Սյունիքի մարզում սոցիալական նոր ծառայություններ են գործարկվել

Հրապարակվել է 02 հոկ, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 4 րոպե
Սյունիքի մարզում սոցիալական նոր ծառայություններ են գործարկվել
© Foto: PIN

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի, «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Սյունիքի մարզի բոլոր 7 համայնքապետարանների, ինչպես նաև տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ իրականացնում է «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը։

Եռամյա այս ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, համալիր լուծումներ է առաջ բերում՝ անմիջապես աշխատելով թե՛ խոցելի բնակչության, թե՛ ՀՀ կառավարությանև թե՛ հայաստանյան տեղական հասարակական կազմակերպությունների հետ, որոնք համայնքում սոցիալական ծառայությունների ուղղակի մատուցողներն են։ Այն նպատակ ունի բարելավել Սյունիքի մարզի բոլոր 7 համայնքներում սոցիալական պաշտպանության համակարգը, աջակցել համայնքային սոցիալական ծառայությունների կայուն ֆինանսավորմանը և մարզի ամենախոցելի բնակչության կարիքների արդյունավետ արձագանքմանը՝ նպաստելով աղքատության, անհավասարության և խոցելիության մակարդակի նվազմանը:

Ծրագրի արդյունքներն արձանագրելու և ընթացիկ գործողությունները, այդ թվում նոր ծրագրվող սոցիալական ծառայությունները քննարկելու նպատակով` «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն սեպտեմբերի 27-ին և 28-ին Սյունիքի մարզում հյուրընկալել է ՀՀ ԱՍՀ նախարարությանը՝ ի դեմս նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի, ՀՀ ՏԿԵ նախարարությանը՝ ի դեմս ՏԻՔ վարչության պետ Աշոտ Գիլոյանի, ԱԺ պատգամավորների, Եվրոպական միության պատվիրակության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ կողմերին։


«Ուրախ եմ տեսնել «Գործըներություն հանուն Սյունիքի» ծրագրի առաջընթացը․ տարիներ առաջ այն ընդամենը համատեղ նախագիծ էր, այժմ արդյունքները շոշափելի են։ Սա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և ՔՀԿ-ների արդյունավետ գործընկերություն է։ Մենք համագործակցում ենք «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հետ՝ փորձարկելու բազմաթիվ ծրագրեր, սոցիալական ծառայությունների տարբեր մոդելներ, որտեղ մենք կգնահատենք ծառայությունների արդյունավետութունը, դրանց ինտենսիվությունը, ծառայությունների տրամադրման ծախսարդյունավետությունը, որպեսզի կարողանանք ներդնել պետական համակարգում», - նշում է ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակաության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանն իր ողջույնի խոսքում նշեց․ «Մենք հպարտ ենք լինել այս ծրագրի մաս և աջակցել սոցիալական պաշտպանության ոլորտի համակարգային բարեփոխումներին: ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր գործընկերության օրակարգում մարդկային կապիտալի զարգացումը կարևոր բաղադրիչ է, որը ներկայումս մշակման փուլում է: Մարդկային կապիտալի զարգացման համար գործուն սոցիալական համակարգերի ստեղծումը կարևոր է, միաժամաակ կարևոր և շարունակական է նաև մեր աջակցությունը»:


«Մենք շարունակական ջանքեր ենք գործադրում ՀՀ տարբեր մարզերում սոցիալական խնդիրների համալիր լուծումների ուղղությամբ: Աշխատում ենք քաղհասարակության կառույցների հետ՝ նպաստելով նրանց կարողությունների զարգացմանը և ծառայությունների տրամադրման կայուն մեխանիզմների մշակմանը։ Մենք կարևորում ենք համայնքահեն սոցիալական ծառայությունների մատուցումը՝ մասնակցային պլանավորմամբ և ՔՀԿ-համայնք-պետություն արդյունավետ համագործակցությամբ», - նշում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը։

«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի առաջին փուլով արդեն իսկ 5 դրամաշնորհ է տրամադրվել՝ սոցիալական ծառայությունների բարելավման և մատուցման նպատակով, իսկ Սյունիք այցի շրջանակում ներկայացվել է երկրորդ դրամաշնորհային մրցույթի հաղթող ճանաչված հետևյալ 8 կազմակերպությունների ծրագրերի նպատակներն ու առանձնահատկությունները․ «Գործընկերություն եւ Ուսուցում» ՀԿ, «ԷԿՈ-Երիտասարդություն» ՀԿ, «Գորիսի նոր սերունդ» ԲՀԿ, «Համայնքային զարգացման ուղի» ՀԶՀԿ, «Ներառում Հայաստան» ՀԿ, «Հանրային խորհրդատվության հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Զարկերակ հարթակ» ՀԿ, «Հանուն Ազատության» ԻՀԿ։ Սոցիալական ծառայությունների բարելավմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերի ընդհանուր բյուջեն ողջ ծրագրի ընթացքում կազմում է շուրջ 750, 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

Նշենք նաև, որ այս ծրագրի համատեղ ջանքերի շնորհիվ հավաստագրվել են ծրագրի մասնակից՝ «Գործընկերություն և Ուսուցում», «Համագործակցության կամար» և «Գորիսի նոր սերունդ» հասարակական կազմակերպությունները՝ տարեցներին և երեխաներին ցերեկային կենտրոններում և տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցելու նպատակով։ Առաջիկայում նրանց թիվը կհամալրվի՝ նպաստելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կարիքների հասցեական ու որակյալ ծառայությունների տրամադրմանը։


Սյունիք կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակում հյուրերը այցելել են նաև ծրագրի շրջանակում ֆինանսավորված կենտրոններ՝ սոցիալական ծառայությունների անմիջական շահառուների հետ զրուցելու և ծառայությունների մարամասներին ծանոթանալու նպատակով։ Մասնավորապես, այցելել են Տեղ համայնքի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն, որտեղ ի թիվս այլ ծառայությունների, առաջին անգամ գործարկվել է տարեցների տնային խնամքի ծառայությունը, Արծվանիկի համայնքահեն փոքր տուն՝ նախատեսված մինչև 14 տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի համար և Կապանում սոցիալական ծառայությունների կենտրոն, որտեղ սոցիալ-վերականգնողական, սոցիալ-հոգեբանական ծառայություններ են ստանում ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում հաշվառված անձինք և նախկին դատապարտյալները Կապանից, Քաջարանից և Գորիսից։

«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում եւ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի համագործակցությամբ։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը` համահունչ տեղական զարգացման առաջնահերթություններին: Նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 116 մլն. եվրո, այն կարող է հետագայում ավելանա
Autor: «Մարդը կարիքի մեջ» ՀԿ

Այլ հոդվածներ