Ապահով միջավայր՝ տեղահանված և տեղացի երեխաների համար

Հրապարակվել է 21 մրտ, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 5 րոպե
Ապահով միջավայր՝ տեղահանված և տեղացի երեխաների համար
© Foto: Կարեն Մինասյան

Լորան մեկ տարուց ավել է, ինչ աշխատում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունում՝ որպես մանկական զարգացման կենտրոնների հոգեբան։ Նա Գորիսից է։ Մանկական զարգացման կենտրոնները դեռ չէին հիմնվել, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկսվելուց անմիջապես հետո կամավոր էր աշխատում՝ այցելելով կացարաններ, հյուրանոցներ, որտեղ ապրում էին տեղահանված ընտանիքները։ «Մենք հաճախ էինք ականատես լինում, թե ինչպես են նրանք երեխաների ներկայությամբ լսում իրենց սիրելիների, ընտանիքի անդամների կորստի մահվան բոթը»։ Այդ իրավիճակում ծնողներին օգնելու նպատակով՝ երեխաներին տանում էին համայնքապետարանի գրադարան, որտեղ Լորան և մյուս կամավորները մի քանի ժամով զբաղեցնում էին նրանց։ Արդյունքում, գրադարանը վերածվեց մանկական զարգացման առաջին կենտրոնի։ 

- Ինչպե՞ս այս ծրագիրն օգնեց երեխաներին։

- Ծրագիրն իսկապես օգնեց երեխաներին։ Նրանցից շատերը փոքր ու մարդաշատ վայրերում են բնակվում, և տանից դուրս գալն ու կենտրոն այցելելը դրական ազդեցություն է թողնում։ Կենտրոններում նրանք հանգստանում են և, միաժամանակ, նրանց օգնում են հաղթահարել սթրեսը։ Մանկական զարգացման կենտրոնների առկայությունն օգնում է նաև ծնողներին․ նրանք երեխաներից առանձին անձնական ժամանակ են ունենում՝ իրենց զգացմունքներն ազատ արտահայտելու համար։ 

Սկզբում մենք օգնում էինք երեխաներին հասկանալ իրենց զգացմունքները, այն ամենն ինչ կատարվում էր նրանց հետ։ Նախ մենք խնդրում էինք երեխաներին պատմել իրենց հետ կատարվածը՝ ասել այն պարզապես բարձրաձայն, որպեսզի օգնենք նրանց հասկանալ կատարվածը։ Մենք մի միջավայր էինք ստեղծել, որտեղ երեխաներն ապահով էին զգում իրենց զգացմունքներն արտահայտելիս։ Երբ խնդրում էինք նրանց կիսվել իրենց պատմություններով, դա օգնում էր նաև մյուս երեխաներին տեսնել, որ մյուսները նույնպես նույն իրավիճակին են բախվել և նրանք միակը չեն։

Մենք հիմնականում խմբային հանդիպումներ ենք ունեցել, բայց որոշ դեպքերում ծնողները նշում էին անհատական հանդիպումների անհրաժեշտության մասին։ Երեխաներից շատերը մղձավանջներ էին տեսնում և վախենում էին բարձր ձայներից։ Ես տեսնում էի, որ նրանք մեկուսանում էին ու չէին ցանկանում շփվել մյուսների հետ և դառնում էին ավելի ներփակված։ Երեխաներից ոմանք էլ ախորժակի կորուստ էին ունենում, ագրեսիվ էին, հոգնած կամ հաճախակի հիվանդանում էին։ 

Սկզբում երեխաները սթրեսի մեջ էին, մեր աշխատանքով նրանց ներկա էինք վերադարձնում՝ թողնելով անցյալը ետևում։ Այժմ՝ մեկ տարի անց, մեր աշխատանքն այլ է։

Տարբերությունն ակնհայտ է․ սկզբից երեխաներն անգամ իրար ձեռք չէին բռնում կամ չէին կանգնում կողք կողքի, քանի որ չէին վստահում միմյանց։ Հիմա նրանք լավ հարաբերություններ ունեն։ Երեխաներն ավելի հեշտ են խոսում կատարվածի մասին, հիշողություններն այդքան ցավոտ չեն։ Մենք փոխել ենք ծրագիրը։ Այժմ երեխաների հետ խոսում ենք հանդուրժողականության, դրական տրամադրվածության և ուժեղ կողմերի բացահայտման, ինչպես նաև սթրեսի հաղթահարման մասին։

Արտ թերապիա ենք անցկացնում մանդալաների կամ նկարչության միջոցով։ Երեխաներից ոմանք անգամ բացահայտեցին արվեստի հանդեպ իրենց սերը և սկսեցին հաճախել նկարչության դասերի։ Պատերազմի ականատես երեխաների մոտ հավանական է, որ առաջանան մտավոր խնդիրներ, ուստի խաղերի ու վարժությունների միջոցով փորձում ենք օգնել նրանց կենտրոնանալ։

Դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Լսել եմ, որ կան երեխաներ, որոնք մինչև հիմա տանից դուրս չեն գալիս ու չեն ցանկանում շփվել ոչ ոքի հետ։ Կարևոր է գտնել նման դեպքերը, քանի որ շատ հաճախ ոչ միայն երեխան է տառապում, այլև՝ ամբողջ ընտանիքը։

