Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի աշխատանքը՝ տանից

Հրապարակվել է 04 հոկ, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի աշխատանքը՝ տանից
© Foto: Թերեզա Հրոնովա

Արմինե Ղազարյանն ապրում է Սպիտակում իր ամուսնու, որդու և սկեսրոջ հետ։ Ամուսնանալուն պես նա տեղափոխվել է Շիրակի մարզ։ Այս պահին նրանց ընտանիքի հիմնական եկամուտն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների միջոցով․ մինչ այդ՝ Արմինեի ամուսինը գումար էր վաստակում Ռուստաստանի Դաշնությունում։ Արմինեի որդին 7 տարեկան է․ ունի աուտիզմ և չի կարողանում խոսել։ Թեև ընտանիքի բոլոր անդամներն օգնում են միմյանց, այնուամենայնիվ երեխայի ամենօրյա խնամքն ու աշխատանքը դժվար համատեղելի են։

Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող Քովիդ-19 համերաշխության ծրագիրը միտված է օգնելու նաև համատեղելիության նման խնդիրները։

«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ People in Need-ն օգնում է Արմինեին և մյուս կանանց, ովքեր աշխատանք ձեռք բերելու համար հմտությունների կարիք ունեն։ Այս համատեղ ծրագրի շրջանակում օգնել ենք հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին սովորել վարսահարդարի կամ մատնահարդարի հմտություններ, ինչը նրանց թույլ կտա աշխատել տանից և միաժամանակ հոգ տանել հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Այս դասընթացների շնորհիվ կանայք նաև հաղթահարում են ընկճվածությունն ու ֆինանսապես ավելի անկախ դառնում։

Այս ծրագրի շնորհիվ Արմինեն այժմ վարսահարդար է։ Նա չորս ամիս վարսահարդարություն է սովորել, երեք ամիս էլ՝ սոցիալական մեդիա և մարքեթինգ, ինչը օգնում է նրան գովազդել վարսահարդարության իր ծառայություններն ու եկամուտ ստանալ։ Արմինեն պլանավորում է տանը հարմարություններ ստեղծել, որպեսզի հաճախորդներին տանը սպասարկի և այդպիսով մոտ մնա իր զավակին՝ ամենօրյա խնամքի համար։

«Հիմա ավելի հաճախ աշխատում եմ բարեկամների համար, երբեմն էլ գնում եմ Վանաձոր՝ այնտեղի հաճախորդներին սպասարկելու համար։ Այս պահին եկամուտը քիչ է, բայց հույս ունեմ, որ առաջիկայում ավելի շատ հնարավորություններ կունենամ», - նշում է Արմինեն։ 

«Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ն մեկն է այն կազմակերպություններից, որն աջակցություն է ստացել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է հաղթահարել համավարակի բացասական հետևանքներն ու խոցելի խմբերի շրջանում նպաստել սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից մի շարք երկրներում՝ այդ թվում Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի (NHC) ու AFEW International-ի հետ համագործակցությամբ։




Autor: Շուշանիկ Ներսեսյան

Այլ հոդվածներ