SOS Հայաստան․ մեկնարկել ենք աջակցության կոչ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց օգնելու համար
Հրապարակվել է 26 սեպ, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպեՍեպտեմբերի 19-ին՝ երեքշաբթի օրը, Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունների վերսկսման և տեղի իշխանությունների հետագա զիջումների հետևանքով՝ տասնյակ հազարավոր մարդիկ տեղափոխվում են Հայաստան։ Մեր թիմն արդեն տեղում է և տրամադրում է հումանիտար աջակցություն՝ սննդի, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսված հենաշարժական պարագաների և երեխաների համար անվտանգ վայրերի տեսքով։ Մենք նաև աջակցում ենք տեղական կազմակերպություններին՝ հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց օգնելու նպատակով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մշտական տառապանքի աղբյուր է եղել 1988 թվականից ի վեր։
«Իրավիճակն առավել ճգնաժամային է՝ հաշվի առնելով սահմանին մարդկանց թվի աճը։ Նրանց մեջ կան ծերեր, փոքր երեխաներ ունեցող ընտանիքներ։ Շատերն իրենց հետ վերցրել են առաջին անհրաժեշտության իրեր և չունեն համապատասխան հագուստ, սնունդ կամ հիգիենայի պարագաներ։ Մենք ապավինում ենք մեր դոնորների կողմից տրամադրված միջոցներին, որպեսզի կարողանանք արձագանքել քաղաքացիական հասարակության ներկայիս կարիքներին», - նշում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը։
«Մենք մարդկանց ջուր, սնունդ, գնումների համար նախատեսված վաուչերներ, ներքնակներ, վերմակներ, հագուստ կտրամադրենք։ Մենք կօգնենք կահավորել բնակելի կենտրոնները, կաջակցենք երեխաներին ու ծերերին և կտրամադրենք այլ հիմնական հումանիտար աջակցությամբ։ Մենք դիմում ենք հանրությանը՝ իրենց ներդրումն ունենալու SOS Հայաստան արտակարգ իրավիճակների համար հայտարարված կոչին», - ասում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի համահիմնադիր Շիմոն Պանեկը։
Նվիրաբերեք գումար SOS Հայաստան արտակարգ իրավիճակների համար հայտարարված կոչին.
«Մենք սննդի փաթեթներ և երեխաների համար նախատեսված անվտանգ վայրեր ենք տրամադրում նրանց, ովքեր հատում են Հայաստանի սահմանը։ Մենք օգնություն ենք տրամադրում տեղի իշխանություններին։ Աջակցությունը ներառում է նաև անվասայլակների և այլ հենաշարժական պարագաների տրամադրումը», - ասում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ծրագրի համակարգող Միխալ Զելբան։
Առաջին մարդասիրական օգնությունը հնարավոր է եղել ձեռք բերել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Club of Friends հիմնադրամի կողմից տրամադրած 40,000 եվրոյի շնորհիվ։
«Մենք երկար ժամանակ է, ինչ օգնում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած մարդկանց Հայաստանում։ Մենք շարունակում ենք աջակցություն ցուցաբերել ինչպես հակամարտության և հետագա զարգացումների հետևանքով տուժած մարդկանց, այնպես էլ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին և ներկայիս իրադարձություններին», - նշում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Արևելյան գործընկերության և Բալկանների տարածաշրջանային ղեկավար Պետր Դրբոհլավը։
Հայաստանը Ղարաբաղին կապող ցամաքային ուղու 9-ամսյա շրջափակումը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղում սննդի, դեղորայքի, վառելիքի և մարդասիրական օգնության պակասի։ Մինչ ներկայիս իրավիճակը՝ շուրջ 120,000 էթնիկ հայ էր ապրում Լեռնային Ղարաբաղում, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս։ Անցած երեքշաբթի Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել՝ այդ տարածքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար։ Ներկայիս տեղեկատվության համաձայն՝ ավելի քան 19,000 հայ է արդեն լքել Լեռնային Ղարաբաղը և մուտք գործել Հայաստան։ Ակնկալվում է, որ այսօր երեկոյան այս թիվը կգերազանցի 20,000-ը։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն մշտական ներկայացուցչություն ունի Հայաստանում սկսած 2003 թվականից, մինչդեռ մենք առաջին անգամ հումանիտար աջակցություն ենք տրամադրել Հայաստանում 1988 թվականի երկրաշարժից հետո։ Չեխ ուսանողների մի խումբ, որոնց անդամները հետագայում դարձան «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հիմնադիրները, սկսել էր օգնություն հավաքագրել՝ երկրաշարժի հետևանքով տուժածներին օգնելու համար։ Նրանք շուրջ 50 տոննա նյութական աջակցություն ուղարկեցին Հայաստան, և միևնույն ժամանակ պարարտ հող նախապատրաստեցին «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հետագա զարգացման համար։