Օգնություն ենք տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տուժած ընտանիքներն
Հրապարակվել է 01 հլս, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորման շնորհիվ օգնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տուժած ընտանիքներին, որոնք 2020 թվականի սեպտեմբեր ամսից ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը:
«Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը «Հումանիտար աջակցություն հակամարտությունից տուժած խոցելի բնակչության համար» ծրագրի շնորհիվ օգնում է տեղահանված ընտանիքներին՝ տրամադրելով նրանց խնամքի միջոցներ և ջեռուցման հնարավորություններ, ինչպես նաև աշխատանքներ տանում COVID-19-ի տարածումը մեղմացնելու ուղղությամբ՝ աշխատելով անմիջապես բժշկական կենտրոնների և կացարանների հետ. ընդհանուր առմամբ օգնություն է ստացել 45 հաստատություն Հայաստանի 8 մարզում և Երևանում, որից՝ 36-ն առողջապահական հաստատություն, իսկ 9-ը՝ կացարան: Մինչ այդ, սկզբնական կարիքների գնահատման արյունքները հաշվի առնելով, համավարակի հետևանքների մեղմացման ծրագրերից բացի, իրականացվել են նաև դասընթացներ նշված հաստատությունների աշխատակիցների համար:
«Հումանիտար աջակցություն հակամարտությունից տուժած խոցելի բնակչության համար» ծրագիրն աջակցում է շուրջ 10,000 շահառուների:
Լեռնային Ղարաբաղից տեղահանված բազմաթիվ ընտանիքներ չեն կարողացել տուն վերադառնալ: Նրանք ապաստան են գտել Երևանի և ՀՀ մարզերի հյուրանոցներում, դպրոցներում կամ մասնավոր բնակարաններում: «Մեր մեծ ընտանիքն Ասկերանի շրջանի Բաղդասար գյուղից է: Երեք տղաս սեպտեմբերի 27-ին դիրքեր գնացին, կռվի առաջին օրով էլ մենք եկանք Գորիս, Գորիսում մի քանի օր մնալուց հետո տեղափոխվեցինք քոլեջ, դեկտեմբեր ամսից էլ մենք այստեղ ենք» - նշում է Սվետլանան: Նրանց ընտանիքն այժմ բնակվում է Մեծամորի կացարաններից մեկում՝ նախատեսված 140 բնակչի համար: «Մեր ընտանիքը բաղկացած է 30-ից ավելի անդամներից. ունեմ ինը երեխա և 18 թոռ. 18-րդ թոռնիկն էլ այստեղ է ծնվել», - ավելացրեց նա:
Նարինեն այս կացարանում Սվետլանայի հարևանն է, նա Ուխտասար գյուղից է: «Մենք Ասկերանի շրջանից ենք. այնտեղ բնակություն հաստատեցինք 17 տարի առաջ», - ասում է նա:
«Սկզբում այստեղ գրեթե պայմաններ չկային. ամեն ինչ հին էր, բազմոցը, հատակը, խոհանոց չկար, յուրաքանչյուրս մեր սենյակում էինք օգտվում գազից», - ասում է Նարինեն: Նա նշում է, որ խոհանոց չունենալու պատճառով, սենյակներում էին գազ օգտագործում՝ ճաշ պատրաստելու համար: Նա նշեց, որ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը վերանորոգեց խոհանոցը, որն այժմ շատ հարմարավետ է ժամանակ անցկացնելու և ճաշ պատրաստելու համար:
«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հումանիտար ծրագրերի ղեկավար Փոլ Թիբոլթը նշում է. «Մենք գնացինք կացարան տեսնելու կենցաղային պայմաններն և լսելու այնտեղ ապրող ընտանիքների պատմություններն ու կարիքները: Սենյակները փոքր են, այնտեղ ճաշ պատրաստելը վտանգավոր, բայց նրանք այլընտրանք չունեին: Որոշեցինք անմիջապես վերանորոգել երեք հարկում տեղակայված խոհանոցներն ու տրամադրել անհրաժեշտ գույք` պահարաններ, վառարաններ և սառնարաններ, սեղաններ ու աթոռներ»:
Սվետլանան և Նարինեն այս ծրագրի շրջանակում ստացել են նաև վերմակներ: Նրանք չեն հասցրել վերմակներ բերել իրենց հետ և օգտագործում են իրենց տրամադրված վերմակները:
Հեղինե Պողոսյանն, ով աշխատում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունում, պատմում է, թե ինչ են ներառում խնամքի պարագաների փաթեթները, որոնք տրամադրվել են Սյունիքի, Վայոց ձորի, Արմավիրի և Արարատի մարզերում բնակվող տեղահանված ընտանիքներին:
Հադրութը լքելուց հետո Իրինան, այժմ բնակվում է մայրաքաղաքին մոտ գտնվող գյուղերից մեկում: Նա նույնպես ստացել է խնամքի պարագաների փաթեթներ: «Մենք շնորհակալ ենք ցանկացած օգնության համար: Մենք կորցրել ենք ամեն ինչ, ներառյալ մեր տունը, այնպես որ յուրաքանչյուր փոքր օգնություն մեզ համար օգտակար է», - ասում է նա:
Այս տեսանյութերը ստեղծվել են «Հումանիտար աջակցություն հակամարտությունից տուժած խոցելի բնակչության համար» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից։ Այս տեսանյութի բովանդակության համար պատասխանատու է միմիայն «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։