Երեխաներն ապրեցնում են եւ ստիպում չհանձնվել
Հրապարակվել է 12 փտվ, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 4 րոպեԼեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանումը բացի կորստի ծանր զգացողություններից՝ բնակչության համար առաջ է բերել նաև մի շարք խնդիրներ։ Տեղահանված անձինք իրենց առօրյան կազմակերպելու և ընտանիքի համար հոգ տանելու համար՝ ստիպված են լինում բազում խոչընդոտներ հաղթահարել։ Ուստի, մեր ծրագրերի միջոցով մենք շարունակում ենք մեր աջակցությունը՝ հույս ունենալով թեթևացնել նրանց հոգսը։ Այս անգամ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցության շնորհիվ՝ աջակցել ենք Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ավելի քան 1200 ընտանիքի՝ նրանց տրամադրելով ձմեռացման պարագաներ, այդ թվում՝ մահճակալներ, ծածկոցներ, բարձեր, սպիտակեղեն, սրբիչներ, նասկիներ, գլխարկներ ու շարֆեր։
Ալբերտի, Սվետլանայի և Նարինեի ընտանիքների պատմությունները տեղահանված մարդկանց ամենօրյա հոգսերի ու կյանքի կազմակերպման ուղու արտացոլումն են։
Երկու տեղահանության միջով անցած Ալբերտի ընտանիքը
Ալբերտի երեխաների զրնգուն ձայնը ամենադրականն էր, որ ուղեկցում էր տեղահանության ծանր հետևանքների մասին տխուր պատմություններին։ Ալբերտի չորս երեխաներից երկուսը ծնվել են Գորիսում՝ ճակատագրի բերումով երկու անգամ տեղահանվելու հետևանքով՝ 2020-ի 44-օրյա հակամարտության և 2023-ի սեպտեմբերյան տեղահանության արդյունքում։
Ալբերտի ընտանիքը Հադրութից է, բնակվում էին Հարթաշեն գյուղում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում նրանք ժամանակավորապես բնակություն էին հաստատել Գորիսում, ապա Արցախի կառավարության օգնությամբ կրկին տեղափոխվել էին Լեռնային Ղարաբաղ՝ Շոշ գյուղ։ «Մեզ համար մեծ ցավ էր Հադրութի կորուստը ու մեր տունը, սակայն արդեն սկսել էինք համակերպվել Շոշ գյուղի մեր նոր միջավայրին, երբ կրկին տեղահանության առաջ կագնեցինք», - նշում է Ալբերտը։ Այժմ վարձակալությամբ կրկին ապրում են Գորիսում։ Ընտանիքում միայն մայրն է աշխատում, ով Ղարաբաղում դասավանդում էր, իսկ Գորիսում ընտանիքի եկամուտն ապահովում է արցախյան ժինգյալով հացի վաճառքով։
Բնակարանային հարցը շարունակում է առաջնային խնդիր լինել Ալբերտի ընտանիքի համար։
Բնակարանամուտ, որն այդպես էլ տեղի չունեցավ
«Մեր ուրախությունն են», - նշում է Սվետլանան՝ գրկելով մեկուկես տարեկան փոքրիկ Սվետլաննային ու վեց ամսական Ալեքսանդրին։ Սվետլանան շրջապատված է իր երեխաներով, հարսներով ու երկու թոռնիկով, որոնց հոգսը հիմնականում միայն իր ուսերին է եղել։ Ընտանիքում 9 հոգի են։ Նա չորս երեխա ունի, միակ աղջիկը հաշմանդամ է, տառապում է քրոնիկ հիվանդությամբ։ Տեղահանության, տան կորստի դժվարությունները նրա հոգսն էլ ավելի մեծացրին։
Երբ դեռ Մարտունիում էին բնակվում, այգի ունեին գյուղում, անասնապահությամբ էին զբաղվում, տղաներն աշխատանք ունեին, կարողանում էին եկամուտ ապահովել։ Լեռնային Ղարաբաղում հաշված օրեր էին մնացել նոր բնակարանամուտին․ այդպես էլ մնաց․․․ Երազանքն այսօր նույնն է․ ունենալ մի սեփական անկյուն։
