Եվս 3 հուշագիր է կնքվել PIN-ի, ՄԿՈՒ-ների և բիզնես կազմակերպությունների միջև
Հրապարակվել է 30 հնվ, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպեԱրթիկի պետական քոլեջի, Մարալիկի արհեստագործական ուսումնարանի, բիզնես կազմակերպությունների և People in Need հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության 4 հուշագիր՝ Շիրակի մարզում աշխատանքի վրա հիմնված ուսուցում կազմակերպելու և տեքստիլ ու ագրոբիզնես ոլորտների աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ պատրաստելու նպատակով։
Հուշագրերի ստորագրման արարողությանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ով կարևորել է կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման անհրաժեշտությունը՝ առաջնային դիտարկելով գործատուների կարիքների ներառումը մրցունակ մասնագետների պատրաստման գործընթացում: Արտակ Աղբալյանը շնորհակալություն է հայտնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, Եվրոպական միությանը և People in Need կազմակերպությանը՝ ՄԿՈՒ հաստատությունների կարողությունների զարգացմանն օժանդակելու և մեթոդական ու նյութատեխնիկական աջակցություն տրամադրելու համար։
Եռակողմ համագործակցության հուշագրեր են կնքվել
- People in Need-ի, Արթիկի պետական քոլեջի և «ՉԵԽ-ԱՐՄ-ԻՆՎԵՍՏ»-ի,
- People in Need-ի, «Վոլյում գրուպ» ու «Գրին ֆուդ» ընկերությունների,
- People in Need-ի, Մարալիկի արհեստագործական ուսումնարանի և «ԱՆԻԻ ՃՇՇ»-ի միջև։
Հավելենք, որ ավելի վաղ եռակողմ համագործակցության 5 հուշագրեր էին ստորագրվել People in Need-ի, Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի և «Բանդիվան Կաթ»-ի, Ամասիայի պանրագործարանի, «Կումայրի կարպետ»-ի, ինչպես նաև Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի ու Աշոցքի պանրագործարանի և «Գրին Բրոդերս»-ի միջև։
Հուշագրերը ստորագրվել են «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում, որը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է People in Need չեխական կազմակերպությունը: Ծրագրի գործընկերներն են Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը և Զբաղվածության պետական գործակալությունը։
«Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում Աղվերանում տեղի է ունեցել նաև երկօրյա աշխատաժողով պետական և մասնավոր սեկտորի շահառուների մասնակցությամբ։ Աշխատաժողովի ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ձևաչափերը և յուրաքանչյուր կառույցի համար առավել արդիական մոտեցումը, որոնք հնարավորինս արդյունավետ կդարձնեն պետական և մասնավոր ոլորտների փոխհամագործակցությունը՝ նպաստելով կրթության որակի բարելավմանն ու աշխատաշուկայի ընդլայնմանը։