Սյունիքի մարզի սոցիալական ծառայությունների բարելավման նպատակով քաղհասարակության 5 կազմակերպություն ստացել է դրամաշնորհ

Հրապարակվել է 26 փտվ, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե
Սյունիքի մարզի սոցիալական ծառայությունների բարելավման նպատակով քաղհասարակության 5 կազմակերպություն ստացել է դրամաշնորհ
© Foto: Araz Hadjian

Սյունիքի մարզում նախաձեռնելով «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը՝ նպատակ ունենք հզորացնել տեղական հասարակական կազմակերպություններին՝ նպաստելով նրանց և տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ համագործակցությանը, ինչպես նաև համատեղ մշակել համայնքահեն սոցիալական ծառայությունների մասնակցային պլանավորման և մատուցման կայուն մեխանիզմներ։ Բարելավումների արդյունքում համայնքի բնակիչներին մատուցվող ծառայությունները կլինեն ավելի համակարգված ու թիրախավորված։

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում բացի կարողությունների զարգացման դասընթացներից, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն հայտարարել է նաև դրամաշնորհային մրցույթ Սյունիքի մարզում սոցիալական ծառայություն մատուցող կազմակերպությունների համար։ Մրցույթի 8 մասնակիցներից հաղթող են ճանաչվել «Առաքելություն Հայաստան», «Գործընկերություն և ուսուցում», «Համագործակցության կամար», «Հանուն ազատության» և «Միասին հանուն համայնքների զարգացմանը» հասարակական կազմակերպությունները՝ ստանալով 45,000 եվրոյին համարժեք դրամ՝ համայնքի սոցիալական ծառայությունների բարելավման նպատակով։

«Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը, «Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված համայնքահեն փոքր տան պայմանների բարելավում» ծրագրի շրջանակում, Կապան խոշորացված համայնքի Արծվանիկ գյուղում նախատեսում է տրամադրել 14 տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց համար խնամքի, սոցիալ-հոգեբանական և սոցիալ-առողջապահական շուրջօրյա ծառայություններ՝ նրանց համար ապահովելով բարեկարգված շենքային պայմաններ։



«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն, իրականացնելով «Համայնքահեն սոցիալական ծառայությունների կենտրոն Տեղ համայնքում» դրամաշնորհային ծրագիրը, աշխատում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, զարգացման առանձնահատկություններ և հաշմանդամություն ունեցող 5-18 տարեկան թվով 150 երեխայի (ներառյալ տեղահանված), միայնակ 35 տարեցների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված 80 ընտանիքի հետ։ Թիրախային խմբերի հետ աշխատանքներն առանձացված են և ներառում են սոցիալական ծառայություններ կամ վերամասնագիտացման դասընթացներ, որոնք կնպաստեն շահառուների աշխատողականության բարձրացմանն ու եկամտի աղբյուրի ստեղծմանը։


«Համագործակցության կամար» ՀԿ-ն իր ծառայություններն իրականացնում է Գորիս խոշորացված համայնքում։ «Տարեցների ցերեկային կենտրոնում և տան պայմաններում խնամքի ապահովում» ծրագրի նպատակն է նպաստել Գորիսի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված տարեցների, անապահով ընտանիքների ստացիոնար, ինչպես նաև տան պայմաններում խնամքի ապահովմանը, նրանց ակտիվ ժամանցի կազմակերպմանը և հանրային կյանքում մասնակցայնության բարձրացմանը։ Ծրագրի շրջանակում 153 տարեցների կտրամադրվի խնամքի և վերականգնողական օգնություն , նրանցից նվազագույնը 50-ին կտրամադրվի ստացիոնար և արտագնա ձևաչափով սոցիալ-հոգեբանական և սոցիալ-առողջապահական ծառայություններ։


«Հանուն ազատության» իրավական ՀԿ-ն Կապան, Քաջարան, Գորիս խոշորացված համայնքներում սոցիալ-հոգեբանական, սոցիալ-աշխատանքային և սոցիալ-իրավական ծառայություններ է տրամադրում ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում հաշվառված անձանց և նախկին դատապարտյալներին։ Ծրագրի արդյունքում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող 40 անհատ հնարավորություն կունենա հաղթահարել անազատության մեջ գտնվելու հետ կապված սոցիալ-հոգեբանական խնդիրները, ինչպես նաև վերասոցիալականացվել ու վերամասնագիտանալ։ Ծրագիրը նպաստում է նաև կրկնհանցագործություն կատարելու հավանականության նվազեցմանը և զբաղվածության հնարավորությունների ստեղծմանը։


«Միասին հանուն համայնքների զարգացմանը» ՀԿ-ն Սիսիան խոշորացված համայնքում աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից տեղահանված, սոցիալական ծանր պայմաններում գտնվող և երեք կամ ավելի, ինչպես նաև հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին։ Շուրջ 70 թիրախային խմբերի ընտանիքների գյուղատնտեսական ներուժի բացահայտման միջոցով՝ աջակցման երաշխավորված, համագործակցության սկզբունքով, փոխհատուցվող գործարքի հիման վրա կտրամադրվեն սոցիալ-աշխատանքային ծառայություններ, որոնց արդյունքում՝ զբաղվելով թռչնաբուծությամբ, ճագարաբուծությամբ, խոզաբուծությամբ շահառուները կունենան եկամուտների աճ, կայուն և դիվերսֆիկացված ֆինանսական միջոցներ։


«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում և «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի համագործակցությամբ։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը` համահունչ տեղական զարգացման առաջնահերթություններին: Նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 116 մլն. եվրո, այն կարող է հետագայում ավելանալ։
Autor: «Մարդը կարիքի մեջ» ՀԿ

Այլ հոդվածներ