Այժմ օգտվում են պետական ու բարեգործական ծրագրերից և գումարի մի մասը վարձակալության համար են ծախսում, սակայն անորոշության մեջ են, տղաները նոր են աշխատանք փորձում գտնել, դեռ վստահ չեն, որքանով կհաջողվի կայուն աշխատանք գտնել։
Մեղրիում անվճար տան հնարավորություն էր ընձեռնվել պետության կողմից, սակայն հաշմանդամ դստեր խնամքի համար այդ պայմանները բավարար չէին։ Նրանք նախընտրեցին տեղափոխվել Վերիշեն ու վճարել տան համար։ Այդուհանդերձ, կապը Մեղրիի համայնքի հետ ամուր է մնացել․ ժամանակ առ ժամանակ շփվում են նրանց հետ ։
«Նոր բնակավայրին հարմարվել ենք։ Թեև երկու տուն եմ արդեն կորցրել, որոնք կահավորված էին անհրաժեշտ գույքով և հարմարություններով, բայց չեմ հարմարվում մարդկային կյանքերի կորստի հետ, անհանգստանում եմ բոլորի համար, այդքան ծնող մնաց արցունքների մեջ», - նշում է Սվետլանան ու արտասվում։
Բազմամյա ուսուցչուհու ջերմ ու հյուրընկալ տունը
Նարինեն ուսուցչուհի է։ Նա Ղարաբաղում հայոց լեզու և գրականություն է դասավանդել։ Այժմ ամուսնու և չորս երեխաների հետ Գորիսում է ապրում: Նրանց տան մթնոլորտը ջերմ է, իսկ սեղանը՝ լի գրքերով:
Երեխաները սիրով դասերն էին սովորում ու միմյանց օգնում: Նարինեն նույնպես հետևում էր երեխաների տնային աշխատանքների կատարման ընթացքին։
Նարինեն այժմ միակն է տանը, ով աշխատում է: Ամուսինը ցանկանում էր աշխատանք գտնել Գորիսում, բայց այն անհամատեղելի է իր առողջական կարգավիճակի հետ:
Նրանք վարձով են բնակվում, ինչպես գրեթե բոլոր տեղահանված ընտանիքները: «Հողը մեզ կապեց այս տան հետ, այստեղ փոքր հողակտոր կա, չնայած, ժամանակավոր ենք, չենք կարող մշակման պլաններ կազմել, բայց այնուհանդերձ մի քանի կանաչի ենք ցանել», - նշում է Նարինեն։
Իրենք էլ չեն պատկերացրել, որ կանգ կառնեն հենց Գորիսում։ Չնայած իննամսյա շրջափակումը, պատերազմի դառը հետևանքները և բենզալցակայանի պայթյունը Ղարաբաղում անդառնալի հետքեր են թողել, այնուամենայնիվ փորձում են հաղթահարել ու ուժեղ մնալ, լավատեսորեն հավատալով, որ ամեն ինչ շուտով կկարգավորվի։
Նարինեն, ով դասավանդման երկարամյա փորձ ունի, այժմ աշխատում է որպես ուսուցչի օգնական: Մթնոլորտը ջերմ է ու տրամադրող, ուրախ է, որ հնարավորթյուն ունի տրամադրող միջավայրում աշխատել, սակայն մեծ ցանկություն ունի ուսուցչի կարգավիճակով աշխատել: Հայոց լեզվից ու գրականությունից զատ՝ Ղարաբաղում նաև դասավանդել է հայոց եկեղեցու պատմություն, շուրջ 18 տարի էլ աշխատել է մանկապարտեզում:
Այս պատմությունները հավաքագրվել են «Սյունիքի մարզի սահմանային բնակավայրերի աղետների ռիսկի նվազեցում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի և իրականացվում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից։ Սերտորեն համագործակցելով համայնքապետարանների հետ՝ մենք ծրագիրը կենտրոնացրել ենք երկու սահմանամերձ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում տեղահանված ընտանիքներին ձմեռացման պարագաների տրամադրման վրա։ Օգնությունը մասնավորապես ներառում էր 900 մահճակալ, 4000 ծածկոց, 3000 անկողնային պարագա, 4000 սրբիչ, 2000 զույգ նասկի, 4000 գլխարկ և շարֆ։ Բացի այդ ծրագրի շրջանակում վերանորոգվել և կահավորվել է հինգ թաքստոց։
Բովանդակության համար պատասխանատու է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։