Աջակցում ենք Հայաստանի «առաջընթացի շարժիչ ուժերին»
Հրապարակվել է 21 նոյ, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպեՔաղաքացիական հասարակության նորաստեղծ կազմակերպություններին (ՔՀԿ), քաղաքացիական նախաձեռնություններին և սոցիալական ու մշակութային շարժումներին աջակցելու և իրենց ողջ ներուժն օգտագործելու նպատակով «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագիրը։ Երկամյա նախաձեռնությունն աջակցում է Հայաստանի տեղական 15 ՔՀԿ-ներին՝ կարողությունների զարգացման դասընթացներով և գործառնական դրամաշնորհներով՝ առաջնահերթ ոլորտներում ներքին գործընթացներն ուժեղացնելու նպատակով: Բացի այդ, ծրագրի մասնակից ՔՀԿ-ներին խրախուսվում է ընդլայնել կապերը և ներգրավվել մասնավոր հատվածի հետ գործընկերությունների և կոալիցիաների միջոցով:
«ՄԻՏՔ» երիտասարդական-կրթական նախաձեռնությունը, որը գտնվում է Արմավիրի մարզում, ծրագրի շահառուներից մեկն է: Ծրագրի շրջանակում այս նախաձեռնությունն իրականացնում է «Արմավիրի երիտասարդ դեսպաններ» արշավը՝ երիտասարդների շրջանում քաղաքացիական մասնակցությունը խթանելու նպատակով:
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հետ համագործակցության շնորհիվ մենք կարողացանք բարելավել մեր մեդիա կարողությունները ինստիտուցիոնալ մակարդակում, ինչպես նաև բարելավել ոչ միայն մեր կազմակերպության հմտությունները, այլև ռազմավարական պլանավորման գործընթացը», - նշում է «ՄԻՏՔ»-ի հիմնադիր Լևոն Չուկակլյանը:
«Ռեստարտ Գյումրի»-ն քաղհասարակության մեկ այլ ներկայացուցիչ է․ այն իրականացնում է Շիրակի մարզում ավագ դպրոցների և քոլեջների ուսանողների կարողությունների հզորացման և փորձի փոխանակման արշավ:
«Եվրոպական միության և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի աջակցությամբ այս արշավի միջոցով «Ռեստարտ Գյումրին» աջակցում է ավագ դպրոցների և քոլեջի ուսանողներին՝ խրախուսելով նրանց համայնքի քաղաքացիական ակտիվությունը փորձի փոխանակման, քննարկումների, սեմինարների և այլ հանդիպումների միջոցով», - ասում է «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Գոհարիկ Գրիգորյանը: Արդյունքում ավելի շատ երիտասարդներ են մասնակցում տարածաշրջանային, համայնքային, քաղաքացիական և քաղաքական կյանքին», - նշում է Գրիգորյանը: Այս ձեռքբերումների վրա հիմնվելու համար «Ռեստարտ Գյումրիի» փորձագետները շուտով կներկայացնեն բարեփոխումների փաթեթ տեղական ինքնակառավարման և կրթության, գիտության և երիտասարդության նախարարությանը։
«Ռեստարտ Գյումրին»-ն իր քայլերը սկսել է որպես Շիրակի պետական համալսարանի մի խումբ ուսանողների նախաձեռնություն՝ ուսխորհուրդները վերածելու ժամանակակից հաստատությունների, որտեղ բոլոր ուսանողները ձայն ունեն, և որակյալ կրթությունը ուշադրության կենտրոնում կլինի: Այնուհետև այն ընդլայնվել է՝ դառնալով մատչելի, ներառական, ժամանակակից համալսարանական կրթության ավելի լայն շարժում, և այժմ օգնում է ապահովել, որ ուսանողների հետ վարվեն արդարացի, խրախուսվեն անկախ մտածելու և ազատ արտահայտվելու համար:
«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության համար ՔՀԿ-ները տեղական համայնքներում առաջընթացի շարժիչ ուժն են, ուստի փորձում է կառուցել ավելի ճկուն քաղաքացիական հասարակության ոլորտ այն վայրերում, որտեղ գործունեություն է ծավալում։
«Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից: Տարածաշրջանային այս ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին և կշարունակվի մինչև 2022 թվականը։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում։