Հզորացնելով համայնքային դիմակայունությունը

Aktualizováno: 19 նոյ, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե

Մեր համատեղ ջանքերի շնորհիվ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ավելի քան 24,000 բնակիչ ավելի պատրաստ է դիմակայելու բնական և մարդածին վտանգներով պայմանավորված արտակարգ իրավիճակներին։ «Արտակարգ իրավիճակների պատրաստություն Հայաստանի հարավում» ծրագիրը, որը իրականարել ենք 2024 թ․ սեպտեմբերից՝ 2025թ. հուլիս ամիսների ընթացքում, նշանակալի առաջընթաց է գրանցել պատրաստվածության տեղական կարողությունների զարգացման, համակարգման մեխանիզմների ամրապնդման և Վայոց ձորի Եղեգնաձոր, Եղեգիս, ինչպես նաև Սյունիքի Գորիս համայնքներում վաղ ազդարարման համակարգերի ընդլայնման ուղղությամբ։

DRR Workshops Jermuk and Yeghegis communities
© Foto: PIN Armenia

Ամրապնդելով աղետների ռիսկերի կառավարման հիմքերը

Մեր ջանքերը ուղղված են եղել Հայաստանի հարավային համայնքներին՝ կանխատեսելու, պատրաստվելու և արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքելու ուղղությամբ։ Մասնակցային մոտեցման շնորհիվ ծրագիրը հնարավորություն է տվել տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ-ներին) և համայնքների անդամներին դառնալ աղետների ռիսկերի կառավարման (ԱՌԿ) գործընթացների իրական հեղինակն ու նախաձեռնողները։

Եղեգնաձոր և Եղեգիս համայնքներում ձևավորվել են լիարժեք գործառնական ԱՌԿ համայնքային խորհուրդներ, որոնք ծառայում են որպես համակարգման հարթակ՝ միավորելով տեղական իշխանությունների, ՔՀԿ-ների և բնակիչության ներկայացուցիչներին՝ պատրաստվածության ջանքերի համատեղ պլանավորման, համակարգման և վերահսկման նպատակով։

Այս կառույցներին զուգահեռ՝ մշակվել են համալիր ԱՌԿ պլաններ, որոնք հիմնված են ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից իրականացված տեղական մակարդակում ռիսկերի կառավարման (ՏՄՌԿ) գնահատման արդյունքների վրա։ Այս ծրագրերը տրամադրում են ապացույցների վրա հիմնված ճանապարհային քարտեզ՝ համայնքային առանձնահատկություններով պայմանավորված վտանգների արդյունավետ կառավարման և երկարաժամկետ կայունության ամրապնդման համար։

Գորիս համայնքում իրականացվել է ԱՌԿ ռեսուրսների քարտեզագրման վարժություն, որն ապահովել է տեղական իշխանություններին հասանելի ռեսուրսների, հնարավոր վտանգների և մեղմման գործողությունների մանրամասն պատկերացում։ Ստացված զեկույցն արդեն իսկ օգտագործվում է համայնքային մակարդակում ռիսկերի կառավարման պլանավորման և ռեսուրսների բաշխման գործընթացներում։

Վաղ ազդարարման համակարգեր․ կյանքեր փրկող և ժամանակին տրվող ազդարարում

Հասկանալով, որ արդյունավետ վաղ ազդարարումը արտակարգ իրավիճակներում առաջին պաշտպանական ուղին է, մենք տեղադրել ենք վաղ ազդարարման 41համակարգ (ՎԱՀ)՝ ընդգրկելով Եղեգնաձոր և Եղեգիս համայնքների 17 բնակավայր։ Այս համակարգերը իրական ժամանակում ծառայում են շուրջ 24,000 մարդու՝ հնարավորություն տալով համայնքներին ստանալ արագ ծանուցումներ հեղեղների, հրդեհների, հակամարտության սրացման կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում։


Համակարգերի աշխատանքային կարողությունները ստուգվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից իրականացված գործնական փորձարկումների ժամանակ, որոնք հաստատել են տեղական կառավարման միավորների և ազդարարման ազգային համակարգերի փոխգործունակությունը։ Սա նշանակալի ձեռքբերում է Հայաստանի աղետների ռիսկերի կառավարման ոլորտում։

