REACT. արձագանքելով Հայաստանում հակամարտությունից տուժած անձանց կարիքներին

Հրապարակվել է 26 հնվ, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 4 րոպե
REACT. արձագանքելով Հայաստանում հակամարտությունից տուժած անձանց կարիքներին
© Foto: PIN

«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը (ՀԿ), Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալությունը (ACTED), «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ների հետ համագործակցությամբ և Եվրոպական միության հումանիտար աջակցությամբ մեկնարկել է «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման ծրագիրը»։ REACT-ը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մարզերում բնակվող ավելի քան 17 հազար տեղահանված քաղաքացիների։

Այս ծրագրի շրջանակում կոնսորցիումն աշխատում է Հայաստանի բոլոր մարզերում՝ արձագանքելով ինտեգրման և հումանիտար աջակցության առանցքային հարցերին։ Ծրագրի իրականացման ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 2,5 եվրոյին համարժեք դրամ։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն շրջակա միջավայրի համար անվնաս վառելանյութ (բրիկետ) է տրամադրում Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի ու Վայոց ձորի մարզերում բնակվող տեղահանված 500 ամենախոցելի ընտանիքներին, իսկ շուրջ 2000 ընտանիքի ապահովում է կոմունալ վճարումներով։ Օգնություն ստացողների ընտրությունն ու նույնականացումն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ։ Շահառուների ընտրությունը կատարվում է կարիքի գնահատման և սահմանված խոցելիության չափանիշների համապատասխանության հիման վրա։

«Ուրախ ենք, որ Եվրոպական միության հումանիտար օգնության շարունակական աջակցության շնորհիվ աշխատում ենք տեղահանված ընտանիքների ինտեգրման ուղղությամբ, ինչը, կարծում ենք, որ երկարաժամկետ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության զարգացման գործընթացներում», - նշում է Պիտր Դրբոհլավը՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Արևելյան համագործակցության տարածաշրջանային ղեկավարը։

Տեղահանված անձանց զբաղվածության և հասարակության մեջ բարեհաջող ինտեգրման նպատակով «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն իրականացնում է մասնագիտական կրթության դասընթացներ ծրագրավորման, հրուշակեղենի պատրաստման, կարի, վարսահարդարման և այլ ոլորտներում։ Ծրագրի շրջանակում 1500 շահառու մասնագիտական խորհրդատվություն կստանա մասնագիտական փորձի կարիքները բացահայտելու և համապատասխան հմտությունների վերաբերյալ առաջարկությունների առնչությամբ, ինչպիսիք են՝ ինքնակենսագրական կազմելը, կապեր հաստատելը, խորհրդատվությունն ու հարցազրույցների անցկացումը։ Բացի այդ՝ 1000 շահառու կմասնակցի մասնագիտական դասընթացների, իսկ դասընթացները լավագույնս յուրացրած անձանցից 700-ը կստանա համապատասխան մասնագիտական գործիքներ՝ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար։ 

«REACT ծրագիրը զբաղվածության աճի խթանից բացի՝ նպաստում է նաև մասնագիտական կրթության առավելությունների հանրայնացմանը, իսկ որպես վառելանյութի այլընտրանք` վերամշակված բրիկետների օգտագործումը կրճատում է անտառահատումների թիվը Հայաստանում», - ասում է Դրբոհլավը։

«Հակամարտությունից ավելի քան մեկ տարի անց տուժած մարդիկ դեռ ծայրահեղ խոցելի վիճակում են և միջոցներ են փնտրում իրենց ընտանիքներին առողջ ու տաք պայմաններ ապահովելու համար։ Ցուրտ ձմռան ու համաճարակի պատճառով էլ ավելի է սրվում աղետալի իրավիճակը։ ԵՄ-ն օգնություն է տրամադրում հակամարտությունից տուժած ամենախոցելի բնակչությանը՝ ձմռան ցուրտը հաղթահարելու համար», - նշում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: 

REACT-ի մյուս օժանդակությունն ուղղված է երեխաներին։ 2020 թվականին Սյունիքում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Club of friends» հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ ստեղծված մանկական զարգացման անվճար կենտրոնները շարունակում են իրենց աշխատանքները Եվրոպական միության հումանիտար աջակցության շնորհիվ․ շուրջ 400 տեղի և տեղահանված երեխաներ մասնակցում են ժամանցային, մշակութային և ճանաչողական միջոցառումների և խաղում են իրենց հասակակիցների հետ։ Պարբերաբար ծնողները նույնպես մասնակցում են փորձառու հոգեբանի դասընթացներին՝ ուղղված սթրեսի նվազեցմանը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ի վեր՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն աջակցություն է տրամադրում հազարավոր մարդկանց, որոնք տեղափոխվել են Հայաստան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ 2020 թվականին «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Եվրոպական միության հումանիտար աջակցության շնորհիվ շրջակա միջավայրի համար անվնաս վառելանյութ (բրիկետ) է տրամադրել տեղահանված 500 ընտանիքի և ավելի քան 4200 ընտանիքի էլ օգնել է կոմունալ վճարումների հարցում։

ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

REACT ծրագրի իրականացման գործընկեր ACTED-ը դրամական աջակցություն է տրամադրում ՀՀ մարզերում և Երևանում բնակվող շուրջ 6800 տեղահանվածների և պատերազմի արդյունքում տուժած տեղացիներին՝ հագուստի և կոշիկի կամ սննդի կարիքները հոգալու համար։ ACTED-ը նաև մշակում է ուղղորդման կառավարման համակարգ, որը գործընկեր կազմակերպություններին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությանը կօգնի հետևել դեպի այլ հաստատություններ և ծառայություններ ուղղորդման ընթացքին և հետամուտ լինել ուղղորդման արդյունքներին։

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ն Հայաստանի հինգ մարզերում (Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք, Տավուշ և Կոտայք) և Երևանում սոցիալ-հոգեբանական աջակցության և դեպքի վարման ծառայությունների տրամադրման, ինչպես նաև՝ համայնքային համախմբման և ինտեգրման ծրագրերի իրականացման միջոցով նպատակ ունի նպաստել հակամարտությունից տուժած ավելի քան 1500 անձանց դիմակայության բարձրացմանը։ REACT ծրագրի շրջանակում «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա»-ն նաև կհիմնի և կբարելավի ընտանեկան և երեխաների զարգացման 9 կենտրոն վերոնշյալ մարզերում՝ նպաստելու տեղահանված անձանց սոցիալական ներառմանն ու ինտեգրմանը։

«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն հակամարտությունից տուժած անձանց Արմավիրի, Լոռու և Շիրակի մարզերում տրամադրում է դեպքի վարման ծառայություններ, սոցիալ-հոգեբանական և իրավաբանական աջակցություն՝ ուղղված նրանց պաշտպանությանը և կարիքներին արձագանքելու մեխանիզմների բարելավմանը։ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն իրականացնում է նաև շահերի պաշտպանություն համայնքային և ազգային մակարդակներում՝ ուղղված հակամարտությունից տուժած անձանց համար պետական աջակցության ծրագրերի հասանելիության բարձրացմանը։ REACT ծրագրի շրջանակում «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն աջակցություն կտրամադրի 1150 տեղահանված անձանց։ 


Autor: Շուշանիկ Ներսեսյան

Այլ հոդվածներ