Առողջապահական ծառայությունների հասանելիությունը՝ սոցիալական ծառայությունների համատեքստում

Հրապարակվել է 20 մյս, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե

Հայաստանում տեղական քաղաքացիական հասարակության հզորացումը, սոցիալական ծառայությունների բարելավումը և Լեռնային Ղարաբաղից տեղահանված ու այլ միգրանտ խմբերի կարիքների բավարարումը մեր ամենօրյա աշխատանքի մի մասն են կազմում: 

Right to Health
© Foto: Shushanik Nersesyan

«Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում ներգրավել ենք 19 տեղական հասարակական կազմակերպություն, որոնց հետ համատեղ իրականացրել ենք մի շարք սոցիալական և տնտեսական բարելավման նախաձեռնություններ: Ծրագրի շնորհիվ ՀՀ տարբեր մարզերում սոցիալական աջակցություն է տրամադրվել ավելի քան 1800 անձի։


«Առողջության իրավունք» առողջապահական, սոցիալական ՀԿ-ն, որը 19 տեղական ՀԿ-ներից մեկն է, մասնագիտական աշխատանքներ է իրականացրել գյուղական համայնքներում: Մասնավորապես, նրանց բժշկական թիմը Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին համայնքների 11 գյուղական բնակավայրերում շարժական բժշկական ծառայություններ է տրամադրել 245 կանանց՝ նպատակ ունենալով մեծացնել դժվարամատչելի առողջապահական ծառայությունների հասանելիությունը գյուղական վայրերում, ապահովել առողջական խնդիրների վաղ հայտնաբերումը և դրանց կանխարգելումը։ Զուգահեռ իրականացվել էր հետազոտություն՝ ուղղված կանանց առողջական կարիքների գնահատմանը և գյուղական ամբուլատորիաների հնարավորություններին բնակչության առողջական կարիքներին արձագանքելու ուսումնասիրությանը։

Անվճար շարժական բժշկական ծառայություններից օգտվել են 245 կին՝ միջին տարիքը 46 տարեկան: Մասնակիցներից 78-ը ԼՂ-իցբռնի տեղահանված կանայք են, 87-ը՝ աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամներ կամ աշխատանքային միգրանտներ:

«Կրծքագեղձի և փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիկ հետազոտությունները բացահայտեցին բազմաթիվ խնդիրներ կանանց մոտ, որոնք վկայում էին այն մասին, որ այդ կանայք ունեն ցածր հասանելիություն նման հետազտությունների, պարբերաբար չեն հետազոտվում խնդիրների վաղ հայտնաբերման և բարդությունների կանխարգելման համար։ Ծրագրի ընթացքում հայտնաբերվեց նաև 5 Հեպատիտ Բ-ի և 2 Հեպատիտ Ց-ի դեպք, ընդ որում ոչ մի կին գանգատ չուներ ու միայն մեկն էր տեղյակ իր մոտ Հեպատիտ Բ-ի առկայության մասին։ Որպես կանոն, մարդիկ դիմում են նման հետազոտությունների, երբ արդեն ունեն առողջական վիճակի վատթարացում, սակայն նման առողջական խնդիրների արդյունավետ կանխարգելման համար անհրաժեշտ է վաղ հայտնաբերում, երբ մարդը դեռ իրեն պրակտիկապես առողջ է զգում», նշում է «Առողջության իրավունք» առողջապահական, սոցիալական ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։


Էդուարդ Հովհաննիսյանը նշում է նաև, որ գյուղական ամբուլատորիաներում կան շատ լավ մասնագետներ, որոնք աշխատում են շատ մեծ ծանրաբեռնվածությամբ, սակայն լաբորատոր-գործիքային հետազոտությունների ցածր հասանելիությունը գյուղական վայրերում բնակչության համար հաճախ խոչընդոտ է դառնում, որպեսզի մարդիկ ժամանակին դիմեն բժշկական օգնության: Շատ կարևոր է նաև հանրության գիտակցության բարձրացումը՝ հիվանդությունների վաղ կանխարգելման կարևորության մասին:

«Առողջության իրավունք» ՀԿ-ի կողմից իրականացված հարցումները ցույց տվեցին, որ գյուղաբնակ կանանց շրջանում ամենատարածված առողջական խնդրիներից նշվում են էնդոկրին համակարգի խնդիրները, իսկ տղամարդկանց համար՝ և՛ էնդոկրին, և՛ ուռոլոգիական: Սա հատկապես մտահոգիչ է, քանի որ վերջին տարիներին ներզատաբանի և ուռոլոգի ծառայությունները հանվել են պետպատվերից, ինչը էականորեն նվազեցնում է գյուղական բնակչության հասանելիությունն այս ծառայություններին և նվազեցնում հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման հնարավորություները:

Հոգեկան առողջության խնդիրները նույնպես շատ արդիական են գյուղաբնակների շրջանում, ինչն ավելի արտահայտված է փախստականների մոտ։ Վերջիններիս 90%-ը նշել էր, որ իրենց զգում եմ տխուր, անհանգստացած կամ սթրեսի մեջ, սակայն նրանց 60%-ը՝ որ հոգեկան առողջության ծառայության կարիք չունի։ Դա վկայում է այն մասին, որ ոչ միայն հոգեկան առողջության ծառայությունները պետք է հասանելի լինեն գյուղաբնակների համար, այլև անհրաժեշտ է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը և գիտակցությունը հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ։


Հասարակական կազմակերպությունների ներդրումը և շարժական բժշկական կամ խնամքի ծառայությունների ընդլայնումը գյուղական համայնքներում կարևոր քայլեր են դեպի ավելի ընդարձակ և արդյունավետ առողջապահական և սոցիալական համակարգ, այնուհանդերձ խնդիրն ավելի ընդգրկուն լուծում կստանա քաղաքացիական հասարակություն-պետություն առավել սերտ համագործակցությամբ։ Շարժական բժշկական ծառայությունները կնպաստեն առողջական խնդիրների վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանը, հատկապես, եթե դրանք նաև պետական աջակցություն ստանան։

«Առողջության իրավունք» ՀԿ-ն կոչ է անում հանրությանը լինել տեղեկացված, դիմել սքրինինգային հետազոտությունների, հոգ տանել սեփական առողջության մասին, քանզի յուրաքանչյուր անձի առողջության պահպանումը նպաստում է սոցիալական բարեկեցությանը և առողջ միջավայրի ստեղծմանը:

Հետազոտության ամբողջական տվյալները հասանելի են այստեղ։

Այն իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի՝ «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով:
Author: Շուշանիկ Ներսեսյան

Այլ հոդվածներ