Աջակցելով տեղացի ու տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանանական վերականգմանը
Հրապարակվել է 24 մյս, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպեՀայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (Ասոցիացիա) նպաստում է հակամարտությունից տուժած բնակչության դիմակայունության բարձրացմանը Հայաստանի 5 մարզերում (Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ Կոտայք, Գեղարքունիք) և Երևանում։ Ասոցիացիայի կողմից դիմակայունության բարձրացմանն ուղղված գործողություններն իրականացվում են «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցություն և ինտեգրում» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության հումանիտար օգնության ֆինանսավորմամբ։
Մեր նվիրված թիմի և գործընկերների շնորհիվ մենք կարողացանք նպաստել հակամարտությունից տուժած ավելի քան 2300 տեղացի և տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնմանը՝ ապահովելով նրանց անհրաժեշտ հմտություններով ու գիտելիքներով։
Ծրագիրը զգալի դրական ազդեցություն է ունեցել տեղահանված անձանց ընդունած համայնքների վրա։ REACT ծրագիրը նպաստել է տեղահանված անձանց ներառման ու ինտեգրման հնարավորությունների ընդլայնմանը հյուրընկալ համայնքներում։ Ծրագրի թիրախ համայնքներում հիմնվել և վերազինվել է Ընտանիքի և երեխայի յոթ կենտրոն, որոնք ծրագրի ավարտից հետո նույնպես կշարունակեն ծառայություններ մատուցել համայնքի բնակիչներին։ Միևնույն ժամանակ, համայնքներում ձևավորված երիտասարդական խմբերն իրականացրել են ութ համայնքային և հինգ ստարտափ ծրագիր՝ խթանելով մասնակցությունը, ներառումը և ակտիվացումը իրենց համայնքներում: Տեղահանված 25 անձ մասնակցել է «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ ներածական դասընթացին՝ նպատակ ունենալով զարգացնելու նրանց ներուժը և զինելու իրենց համայնքներում տեղահանված այլ անձանց աջակցելու համար անհրաժեշտ մասնագիտական հմտություններով և գիտելիքներով։
Ծրագրի շրջանակում 20 ընտանիք հնարավորություն է ստացել իրականացնելու իրենց բիզնես գաղափարները՝ ևս մեկ քայլ կատարելով դեպի սեփական ռեսուրսների ակտիվացումը և ինքնաբավությունը։
Ցանկանում ենք երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ այս գործում։ Շնորհակալություն շարունակական աջակցության և մարդկանց կյանքում դրական փոփոխություն բերելու յուրաքանչյուրիդ ներդրման համար:
«REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցություն և ինտեգրում» ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության հումանիտար օգնության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից և Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության (ACTED), Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ու «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։