Աջակցում ենք Հայաստանում տեղահանված բնակչությանը
Հրապարակվել է 22 նոյ, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպեՏեղահանությունն ու տառապանքը շարունակում են հետապնդել Հայաստանի սահմանամերձ շրջաններում բնակվողներին։ Մարդիկ նույնիսկ կիսով չափ չէին ապաքինվել 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի համակամարտությունից հետո։ Տասնյակ հազարավոր տեղահանված, անօթևան մարդիկ, վիրավորներ էլ ավելի շփոթության մեջ հայտնվեցին, երբ ուղիղ երկու տարի անց՝ 2022 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանը հարձակում սկսեց։ Այս անգամ Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր նախաձեռնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա` ծանր կորուստներ և տառապանք պատճառելով ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն մշտապես արձագանքում է բռնությունից տուժած մարդկանց ամենահրատապ կարիքներին։ «Արտակարգ իրավիճակների արձագանքում` Հայաստանում տեղահանված բնակչության համար» ծրագրի շրջանակում, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Start Network-ի ֆինանսավորմամբ աջակցել է ամենախոցելի վիճակում գտնվող և հակամարտությունից տուժած մարդկանց և սահմանամերձ համայնքներին։ Ծրագրի շահառուներն ընտրվել են համայնքապետարանների հետ համագործակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է կոնսորցիում անդամների հետ համատեղ՝ Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության (ACTED) գլխավորությամբ։
Հակամարտության գոտում գտնվող մարդկանց աջակցելու նպատակով՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն տրամադրել է մանկական խնամքի փաթեթներ 100 նորածնի մայրերի, որոնց մեջ կա անկողին, սրբիչներ, հագուստ, տակդիրներ և այլն։ 300 ընտանիք Սյունիքի խոշորացված համայնքներում ստացել է հիգիենայի փաթեթներ, որոնց մեջ կա լվացքի փոշի, շամպուն, ախտահանող հեղուկներ, անձնական հիգիենայի պարագաներ և այլն։
Սահմանում գտնվող համայնքները միշտ պետք է պատրաստ լինեն արտակարգ իրավիճակների դեպքում։ Այս ամենը հաշվի առնելով՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն մարդկանց և բժշկական հաստատություններին տրամադրել է առաջին օգնության փաթեթներ։ 300 շահառու, որոնք նախկինում առաջին բուժօգնության վերապատրաստում են ստացել Կարմիր Խաչի կողմից, այդ թվում դպրոցների և մանկապարտեզների մանկավարժներ, տեղական կառույցների և սոցիալական ծառայությունների ներկայացուցիչներ և այլք, ստացել են առաջին օգնության փաթեթներ, որոնց մեջ կան բժշկական պարագաներ և դեղորայք։ Բացի այդ, ամենախոցելի սահմանային բնակավայրերում գտնվող 10 բուժհաստատություն ստացել է մասնագիտացված բժշկական փաթեթներ, որոնք նախատեսված են հարձակումների վերսկսման դեպքում լայնածավալ օգնության համար։
Նման աջակցությունը պատերազմը վերապրած մարդկանց համար շատ կարևոր է։ Նրանք զգում են, որ միայնակ չեն, նրանց խնդիրները լսելի են և նրանց աջակցում են։ Նրանք չեն կորցնում հույսը, աշխատում են ու ստեղծում՝ ձգտելով լավ ապագայի։