Ամփոփվել է «Ճամպրուկ 2024» լրագրողական մրցույթը
Հրապարակվել է 20 դեկ, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպեԴեկտեմբերի 18-ին՝ Միգրանտների միջազգային օրը, կայացավ «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը, որն արդեն 14 տարի շարունակ վեր է հանում միգրացիայի թեմաների լուսաբանման լավագույն օրինակները։ Մրցույթի նպատակն է բարձրացնել միգրացիոն խնդիրների հանդեպ հասարակական ուշադրությունը և խրախուսել ոլորտում որակյալ լրագրությունը։
Միջոցառումը կազմակերպվել էր Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի համատեղ ջանքերով։ Գնահատող հանձնաժողովն ուսումնասիրել էր 48 լրագրողի ներկայացրած 96 նյութ։
Մրցանակաբաշխության միջոցառմանը մասնակցում էին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին, «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը, կազմակերպիչ կողմերից ներկայացուցիչներ և լրագրողներ։
«Ճամպրուկ 2024»-ի գլխավոր մրցանակը շնորհվեց EVN Report-ի լրագրող Արշալույս Բարսեղյանին՝ «Հանգրվանը՝ Հայաստան. ովքե՞ր են ապաստան հայցում» նյութի համար։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Factor TV-ի լրագրող Արաքս Մամուլյանը՝ արցախահայերի շրջանում տարածված միֆերի վերաբերյալ հետազոտությամբ։
Երրորդ հորիզոնականը կիսեցին Հետք-ի լրագրողներ Լենա Սահամյանը, Արմեն Ղազարյանը, Սեդա Գրիգորյանը «Արցախ, սեպտեմբերի 19. ընդհատված մանկություն» ռեպորտաժով և News.am-ի լրագրող Թագուհի Մելքոնյանը «Հնդիկ միգրանտների արյունը Հայաստանում մարդկանց կյանքեր է փրկում. միգրացիայի թաքնված և տեսանելի կողմերը» հոդվածով։
Խրախուսական մրցանակներ ստացան վեց լրագրող՝ հայրենադարձության, աշխատանքային միգրացիայի, Արցախյան հիմնախնդրի և այլ կարևոր թեմաների լուսաբանման համար։
- ՀՀ Սփյուռքի Հանձնակատարի Գրասենյակի կողմից խրակուսական մրցանակ շնորհվեց Գոհար Աբրահամյանին՝ «Բարի եկաք․ հայրենադարձության հայկական փորձը» EVN Report-ում հրապարակված նյութով։
- «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից Սոնա Հովսեփյանին ‘No more warm words’ novayagazeta.eu կայքում հրապարակված «Այլևս ոչ մի ջերմ խոսք» աշխատանքային միգրացիայի վերաբերյալ նյութով։
- Հետք-ի լրագրող Ռիմա Գրիգորյանին «Կուզե՞ս քեզ մեր պատերազմը պատմեմ» և «Քնում եմ Հադրութն է, արթնանում՝ Վանաձորը» նյութերի համար։
- Radar.am-ի լրագրող Հայկ Մագոյանին «Հայաստանը վիզաների ազատականացման «քարքարոտ» ճանապարհին» և «Դառնա՞լ, թե՞ չդառնալ ՀՀ քաղաքացի. ինչու են երկմտում արցախահայերը» հոդվածների համար։
- Հետք մեդիագործարանի ուսանողներ Սյուզաննա Օհանյանին, Անի Բալայանին և Միլենա Գևորգանին «Ճամպրուկի վրա» աշխատանքի համար։
- Armeniatoday․news կայքի լրագրող Նարե Ներսեսյանին «Արցախից բերված մի բուռ հողը ծիլ է տվել». արցախցի Նարինե Մաթևոսյանը Շղարշիկ գյուղում ֆերմա է հիմնել», «Արցախցիներն ինչպե՞ս կարող են օգտվել բնակարան ձեռք բերելու պետական աջակցությունից» և «Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրության մասին նյութերով։
«Ճամպրուկ 2024»-ը իրականացվում է Միգրացիայի և քաղաքացիության
ծառայության, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և ՄԱԿ ՓԳՀ
հայաստանյան գրասենյակի կողմից։ Միջոցառումը համաֆինանսավորվում է
Եվրոպական միության կողմից՝ ICMPD-ի միջոցով MPF-ի շրջանակներում, ինչպես
նաև ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի կողմից։