Ապատեղեկատվության դեմ պայքարի նոր նախաձեռնություն Արևելյան գործընկերության երկրներում
Հրապարակվել է 30 ապր, 2026 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե Sdílet: Sdílet článek«Դիմակայուն և միավորված» Եվրոպական միության համաֆինանսավորմամբ ընթացող 40-ամսյա ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ապատեղեկատվության և արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների նկատմամբ դիմակայունությունն Արևելյան գործընկերության (ԱԳ) երկրներում։

ԱԳ տարածաշրջանում քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու անկախ մեդիան գործում են բարդ ու ճնշումներով լի միջավայրերում, որտեղ տեղեկատվական մանիպուլյացիաները, ապատեղեկատվությունն ու քաղաքական ճնշումները խաթարում են հանրային բանավեճն ու ժողովրդավարական գործընթացները։ Այս պայմաններում հատկապես կարևոր է խթանել միմյանց հետ համագործակցությունը, աջակցել անկախ լրագրությանը և օգնել համայնքներին կողմնորոշվել բարդ տեղեկատվական միջավայրում։
«Դիմակայուն և միավորված․ համատեղ նախաձեռնություններ ընդդեմ ապատեղեկատվության» ծրագիրը նպատակ ունի արձագանքել այս մարտահրավերներին՝ աջակցելով քաղաքացիական հասարակության դերակատարներին (ՔՀԿ-ներին և անկախ մեդիային) խոցելի խմբերի հետ աշխատանքի, մեդիագրագիտության նախաձեռնությունների իրականացման և վստահելի բովանդակության ստեղծման գործում։ Բացի այդ, ծրագիրը միտված է ամրապնդելու քաղաքացիական հասարակության դիմակայունությունն ապատեղեկատվության հետ կապված ճնշումների նկատմամբ՝ զարգացնելով համագործակցային ցանցերը և աջակցելով ռազմավարական հաղորդակցությանը, համատեղ շահերի պաշտպանությանը և հետազոտական նախաձեռնություններին։
Տարածաշրջանում ապատեղեկատվության նկատմամբ դիմակայունության ամրապնդման կարևորությունը ընդգծել է Մարտա Կոսը՝ դեկտեմբերի 3-ին կայացած Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության գագաթնաժողովում՝ հայտարարելով այս 5 միլիոն եվրո արժողությամբ տարածաշրջանային ծրագրի մեկնարկի մասին։ Նա ընդգծել է անկախ մեդիայի, քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական հաստատությունների աջակցության անհրաժեշտությունը՝ ապատեղեկատվության և արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարում։
Ծրագրի մասնակիցները կօգտվեն փորձի և գիտելիքի ակտիվ փոխանակումից՝ ներգրավվելով նաև ծրագիրն իրականացնող կազմակերպությունների երկարամյա փորձառության մեջ։
«Մենք կաջակցենք տեղական ՔՀԿ-ներին՝ խթանելով նրանց նպատակային ներգրավվածությունը։ Համոզված ենք, որ համայնքների դիմակայունությունը ապատեղեկատվության նկատմամբ կարելի է ձևավորել վստահության ամրապնդման, երկխոսության համար անվտանգ միջավայրերի ստեղծման և մարդկանց տեղեկատվական կարիքների ավելի խորը ըմբռնման միջոցով»,— նշում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ներկայացուցիչ Պավլա Շտեֆանովան։
Ծրագրի գործընկերները կաջակցեն թե՛ ազգային մակարդակում գործող փորձառու ՔՀԿ-ներին, թե՛ տեղական՝ համայնքային և գյուղական նախաձեռնություններին, որոնք առանձնանում են բարձր վստահությամբ և ամուր տեղական լեգիտիմությամբ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներգրավել քաղաքացիական հասարակության ավելի քան 1,100 ներկայացուցիչների։
«Բովանդակություն ստեղծողները, ինֆլյուենսերներն ու թվային հարթակները կարևոր գործընկերներ են առցանց ապատեղեկատվության դեմ պայքարում։ Նրանք ստեղծագործ և վստահելի ձևով հասնում են երիտասարդ լսարաններին՝ հատկապես այն հարթակներում, որտեղ մոլորեցնող խոսույթներն արագ են տարածվում»,— նշում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի հաղորդակցության և համագործակցության տնօրեն Ջորջ Լիչը։
Ծրագիրը նաև կաջակցի անկախ մեդիային և փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպություններին՝ քաղաքացիական միջավայրի, ապատեղեկատվության, ժողովրդավարության և համայնքային գործընթացների վերաբերյալ վերլուծություններ պատրաստելու նպատակով։
Հետազոտական դրամաշնորհների, ազգային աշխատանքային խմբերի և քաղաքական երկխոսությունների միջոցով ծրագիրը կօգնի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, անկախ մեդիային և տեղական դերակատարներին ավելի լավ հասկանալ ապատեղեկատվության և տեղեկատվական մանիպուլյացիաների ազդեցությունը ժողովրդավարական գործընթացներին մասնակցության և քաղաքացիական կյանքի վրա։
«Ապատեղեկատվության և արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ հնարավոր չէ պայքարել միայն հակազդող նարատիվներով։ Անհրաժեշտ է ամրապնդել ժողովրդավարական հաստատությունների, անկախ մեդիայի և քաղաքացիական հասարակության դիմակայունությունը, որպեսզի քաղաքացիները կարողանան օգտվել վստահելի տեղեկատվությունից և արդյունավետ կերպով մասնակցել հանրային քննարկումներին»,— նշում է Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի ծրագրերի պատասխանատու Իլարիա Ֆևոլան։
Ծրագրի հիմնական գործողությունները կիրականացվեն Արևելյան գործընկերության տարածաշրջանում՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանային գիտելիքի փոխանակմանը։
Անկախ լրագրության, ստուգված տեղեկատվության և իրավունքահեն հանրային քննարկումների ընդլայնումը կնպաստի հանրության լայն շրջանակների առավել տեղեկացված և ներգրավված մասնակցությանը, հատկապես խոցելի ժողովրդավարական միջավայրերում։
«Դիմակայուն և միավորված․ համատեղ նախաձեռնություններ ընդդեմ ապատեղեկատվության Արևելյան գործընկերության երկրներում» ծրագիրը իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի և Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի կողմից։