- Ինչպե՞ս եք գտնում այդ ընտանիքներին։

Մանկական զարգացման կենտրոններ հաճախող երեխաներին ու նրանց ծնողներին խնդրում ենք, որպեսզի իրենց շրջապատում տեղեկացնեն այս կենտրոնների մասին։ Երբեմն հնարավոր է, որ օրինակ նրանք իրենց ընկերոջը կամ դասընկերոջը բերեն իրենց հետ։ Գորիսի համայնքապետարանն ունի ֆեյսբուքյան էջ, որի միջոցով հնարավոր է լայն լսարանների դիմել։ Այնտեղ ներկայացվում է կենտրոնների աշխատանքը ու նշվում, թե ինչպես ներգրավվել։ Շատ գյուղերում մենք տեղի դպրոցներ ենք հաճախում ու ծնողներին պատմում կենտրոնների մասին։ 


- Որո՞նք են ամենահաճախ հանդիպող տրավմաները։

Երեխաները վախեցել են բարձր ձայներից։ Ոմանք կորցրել են ընտանիքի անդամներին, ոմանք՝ բնակության հարմարավետ պայմաններն ու այժմ անորոշության մեջ են։ Երեխաների տրավմաները հաճախ նույնն են՝ ինչ ծնողներինը, նրանք նույնպես անվստահ են ապագայի և անգամ ներկայի հանդեպ։ Այդ իսկ պատճառով մենք սեսիաներ ենք կազմակերպում նաև ծնողների հետ, որպեսզի օգնենք նրանց հաղթահարել ներկա իրավիճակն ու տրավմաները։


Երբ մենք աշխատում ենք ծնողների հետ, մենք խոսում ենք նաև երեխաների խնդիրների մասին ու համապատասխան մեխանիզմներ առաջարկում դրանց լուծման համար։ Ծնողներն անմիջական կապի մեջ են խմբակների պատասխանատուների հետ։

- Ծնողների հետ հանդիպումներն անհատակա՞ն են, թե՞ խմբային։

Հիմնականում խմբային ենք աշխատում, ինչը մյուս ծնողներին հնարավորություն է տալիս տեսնել, որ նրանք միակը չեն այդ իրավիճակում։ Հանդիպումների ընթացքում խոսում ենք սթրեսի կառավարման, ծնողավարման, երեխաների զարգացման փուլերի մասին։ Ունենք նաև սեանսներ հիշողության զարգացման, կենտրոնացման մասին, ինչն արդյունավետ թեմա է նրանց ներգրավելու համար։ Որոշ դեպքերում երեխաներն ու ծնողները միաժամանակ են մասնակցում սեանսներին ու ավելի են մոտիվացվում այդ վարժությունները տանը կրկնելիս։


- Ի՞նչ ազդեցություն է ունեցել համավարակը ձեր աշխատանքի վրա։

- Երբ վարակման դեպքերն աճում են, մենք փորձում ենք ավելի քիչ երեխաներ հյուրընկալել և պահպանել սոցիալական հեռավորություն: Երբ կառավարության որոշման համաձայն փակ էին անգամ դպրոցները, մենք վերջերս մեկ շաբաթով դադարեցրինք աշխատանքները։ Մենք նաև համավարակի տարածումը կանխարգելող սեսիաներ էինք կազմակերպել՝ երեխաներին կրթելով, թե ինչպես առողջ մնան և խուսափեն վարակի տարածումից։

- Ո՞րն է ձեր ոգեշնչման աղբյուրն այս աշխատանքի մեջ։

- Ես միշտ ուրախ եմ աշխատել երեխաների հետ։ Ամենամեծ մոտիվացիան այն է, երբ տեսնում եմ՝ նրանք հանդիպումների ժամանակ նոր բաներ են սովորում, ուրախ են և ժպտում են։ Ես հաճախ մտահոգվում եմ՝ արդյոք մյուս հանդիպմանը նրանք նորից կգան, թե ոչ, և երբ նրանք գալիս են հաջորդ անգամ ու նույնիսկ իրենց ընկերներին են բերում, ես շատ եմ ուրախանում։

Մանկական զարգացման կենտրոն հաժախելիս՝ երեխաները նաև խաղալու հնարավորություն են ունենում։ Նրանցից շատերը երբևէ չեն ունեցել այնպիսի խաղալիքներ, ինչպիսիք առկա են կենտրոններում։ Խաղալիքները տեսնելիս նրանք շատ են ոգևորվում և ուզում են խաղալ։ Յուրաքանչյուր մանկական զարգացման կենտրոնում մենք ունենք նաև մեծ էկրան, որով մուլտֆիլմներ դիտելը նրանց շատ է ոգևորում։ 

Ես վստահ եմ, որ տարիներ հետո նրանք լավ հիշողություններ կունենան, որոնք ձևավորվել են այս կենտրոններում՝ ֆիլմեր դիտելիս և տարբեր սեսիաներ անցկացնելու արդյունքում։ 



Ծրագրի մասին
Աշխատանքներն իրականացվում են «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման ծրագրի» շրջանակում (սկիզբը՝ 01/09/2021, տևողությունը՝ 18 ամիս)։ Այս ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը ԵՄ աջակցությամբ շարունակում է մանկական զարգացման 7 կենտրոնի աշխատանքները, որոնք հիմնադրվել էին Գորիսում ու հարակից գյուղերում 2020 թվականի վերջին ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ։ Այս կենտրոնները հյուրընկալում են տեղահանված և տեղացի երեխաներին։ Երեխաները մասնակցում են վերականգնողական և կրթական միջոցառումների, ինչպես նաև շփվում են իրենց հասակակիցների հետ։ Նրանք հնարավորություն ունեն նաև աշխատելու «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հոգեբանի հետ։ Շահառու երեխաների թիվը 400 է։  
Autor: Lisa Hastert, EU Civil Protection and Humanitarian Aid Operations

Այլ հոդվածներ