«ՃԱՄՊՐՈՒԿ 2024» լրագրողական ամենամյա մրցույթ

Հրապարակվել է 04 հոկ, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
«ՃԱՄՊՐՈՒԿ 2024» լրագրողական ամենամյա մրցույթ
© Foto: MCS

ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (ՄՔԾ), ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ) և «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպությունը շարունակում են «ՃԱՄՊՐՈՒԿ» ամենամյա լրագրողական մրցույթի ավանդույթը։

Մրցույթին կարող են ներկայացվել 2023 թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2024 թ. նոյեմբերի 30-ն ընկած հատվածում հրապարակված, հետևյալ թեմաների և/կամ բնակչության խմբերի վերաբերյալ նյութերը.

  • Միգրացիոն գործընթացներ․ միտումներ, սահմանահատումներ, ոլորտի վերլուծություն
  • Իմիգրացիոն հոսքեր․ կացության կարգավիճակներ, միտումներ և ինտեգրում
  • Աշխատանքային միգրացիա, էմիգրացիոն հոսքերը Հայաստանից, ոլորտի խնդիրները
  • Վերադարձ և վերաինտեգրում
  • Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ․ կարգավիճակ, փաստաթղթավորման գործընթացներ, ինտեգրում, ոլորտի խնդիրներ
  • Ապաստան հայցողներ, փախստականներ․ նրանց մասնակցությունը ընդունող համայնքի կյանքին
  • Քաղաքացիություն չունեցող անձինք
  • ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործընթաց
  • Անկանոն միգրացիան դեպի ԵՄ, դրա կանխարգելումը և հետևանքները։

Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, էլեկտրոնային մեդիայի բոլոր ժանրերում գործունեություն ծավալող լրագրողներ և թղթակիցներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ, մուլտիմեդիայի մասնագետներ։

Ուշադրություն․ մրցույթի շրջանակում չեն դիտարկվի այն նյութերը, որոնք ստեղծվել են որևէ դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ վճարովի հիմունքներով։

Ներկայացված աշխատանքները կգնահատվեն ժյուրիի կողմից, ինչի արդյունքում կազդարարվեն 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակների հաղթողները։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024 թ. դեկտեմբերին։

Նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2024 թ. դեկտեմբերի 1-ը (երկարաձգվել է մինչև10-ը), ժ. 23։59, էլ-փոստի mcs@gov.am հասցեին՝ պարտադիր նշելով հետևյալը.

  • հեղինակի անունը և ազգանունը, հեռախոսի համարը, էլ-փոստի հասցեն,
  • հրապարակման ամսաթիվը, հղումը, հեղինակության լրացուցիչ հիմնավորում (եթե մասնակիցը տեսնում է դրա կարիքը), լրատվամիջոցի անվանումը։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 94 738 454 (Անի) կամ +374 93 253 151 (Օֆելյա)։

«ՃԱՄՊՐՈՒԿ 2024» լրագրողական մրցույթի նպատակը թեմատիկ որակյալ լուսաբանումը խրախուսելն է։ 2010 թվականից ի վեր՝ Հայաստանում փախստականների, բռնի տեղահանված անձանց և միգրանտների խնդիրների ու նրանց ինտեգրման գործընթացների վերաբերյալ գրագետ մեդիա բովանդակությունը քաջալերելով՝ նպատակ ունենք ոգեշնչելու լրագրողներին՝ առավել ընդգրկուն, ճշմարիտ և անաչառ մոտեցումներ ցուցաբերելու տեղահանության և միգրացիայի վերաբերյալ լուսաբանման գործում։

«ՃԱՄՊՐՈՒԿ 2024» լրագրողական մրցույթը իրականացվում է Եվրոպական միության Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) միջոցով ֆինանսավորվող ՄՔՄՄԿ-ի և ՄԱԿ ՓԳՀ-ի համաֆինանսավորմամբ։

Autor: PIN, UNCHR, MCS

Այլ հոդվածներ