Հակամարտությունից տուժած անձանց աչքերով
Հրապարակվել է 04 հլս, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անջնջելի հետք է թողել այս ողբերգության ականատեսների ու կրողների վրա։ Նրանք տեսել են տեղահանություն, զոհեր և անորոշություն զգացել։ Իրականությունն ավելի ծանր կլիներ առանց այն անհատների և կազմակերպությունների աջակցության, որոնք նրանց կողքին են կանգնել։ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, կոնսորցիում անդամների հետ համատեղ ջանքերով և Եվրոպական միության հումանիտար աջակցությամբ, իրականացնում է «REACT․ Հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման ծրագիրը»։ Ծրագիրն աջակցում է Հայաստանի մարզերում բնակվող ավելի քան 17 հազար տեղահանված քաղաքացիների։
REACT ծրագրի շրջանակում՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն նկարահանել է փաստագրական ֆիլմերի շարք՝ հակամարտությունից տուժած և Հայաստանում բնակություն հաստատած քաղաքացիների մասնակցությամբ։ Նկարահանումներն իրականացվել են ծրագրի շրջանակում աջակցություն ստացած անձանց կողմից։ Նրանց տրամադրվել է հեռախոսներ, որպեսզի իրենց հայեցողությամբ նկարահանեն իրենց հետպատերազմական կյանքը Հայաստանում։ Փաստագրական ֆիլմերի շարքը կոչվում է «Այսպես էլ ապրում ենք Հայաստանում»։ Մեր պատմությունների հերոսները տարբեր են, սակայն նրանց պատմությունները գրեթե նույնն են։
Լիանա Մովսիսյանն ապրում է Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Նա Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղ շրջանից է։ Պատերազմի ընթացքում առաջացած վախի զգացումը նրան անորոշության մեջ է թողել։ Լիանան մասնագիտությամբ հաշվապահ է, սակայն Լեռնային Ղարաբաղից տեղափոխվելուց հետո նա որոշեց նոր բան սովորել։ Լիանան, REACT ծրագրի շրջանակում, ծաղկի դիզայնի մասնագիտացում սովորեց «Քրիստիան» ծաղկի սրահում։ Դասընթացնը հաջողությամբ ավարտելուց հետո նա աշխատանքի առաջարկ ստացավ։ Ծաղիկների հետ աշխատանքը լուսավորում է Լիանայի կյանքը։ Այն օգնում է նրան հաղթահարել համակամարտության ծանր հետևանքները։
Նարինե Գրիգորյանը բնակություն է հաստատել Արարատի մարզի Դիտակ համայնքում։ Երբ պատերզամը սկսվեց՝ նա լքեց Ղարաբաղը երեխաների հետ միասին, քանի որ այնտեղ այլևս անվտանգ չէր։ Նարինեն և իր ընտանիքը երջանիկ էին Ղարաբաղում․ ունեին կայուն եկամուտ։ Նարինեն վաճառում էր իրենց աճեցրած միրգն ու բանջարեղենը։ Տնակը, որտեղ Նարինեի ընտանիքն ապաստան գտավ պատերազմից հետո հարմարավետ չէր, բայց նրանք երջանիկ էին, որ ծածկ ունեին։ Ցավոք, մեր նկարահանումներից հետո, Նարինեն և իր ընտանիքը ստիպված էին տեղափոխվել մեկ այլ անբարենպաստ կացարան, քանի որ նախորդը ժամանակավոր էր։
Արթուր Ալեքսանյանի պատմությունը յուրահատուկ է և ոգեշնչող։ Նա տեղափոխվել է Քաշաթաղի շրջանից և հաստատվել Գորիսում։ 26-ամյա երիտասարդը սկսեց զբաղվել շինարարությամբ, որպեսզի կարողանա գումար վաստակել տեղահանությունից հետո։ Շինարարական աշխատանքներից մեկի ժամանակ, երբ նա իր համար ուտելիք էր պատրաստում, տանտերը նույնպես համտեսեց և զարմացավ․ Արթուրը պատրաստելու յուրահատուկ տաղանդ ուներ։ Տանտիրոջ հորդորով նա մասնակցեց «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող խոհարարության դասընթացին, որի առաջին իսկ օրերից Արթուրն աչքի էր ընկնում իր խոհարարական հմտություններով։ Այսպիսով, նա աշխատանքի առաջարկ ստացավ և սկսեց աշխատել Գորիսի ամենահայտնի հյուրանոցային ռեստորոններից մեկում՝ «Միրհավ»-ում։ Այժմ նա ոգեշնչված է, որ վաստակում է իր ապրուստը և հուսով է, որ հակամարտությունից տուժած բոլոր մարդիկ հնարավորություն կունենան հարմարվել նոր կենսակերպին։
Ծաղիկ Վարդանյանն ուժեղ կնոջ օրինակ է, ով չնայած մի շարք դժվարություններին լավատես է։ Ծաղիկն ու իր ամուսինը՝ Սպարտակը, միասին են հաճախել դպրոց և ամուսնացել են 20 տարեկանում։ Նրանց աշխատասիրությունն օգնում է ուժեղ լինել միասին։ Ծաղիկն իր ընտանիքի հետ միասին ոտքով տեղափոխվել է Աղաձորից Հայաստան, քանի որ դա փրկվելու միակ տարբերակն էր։ Նրանք թողել են իրենց 22 տարվա տունը և այժմ ապրում են Քարագլուխ համայնքում։ Հումանիտար աջակցությունից բացի՝ Ծաղիկը մասնակցել է նաև պանագործության դասընթացի։ Ծաղիկը պատրաստ է սովորել և աշխատել, և չնայած նրան, որ նա կորցրել է ամեն ինչ՝ անգամ Ղարաբաղում ունեցած 38 կովը, նա դեռ հուսով է ստեղծել նոր կյանք Հայաստանում՝ ունենալով 4 կով։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ի վեր՝ «Մարդը կաիրքի մեջ» ՀԿ-ն աջակցում է խոցելի ընտանիքներին, ովքեր տեղափոխվել են Հայաստան անվտանգության նկատառումներից ելնելով։ REACT ծրագիրը տրամադրում է հումանիտար աջակցություն, երեխաների պաշտպանության և զարգացման ծրագրեր, մասնագիտական խորհրդատվություն և կրթություն։ Մինչ այժմ ավելի քան 300 մարդ ստացել է մասնագիտական դասընթացներ Հայաստանի 5 մարզում։