Վերսկսելով կյանքը զրոյից
Հրապարակվել է 30 սեպ, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպեԼաուրան մեկն է այն մարդկանցից, որոնք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել են 2023 թվականի սեպտեմբերին։Այսօր՝ մեկ տարի անց, նա բնակվում է Ալավերդիում։ Ցավալի է, սակայն տեղահանությունից հետո որոշել է երկար պլաններ չկազմել․ ներքին դատարկություն է զգում, որովհետև հայրենիքն է կորցրել, այնուհանդերձ օրն իմաստավորում է հելունով ու շյուղերով գործելով և առօրյա գործերով։
Տարեցների միջազգային օրվա առթիվ՝ եվս մեկ անգամ գնահատելով նրանց ներդրումը, դիմակայությունը և նրանցից սովորելու հնարավորությունը, այցելել ենք Լաուրային՝ նրա հետ զրուցելու և մեր ընթերցողներին նրանց ձայնը լսելի դարձնելու նպատակով։
Լաուրան ծնվել է Ստեփանակերտում։ 7 տարեկանում տեղափոխվել է Տաշքենդ, համալսարանական կրթություն ստացել այնտեղ, սակայն կյանքի մեծ սերը վերադարձրել է նրան հայրենիք, որտեղ էլ ընտանիք է կազմել և ապրել մինչև տեղահանությունը։ Ասում է՝ իր տատիկի ճակատագիրն է կրկնել, որը ևս ստիպված է եղել լքել իր հայրենիքը՝ Կարսը։
Ակադեմիական կրթությամբ գրականագետ է, սակայն, դրանից զատ, ադմինիստրատիվ աշխատանք է իրականացրել Արցախի պետական համալսարանում, զբաղվել է պրոֆեսիոնալ լողով, իսկ այն, ինչով մանկուց մինչ օրս էլ զբաղվում է՝ հելունով և շյուղերով գործելն է։ Առաջին ուսուցիչը տատիկն է եղել, իսկ այսօր արդեն Լաուրան պրոֆեսիոնալ է․ կարիք չունի ուղղորդումների և գծագրերի։ Պարզապես համացանցից ընտրում է իրեն դուր եկած աշխատանքը և սկսում գործել։
Լաուրայի աշխատանքները բազմաթիվ են։ Նա գործում է հագուստ, պայուսակ, դրամապանակ և այլն։ Բացի այդ, նաև ասեղնագործում է։ Յուրաքանչյուր աշխատանք խորհրդանշական է․ հիմքում որևէ պատմություն կամ հիշարժան դեպք է։ Օրինակ, Աստվածածնին պատկերելուց հետո հասկացել է, որ իր աղջկա նմանությամբ է ստեղծել։
Անգամ տեղահանությունից հետո Լաուրան շարունակում է ամենօրյա անխոնջ աշխատանքը։ Նա ցանկանում է իր զբաղմունքը բիզնեսի վերածել։
Հարցին, թե ինչն է կյանքում ամենաթանկը, Լաուրան պատասխանում է․«Ամենաթանկը կյանքում հայրենիքն է, քո տունը, տանիքը, որի տակ ապրում ես»։
Կյանքի հանդեպ լավատեսությունը, սակայն, Լաուրան չի կորցրել։ Նա հավատում է, որ տուն է վերադառնալու։
Հայաստանում բնակվող տարեցների բարեկեցությունն ապահովելու նպատակով՝ «Մարդը կարիքը մեջ» ՀԿ-ն, ՀՀ-ում Միավորված փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) ֆինանսավորմամբ, իրականացնում է արդեն երկրորդ ծրագիրը։ Այս տարի այն ընդգրկում է Տավուշի մարզի Նոյեմբերյան և Բերդ, ինչպես նաև Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր համայնքները։
Ծրագրի նպատակն է բարելավել տարեցների սոցիալական պայմաններն ու կենցաղը՝ ցուցաբերելով անհատական սոցիալական աջակցություն և սոցիալական ներառում: Բացի այդ՝ ծրագրի շրջանակում կազմակերպվում են համայնքային միջոցառումներ, որոնք միտված են համայնքի ինտեգրմանը և մասնակիցների միջև սոցիալական փոխգործակցությանը: