Սոցիալական ինտեգրման ՔՀԿ ֆորումը պաշտոնապես մեկնարկեց․ անդամակցությունը բաց է
Հրապարակվել է 27 սեպ, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 1 րոպե Sdílet: Sdílet článekԵրկարատեւ ջանքերից հետո սոցիալական ինտեգրման հայաստանյան ՔՀԿ ֆորումը պաշտոնապես մեկնարկել է՝ հյուրընկալելով ՀՀ-ում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու ներկայացնելով ֆորումի ստեղծման գաղափարը, հիմնարար սկզբունքները, վարքագծային կանոնները, գործառույթները, համագործակցության ձևաչափերն ու անդամակցության կանոնները։

Ֆորումը ստեղծվել է 11 ՔՀԿ-ների կողմից՝ ի պատասխան այն հրատապ սոցիալական խնդիրների, որոնք ի հայտ եկան Արցախի տեղահանությունից հետո։ Տեղահանության հետևանքով կենսական նշանակության խնդիրների առաջ հայտնված բազմահազար անձանց ու ընտանիքների կարիքներին արձագանքելու նպատակով՝ ինտեգրման խնդիրների լուծման անհրաժեշտությունն ու համակարգային մոտեցումների մշակումը դարձան այս նախաձեռնության հիմնաքարը:
Վերջին մեկուկես տարվա ընթացքում ֆորումի անդամները մշակել ու պետական կառույցներին, դոնոր համայնքին են ներկայացրել մի շարք առաջարկներ՝ հատկապես սոցիալական և բնակարանային աջակցության ծրագրերի ուղղությամբ։ Դրանցից որոշները մասնակի կամ ամբողջությամբ ընդունվել են։
Ֆորումի ստեղծման գաղափարը համատեղ մշակել են «Առաքելություն Հայաստան» և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ները, այնուհետև նախաձեռնությանը միացել են նաև «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն և մի շարք այլ համախոհ կազմակերպություններ՝ «Ակցիա սովի դեմ» հիմնադրամը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան, Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը, «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը», Վորլդ Վիժն Հայաստանը, Մանկական զարգացման հիմնադրամը, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամը։
ՔՀԿ ֆորումին անդամակցելու համար անհրաժեշտ է դիմել քարտուղարություն, ստանալ դիմումի անդամակցության փաթեթը՝ ներառյալ ձևաչափը՝ armenianngoforum@outlook.com:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 30-ն է, նախաձեռնող խմբի կողմից դիտարկման ավարտը՝ դեկտեմբեր, 2025 թ․։