Կիսատ թողած երազանքներով…

Հրապարակվել է 08 հնվ, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե
Կիսատ թողած երազանքներով…
© Foto: Շուշանիկ Ներսեսյան

Օքսանան ուժեղ կնոջ մարմնացում է. երբեք չհանձնվող և մյուսների մասին հոգ տանող մի կին։

Սա այն տունն է, որն այդպես էլ մնաց Օքսանայի ընտանիքի երազանքներում. ցույց է տալիս եւ լուռ արտասվում։ Ընտանիքի բոլոր խնայողությունները, որոնք ներդրվել էին այս տան կառուցման համար, հաջորդ իսկ օրվանից անհետաձգելի բժշկական միջամտությունների համար կարող էր ծառայել։ 

Օքսանան բժշկական զննման ժամանակ բացահայտեց, որ ունի վահանձեւ գեղձի չարորակ ուռուցքներ, որոնք պետք է հրատապ վիրահատվեին։ Դեռեւս 2022 թվականի սեպտեմբեր ամիսն էր, երբ Լեռնային Ղարաբաղից Երեւան գալն իրատեսական էր: Բուժումը երկարատեւ էր, եւ Օքսանան ստպված էր յուրաքանչյուր ամիս բաժանվել երեխաներից՝ Երեւանում բուժումը շարունակելու նպատակով, իսկ երեխաները խնամքի համար ստիպված էին լինում տեղափոխվել նրա հայրական տուն՝ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղ։

Հաջորդ վիրահատությունը պլանավորված էր 2022 թվականի դեկտեմբերի 20-ին, բայց բժշկի հերթագրումների պատճառով, այն տեղափոխվեց ավելի վաղ և Օքսանան իր ամուսնու հետ լքեց Ղարաբաղը դեկտեմբերի 12-ին վաղ առավոտյան, որից ընդամենը ժամեր անց ճանապարհը փակվեց։ «Մտածեցինք, լավ, կբացեն շուտով. սովոր ենք գազը փակում են՝ բացում, ճանապարհն էլ այդպես կլինի»,- ասում է Օքսանան։

Վիրահատությունից հետո տուն գնալու հույսը չկորցրին, եւ դուրս եկան Երևանից այն հույսով, որ ճանապարհը կբացվի, սակայն Տեղ գյուղում այդպես էլ երկար ժամանակ կանգ առան ապարդյուն։ Արցախի տեղեկատվական կենտրոնի ուղղորդմամբ՝ նրանք կարողացան տեղավորվել Գորիսի հյուրանոցներից մեկում: Միայն ամիսներ անց մեծ դժվարությամբ վերադարձան հայրենիք՝ երեխաների մոտ։ Հիվանդությունը ցավոք կրկին հրատապ միջամտություն էր պահանջում, երկար սպասումներից ու հերթագրումներից հետո Օքսանան եվս մեկ անգամ եկավ Երեւան․ այս անգամ արդեն անվերադարձ․․․

Սեպտեմբերյան կրակոցների մասին լուրը նրան հերթական անգամ ցնցեց, մի քանի օր շարունակ հնարավորություն չուներ կապ հաստատել երեխաների հետ։ «Երեք օր ամուսինս ու ես հաց չենք կերել»,- ասում է Օքսանան։

Օքսանայի աղջիկը Բերդաշենի բարձունքի վրա գտնվող Աղջկա բերդի հուշահամալիրից էր միայն կարողանում կապ հաստատել մոր հետ։ 14-ամյա աղջկա հետ խոսակցությունն ամենաջերմացնող իրողությունն էր ու թերեւս ամենասարսափելին, երբ աղջիկը հեռախոսի մյուս ծայրից ասում էր․ «մամ հանց պիտի, ծափ տամ, ինգինիմ կողքդ»։ Զրույցի ժամանակ դուստրը տեղեկացնում է, որ պապիկը բավարար քանակով վառելիք չունի և ստիպված է հայթայթել այն Ստեփանակերտում։

Ժամեր անց պայթյունի մասին տեղեկությունը մի նոր ցավ է բերում համայն բնակչությանը: Օքսանան եւ իր ամուսինը պարզապես պարալիզացված էին, չունեին ոչ մի տեղեկություն՝ իր հոր և երեխաների մասին, ովքեր պետք է վառելիք գտնեին Ստեփանակերտում։ Պայթյունի ու կապի բացակայության պատճառով բոլոր հարազատների տեղահանությունը կանգ էր առել, ոչ ոք չէր ուզում լքել՝ մյուս հարազատի մասին տեղեկություն չունենալով:

Օքսանայի երեխաներն ու հայրը երջանիկ պատահականությամբ պայթյունի վայրում չէին եղել, սակայն Օքսանայի հայրը չէր շտապել դուրս գալ՝ քանի որ պայթյունի վայրում այրվել էր Օքսանայի հորաքրոջ ամուսինը․․․

Օքսանան իր ամուսնու հետ ընդառաջ գալով՝ իրենց անչափահաս երեխաներին հանդիպում են Կոռնիձորում։ Դրական հույզերին միախառնվել էին նաև երեխաների ծանր հոգեկան ապրումները։ Գորիսի համայնքապետարանի ուղղորդմամբ՝ Օքսանան տեղեկացել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի օգնությամբ երեխաների համար մատուցվող հալոթերապիայի ծառայության մասին, որը ուղեկցվում է ժամանցային խաղերի եւ մանկական հոգեբանի կողմից առաջադրված խաղերով ու սեանսներով:

Ամեն ինչ կիսատ ենք թողել․ կիսատ մնացած երազանքներով

Օքսանան շարունակում է թերթել հեռախոսի նկարները, որոնցից յուրաքանչյուրն արդեն իսկ դարձել է անգին հուշ բոլորի համար:

«Բաժանվել ենք․․․» նկարում ընկերուհիներն են։


«Այս ընկերուհիս Ֆրանսիայում է, մյուսը՝ Էջմիածնում, նա՝ Հրազդանում։ Բաժանվել ենք։ Այստեղ Գորիսում ծանոթներ չունեմ։ Հարազատներս նույնպես սփռված են Հայաստանի տարբեր մարզերով։ Մենք այստեղ մնացինք, քանի որ բլոկադայի ընթացքում նույնպես ստիպված այստեղ էինք կայանել՝ դեպի Ղարաբաղ արագ տեղափոխման հույսով»։

Օքսանան ուժեղ կնոջ մարմնավորում է․ այս դժվարությունների միջով անցնելիս նա տոկուն է մնացել։ Մեր զրույցի ավարտին՝ հեռախոսի զանգին է պատասխանում ու նշում, որ շուտով կհասնի գրասենյակ։ Նա հասցրել է վերապատրաստվել ու աշխատքանի անցել որպես սոցիալական աշխատող եւ փորձում է օգնել մյուս կարիքավորներին:

Տեղահանված անձանց կյանքի պատմությունները դիմակայունության սահմաններ չունեն: «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը՝ Եվրոպական միության աջակցությամբ փորձում է օգնել դժվարին պայմաններում հայտնված մարդկանց։

Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության աջակցությամբ՝«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն «Աջակցություն Հայաստանում ճգնաժամից տուժած բնակչության հրատապ կարիքներին» ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսվա ընթացքում Սյունիքի մարզում տրամադրել է հիգիենայի պարագաների փաթեթներ ավելի քան 1000 ընտանիքի համար՝ նախատեսված նաև ծերերի և երեխաների համար։      


Autor: Շուշանիկ Ներսեսյան

Այլ հոդվածներ