Կայացավ միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդմանն ուղղված ծրագրի ամփոփիչ համաժողովը
Հրապարակվել է 25 ապր, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե Sdílet: Sdílet článekԿայացավ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվեց ծրագրի ընթացքում իրականացված աշխատանքների ազդեցությունը՝ ի նպաստ ՀՀ բնակչության, քաղաքացիական հասարակության ու պետական կառույցների աջակցության։
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար, խորհրդական Յան Պլեշինգերը, ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը, ՀՀ ԱՍՀՆ փոխնախարար Աննա Ժամակոչյանը, MPF/ICMPD համաշխարհային նախաձեռնությունների բաժնի ղեկավար Օլեգ Չիրիտան և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկը։ Խոսնակները ներկայացրել են անկանոն միգրացիայի նվազեցման, վերադարձող անձանց վերաինտեգրման և սոցիալական կայունության ապահովմանն ուղղված համատեղ ջանքերը։ Համաժողովին մասնակցել են նաև ՀՀ-ում պետական կառույցների, այդ թվում մարզային ներկայացուցիչներ, դիվանագետներ, միջազգային գործընկերներ և քաղաքացիական հասարակության դերակատարներ։
«Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» 20 ամսյա ծրագիրը համաֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից՝ Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում՝ Միգրացիոն քաղաքականության զարգացման կենտրոնի (ICMPD) միջոցով։ Ծրագիրը կյանքի է կոչել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, հասարակական կազմակերպությունների և այլ համախոհ կառույցների հետ սերտ համագործակցությամբ։
Հայաստանը վերջին տարիներին կանգնած է միգրացիոն նոր իրողությունների առաջ։ Մինչ Հայաստանից դեպի ԵՄ երկրներ հաճախ հանգեցնում է միգրանտների՝ անկանոն կարգավիճակում հայտնվելուն, Հայաստանը ծրագրի մեկնարկից սկսած միաժամանակ ընդունում էր տեղահանվածների, ապաստան հայցողների և օտարերկրյա քաղաքացիների հոսքեր։ Այս փոփոխվող միջավայրում և ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման օրակարգի համատեքստում միգրացիայի կառավարման և ինտեգրման արդյունավետ համակարգի ստեղծումը դարձել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի և համախոհ կազմակերպությունների առաջնահերթություններից մեկը։
Նպատակ ունենալով աշխատել պետական, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների հետ սերտ համագործակցությամբ՝ ծրագրի գործողություններն իրականացվել են համապատասխանաբար երեք զուգահեռ ուղղությամբ։
- Ծրագրի պետական համագործակցության բաղադրիչի շրջանակում վերապատրաստվել է միգրացիայի կառավարման համակարգում ներգրավված ավելի քան 40 պետական աշխատակից և շուրջ 250 սոցիալական աշխատող՝ միգրանտներին ու փախստականներին արդյունավետ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Համաֆինանսավորվել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Քաղաքացիների խորհրդատվության և զանգերի սպասարկման կենտրոնի ստեղծումը, որի հիմնադրմանը ոգեշնչել է դեպի Չեխիայի Հանրապետություն պետական պատվիրակության այցն ու հետագա համագործակցությունը։
- Միևնույն ժամանակ՝ հզորացնելով Հայաստանի 19 տեղական հասարակական կազմակերպությունների կարողությունները, նրանց հետ ենթադրամաշնորհային միջոցների ու մենթորության օգնությամբ, աջակցություն է տրամադրվել 1840 անձի Հայաստանի բոլոր մարզերում՝ ապահովելով սոցիալական, իրավաբանական, տնտեսական և ինտեգրման այլ ծառայությունների մատուցում։ Աջակցություն ստացած անձանց թվում ավելի քան 1400 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք են, 240-ից ավելին՝ տեղացիներ, 160-ից ավելի աշխատանքային միգրանտներ կամ նրանց ընտանիքի անդամներ։ Աջակցությունն ստացած անձանցից ավելի քան 500-ը երեխաներ են։
- ԶԼՄ-ներ հետ տարվող աշխատանքներում խրախուսվել են որակյալ և համապարփակ լրագրողական լուսաբանումները՝ «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթի միջոցով, իրականացվել են դասընթացներ լրագրողների համար, մեդիա ներկայացուցիչների հետ քննարկումներ, անօրինական միգրացիայի կանխարգելմանն ուղղված հանրային արշավներ։