«Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության թիմը մարդասիրության համաշխարհային օրվա շրջանակում ամփոփում է վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները
Հրապարակվել է 19 օգս, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 5 րոպեԱյդ կապակցությամբ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության թիմն ամփոփում է վերջին մեկ տարվա արդյունքները։ Վերջին շրջանում պատերազմական գործողությունների և արտակարգ իրավիճակների ընթացքում՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի թիմը հասցրել է աշխատել Հայաստանի բոլոր մարզերում և ամենադժվար հասանելի վայրերում։
2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից սկսած՝ կազմակերպությունն անմիջական օգնություն է տրամադրում տեղահանված անձանց, որը հատկապես կենսական նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100,000 հայերի, ինչպես նաեւ հյուրընկալ համայնքների համար: Տրամադրվող աջակցությունը ներառում է դրամական կտրոններ, կոմունալ վճարներ, էկոլոգիապես մաքուր վառելանյութ՝ բրիկետներ, հիգիենայի պարագաների փաթեթներ, մահճակալներ ու անկողնային պարագաներ, պատրաստի տաք սնունդ, ինչպես նաև աջակցության առավել երկարաժամկետ լուծումներ՝ մասնագիտական ուսուցման դասընթացներ, տնտեսական ինտեգրման համար նախատեսված բիզնես դրամաշնորհներ, մանկական զարգացման կենտրոններ։ Հայաստանում ոչ պարենային ապրանքների աջակցության ոլորտում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն հումանիտար խոշոր կազմակերպությունների եռյակում է։
Սեմյոնն ու Մարիան այն ընտանիքներից մեկն են, որոնք ընդգրկվել են դրամական կտրոնների աջակցության ծրագրում։ «Մեղրից փորձե՛ք, հաստատ այսքան համեղ մեղր չեք կերել․․․», - ասում է Սեմյոնը՝ ցույց տալով Ղարաբաղից իրենց հետ բերած մեղրի վերջին ամանը։ Նա և իր կինը՝ Մարիան, Հայաստան են տեղափոխվել տեղահանության արդյունքում՝ այնտեղ թողնելով ամեն ինչ, այդ թվում՝ ավտովթարից զոհված որդու շիրիմը։ Այդուհանդերձ՝ ջանքեր չեն խնայում լավատես մնալու համար․ «Ճիշտ է, կորցրել ենք ամեն ինչ, սակայն ձեռքերը ծալած նստելը լուծում չէ․ մարդ պետք է ստեղծի մի բան», - շարունակում է Սեմյոնը:
Ինչպես ցույց է տրված գծապատկերում՝ 2023 թվականի սեպտեմբերից մինչ այսօր Հայաստանի բոլոր մարզերում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն 2,5 միլիոն եվրոյին համարժեք դրամի չափով անմիջական օգնություն է տրամադրել խոցելի անձանց։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն աշխատում է խոցելի համայնքների հետ և մշտադիտարկում հասարակության կարիքները։ Կազմակերպությունը նաև աջակցություն է տրամադրում սոցիալապես խոցելի խմբերին և սերտորեն համագործակցում պետական կառույցների, այդ թվում՝ համայնքապետարանների հետ՝ կարիքի մեջ գտնվող անձանց օգնությունը տեղ հասցնելու գործում։ Կազմակերպությունը հավատարիմ է մնում դժվար կացության մեջ հայտնված անձանց օգնելու գաղափարին՝ նրանց տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները հարգելով։ Շատերը կորցրել են ամեն ինչ և ունեն անգամ առաջին անհրաժեշտության՝ կացարանի, հագուստի և այլ իրերի, ինչպես նաև վերապատրաստման և աշխատանքի հնարավորությունների պակաս։
Կազմակերպության գործունեությունը չի սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած մարդկանց աջակցությամբ։ Օգնություն են ստացել նաև ավելի քան 400 ընտանիքներ, որոնք Հայաստան են տեղափոխվել Ուկրաինայի պատերազմի հետևանքով․ նրանք ստացել են մարդասիրական օգնություն, մասնագիտական ուսուցում և բիզնես դրամաշնորհներ՝ իրենց ընտանիքներին կայուն եկամուտով ապահովելու համար։ Վերջերս Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով օգնություն է հատկացվել շուրջ 400 տուժած ընտանիքների՝ կենցաղային տեխնիկայի, հիգիենայի և կենցաղային պարագաների ձեռքբերման համար։
Ելակների ու լոլիկի առաջին բերքն արդեն երևում է․․․ Նատելլան, ով Հայաստան է տեղափոխվել Ուկրաինայի պատերազմի հետևանքով, ընդգրկվել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող Ուկրաինայի պատերազմից տուժած ընտանիքների վերաինտեգրման ծրագրում։
Մշտապես ուսումնասիրելով Հայաստանի դժվար հասանելի համայնքների սոցիալական խնդիրները, ինչպես նաև ընդունող համայնքների և տեղահանված անձանց արդիական խնդիրները՝ կազմակերպությունը ձգտում է դրանք լուծել տարբեր մեխանիզմների և միջազգային փորձի միջոցով։ Երկարաժամկետ զարգացման ծրագրերը ներառում են անմիջական համագործակցություն պետական մարմինների և տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հետ՝ սոցիալական ծառայությունները և միգրացիայի կառավարման քաղաքականությունը բարելավելու համար։ Ներկայումս «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի միայն այս պահին ընթացող ծրագրերի շրջանակում՝ ավելի քան 30 տեղական քաղհասարակության կազմակերպություններ անցնում են կարողությունների զարգացման դասընթացներ և միաժամանակ ստանում շուրջ 1 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհներ սոցիալական ծառայությունների ստեղծման կամ բարելավման նպատակով։ Այդ կազմակերպություններն էլ իրենց հերթին աշխատում են բազմաթիվ այլ թիրախային համայնքների հետ՝ հումանիտար կամ զարգացման ծրագրերում ընդգրկելով կարիքի մեջ գտնվող տարբեր թիրախային խմբերի։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն շարունակում է մշակել նոր նախաձեռնություններ՝ ուղղված տեղահանված անձանց և սոցիալապես խոցերի խմբերի կյանքի բարելավմանը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների մատուցման համակարգային փոփոխություններին։ Կազմակերպությունը հայտարարել է SOS Հայաստան ֆոնդհայթայթումը և օգտվել սեփական Club of Friends հիմնադրամից՝ անմիջական աջակցություն տրամադրելու համար։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր դոնոր կազմակերպություններին՝ Եվրոպական միությանը, Եվրոպական միության հումանիտար աջակցությանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հումանիտար աջակցությանը, Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին (ՄԱԿ ՓԳՀ), Start Network բրիտանական ֆոնդին, Stichting Vluchteling՝ Նիդերլանդների փախստականների օգնության հիմնադրամին, Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնին և աջակից մյուս կողմերին։
«Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպությունը 2003 թվականից ի վեր գործունեություն է ծավալում Հայաստանում, սակայն ավելի վաղ արմատներ ունի․ 1988 թվականին՝ դեռևս կազմակերպության ստեղծումից շատ առաջ, մի խումբ երիտասարդ չեխ լրագրողներ սկսեցին մարդասիրական օգնություն հասցնել Հայաստան՝ օգնելու Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած մարդկանց։ Այս ամենը հիմք հանդիսացավ շահույթ չհետապնդող կազմակերպության ստեղծմանը, որը 1992 թվականին պաշտոնապես կոչվեց «Մարդը կարիքի մեջ» կամ People in Need.
Այդ ժամանակից սկսած կազմակերպությունն իրականացնում է մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք ուղղված են համայնքային զարգացմանը։ Այս ծրագրերն ուղղված են տնտեսական ինտեգրմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, բիզնես աջակցությանը, ընդգրկում են ոլորտներ ինչպիսիք են գյուղական տուրիզմը, միգրացիան, քաղաքացիական կրթությունն ու երիտասարդների հզորացումը՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում։