Սկսելով նորից․․․ պայքար տեղահանությունից հետո

Հրապարակվել է 16 ապր, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե
Սկսելով նորից․․․ պայքար տեղահանությունից հետո
© Foto: Շուշանիկ Ներսեսյան

Տեղահանության մասին պատմություններն ասես անվերջ լինեն՝ մեկը մյուսին նման ու միևնույն ժամանակ տարբեր։ Դրանք մարդկանց մասին են, մարդկանց, ովքեր իրենց կամքից անկախ ստիպված են եղել մի ամբողջ կյանքի պատմություն ետևում թողնել ու կրկին կյանքը սկսել նորովի։  

Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100,000 էթնիկ հայեր, բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր մարզերում և ապրում են առօրյա հոգսերով, որոնք այդ մարդկանց պատմությունների նման անվերջ են թվում։ Փորձում ենք հնարավորինս աջակցել նրանց՝ հիմք ընդունելով տեղահանության հետևանքով առաջ եկած խնդիրներն ու բացերը։ Ուստի, Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի բոլոր մարզերում 3 ամիս շարունակ շուրջ 416 ընտանիքի (2171 անհատ) տրամադրելու ենք կոմունալ վճարներ՝ ձմռան խնդիրները հաղթահարելու համար։

Միլան և Լիանան մեկն են այն տեղահանված անձանցից, որոնց տրամադրել ենք կոմունալ վճարների աջակցություն։

«Ինչպես Ղարաբաղի ուսուցիչս, այնպես էլ Գորիսինը, շատ լավն է»

Հադրութցի Միլան հասցրել է երկու անգամ տեղահանվել՝ մեկ անգամ 2020 թվականի պատերազմի հետևանքով, մյուսը՝ 2023-ին։ Ցավոք, վերջին անգամ անվերադարձ․․․

Հիմա Գորիսում վարձով են ապրում՝ ամուսնու, 5 երեխաների, մոր և եղբոր հետ։ Արցունքներով է հիշում տեղահանության օրը․ «Հազիվ փրկվեցինք, եկանք։ Սկզբից չէինք էլ պատկերացնում՝ ոնց ենք էդ վիճակում դուրս եկել»։ Իրենց հետ միայն փաստաթղթերն են վերցրել, իսկ երեխաներն էլ դպրոցի լուսանկարների ալբոմներն այնտեղ չեն թողել։


Մեծ դուստրը՝ 12-ամյա Անգելինան, սիրում է նկարել․ Ղարաբաղի իր դպրոցի դասղեկին է նկարել, սակայն տեղահանվելուց հետո դասղեկի հետ կապ հաստատել չի կարողացել։ Հիմա էլ է նկարում։ Նկարներից մեկը փակցված է Գորիսի դպրոցի պատին։ Իսկ Սամվելն էլ նշում է․ «Ինչպես Ղարաբաղի ուսուցիչս, այնպես էլ Գորիսինը, շատ լավն է»։

Կամաց-կամաց հարմարվում են, գնում են դպրոց, հաճախում պարի, ձգտում գտնել նոր խմբակներ՝ օրը լցնելու և իմացածն ավելի ամրապնդելու համար։ Եվ անգամ այդքան դժվարություններ տեսնելուց հետո լավատես են և մանկական ոգևորությամբ փորձեցին մեզ հետ կիսել իրենց սովորած երգերն ու պարերը։

Ձեռագործությունը որպես ապրելու խթան

Լիանան, ով ընտանիքի հետ տեղահանվել է Ստեփանակերտից, ցույց է տալիս 13-ամյա դստեր՝ ձեռքի աշխատանքները, ում անունը նախորդ հերուսուհու նման Անգելինա է․ Արցախ և Գորիս գրությամբ կարպետից գինու պատյաններ ու սառնարանի մագնիսներ է պատրաստել՝ հայկական նախշերով։

Լեռնային Ղարաբաղում 4 տարի հաճախել է կարպետագործության և մեկ տարի էր մնացել ավարտելուն, սակայն չհասցրեց։ Հայաստան տեղափոխվելուց հետո էլ շարունակում է զբաղվել սիրելի գործով, իսկ պատրաստածներից շատերը վաճառում է, սակայն այն, ինչ բերել է Արցախից առանձնահատուկ կարևոր են և խնամքով է պահում։

Վարձակալությամբ ապրում են Գորիսում՝ 8 հոգով․ ինքը, ամուսինը, մայրը և 5 երեխաները։ Տունն այնքան խոնավ է, որ ստիպված են և՛ փայտ, և՛ էլեկտրաէներգիա վառել՝ գիշերը քնել կարողանալու համար։


Ինքը՝ Լիանան, Լեռնային Ղարաբաղում զբաղվում էր հրուշակագործությամբ․ տարբեր տեսակի թխվածքներ, տորթեր և կարկանդակներ էր պատրաստում, սակայն չի կարողացել հրուշակագործության համար անհրաժեշտ պարագաներն իր հետ Հայաստան տեղափոխել։ Հույս ունի օրերից մի օր կրկին կարողանա հրուշակագործությունը որպես հաճելի զբաղմունք և եկամուտ ստանալու աղբյուր կիրառել։

Այս ամենը տեսնելով՝ էլ ավելի ես գիտակցում, որ փոքր աջակցությունն անգամ խիստ կարևոր է տեղահանության միջով անցած մարդկանց հոգսը թեթևացնելու համար։ Եվրոպական միության աջակցությամբ ընթացող հերթական ծրագրերից մեկի՝ «Հումանիտար աջակցություն՝ հակամարտությունից տուժած խոցելի անձանց համար» ծրագրի շրջանակում, «Աշխարհի բժիշկներ» և «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունների հետ միասին տարբեր մեխանիզմներով, օգնություն ենք տրամադրում 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած, ինչպես նաև հյուրընկալող համայնքների ավելի քան 23,000 անհատների։ Մեր կողմից տրամադրվող աջակցությունը ներառում է էկոլոգիապես մաքուր վառելանյութ՝ ձմռան ցրտին դիմակայելու համար,  կոմունալ վճարներ, մանկական զարգացման կենտրոնների հասանելիություն 3-15 տարեկան երեխաների համար և դրամային կտրոններ նախատեսված տեխնիկայի և հագուստի գնման համար, ինչպես նաև ոչ պարենային պարագաներ ինչպիսիք են ծալովի մահճակալները, վերմակները և այլն։


Ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչ իրականացվում է կոնկրետ մարզերում՝ հաշվի առնելով աջակցության կարիք ունեցող անձանց համապատասխան կարիքները։ Ինչպես նախորդ ծրագրերի դեպքում, այստեղ նույնպես անհատների ընտրությունը կատարվում է պետական կառույցների հետ համագործակցությամբ՝ ըստ յուրաքանչյուր ծրագրի խոցելիության ցուցանիշների։ 

Autor: Էլմա Վարդանյան

Այլ հոդվածներ