են դարձել սոցիալական պաշտպանության ոլորտում նոր պետական ծրագրերի և քաղաքականությունների ձևավորման համար։


«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի համագործակցությամբ։
«Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա նախաձեռնությունը» համատեղ ծրագիր է, որում ընդգրկված են Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ԵՄ անդամ պետությունները՝ Ավստրիա, Չեխիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լիտվա, Նիդերլանդներ, Լեհաստան, Շվեդիա, ինչպես նաև գործընկեր Շվեյցարիան։ Նախաձեռնության հիմնական նպատակն է խթանել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը։
Հեղինակ՝ Շուշանիկ Ներսեսյան

Այլ հոդվածներ