Համայնքների պատրաստվածության ամրապնդում՝ ռեսուրսների և կրթության միջոցով

Համայնքային կայունությունը առավել ամրապնդելու նպատակով բաշխվել է առաջին անհրաժեշտության պարագաների համալիր փաթեթ՝ վեց բնակավայրերի յոթ հանրային թաքստոցների և ապահով սենյակների համար։ Սարքավորումների ցանկում ընդգրկված են գեներատորներ, լապտերներ, բահեր, լծակներ և մոմեր, որոնք թույլ են տալիս համայնքներին պահպանել կենսական գործառույթները հոսանքազրկման և արտակարգ իրավիճակների ժամանակ։

Զուգահեռաբար իրականացվել են կարողությունների զարգացման մի շարք միջոցառումներ՝ ուղղված տեղական դերակատարների՝ ինքնուրույն և արդյունավետ արձագանքելու հմտությունների բարձրացմանը։

Վայոց ձորի համայնքների տեղական իշխանությունների և ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար կազմակերպվել են թեմատիկ դասընթացներ՝ աղետների ռիսկերի կառավարում, համակարգում, ճգնաժամային հաղորդակցություն և համայնքային պատրաստվածություն ուղղություններով։

Միաժամանակ մշակվել են ուսուցողական նյութեր և ուղեցույցներ արտակարգ իրավիճակների ուսումնավարժությունների կազմակերպման և իրականացման վերաբերյալ։ Դասընթացներ են անցկացվել դպրոցների և մանկապարտեզների տնօրենների, զարգացման կենտրոնների և մշակութային հաստատությունների պատասխանատուների համար՝ ապահովելով, որ նման ուսումնավարժությունները իրականացվեն ինքնուրույն և համահունչ ազգային անվտանգության չափանիշներին։

Ինստիտուցիոնալ զարգացում և բազմակողմանի համակարգում

Համայնքային մակարդակից դուրս ծրագիրը նպաստել է ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը՝ ինչպես մարզային, այնպես էլ ազգային մակարդակներում։

Նախաձեռնվել է ԱՌԿ մոնիթորինգի և գնահատման թեմատիկ խմբի առաջին պաշտոնական նիստը, որի ընթացքում մշակվել են Տեխնիկական առաջադրանք և գործողությունների պլան։ Այս խումբը նպաստում է շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ամրապնդմանը և ապահովում է, որ համայնքային նախաձեռնությունները համահունչ լինեն Հայաստանի ազգային ԱՌԿ ռազմավարություններին և շրջանակներին։

Ծրագրի արդյունքները փաստում են զգալի ձեռքբերումներ մի շարք հիմնական ցուցանիշների ուղղությամբ․

  • Գորիս, Եղեգիս և Եղեգնաձոր համայնքներում ձևավորվել են գործառնական ԱՌԿ մեխանիզմներ,
  • 78 մասնակից անցել է աղետների պատրաստվածության և ԱՌԿ թեմատիկ ուսուցում,
  • 24,000 բնակիչ ստացել է վաղ ազդարարման համակարգերի բարելավված ծածկույթ,
  • 20 ՔՀԿ ներգրավվել է ԱՌԿ համակարգման գործընթացներում՝ կրկնակի գերազանցելով նախանշված ցուցանիշը։

Այս տվյալները հստակ ցույց են տալիս մեր գործունեության լայն ազդեցությունը և ներդրված համատեղ ջանքերի արդյունավետությունը՝ Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու գործում։

Ավելի անվտանգ և պատրաստ Հայաստան

«Արտակարգ իրավիճակների պատրաստություն Հայաստանի հարավում» ծրագիրը վկայում է, թե ինչպես կարելի է նպատակային ներդրումների, տեխնիկական փորձաքննության և համայնքային մասնակցության համադրությամբ ձևավորել ավելի դիմակայուն միջավայր։

«Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության և տեղական իշխանությունների համատեղ նվիրված աշխատանքի շնորհիվ Վայոց ձորի և Սյունիքի համայնքներում դրվել են համակարգված, արագ արձագանքող և ռիսկերի մասին տեղեկացված կառավարման հիմքեր։

Արդյունքում՝ հազարավոր բնակիչներ այժմ ապրում են համայնքներում, որոնք ավելի պատրաստ են արտակարգ իրավիճակներին։

Ծրագիրը մեկնարկել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Մարդասիրական օգնության բյուրոյի ֆինանսավորմամբ, սակայն ԱՄՆ-ի ֆինանսավորման նվազումից հետո նախաձեռնությունը շարունակվել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Club of Friends հիմնադրամի աջակցությամբ։


Author: Դավիթ Հակոբյան

Այլ հոդվածներ