Խթանելով հաշմանդամություն ունեցող երեխաների ներառականությունը

Հրապարակվել է 05 մրտ, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե

Տեղական քաղաքացիական հասարակության հզորացումը,համայնքներում սոցիալական ծառայությունների բարելավումը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված եւ փախստական ու միգրանտ այլ խմբերի կարիքների բավարարումը մեր ամենօրյա աշխատանքի կիզակետում են։ «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում ներգրավել ենք 19 տեղական հասարակական կազմակերպություն, որոնց հետ համատեղ իրականացրել ենք սոցիալական եւ տնտեսական բարելավմանն ուղղված նախաձեռնություններ։ Ծրագրի ենթադրամաշնորհների միջոցով աջակցություն է տրամադրվել ավելի քան 1500 անձանց ՀՀ տարբեր մարզերում։

Խթանելով հաշմանդամություն ունեցող երեխաների ներառականությունը
© Foto: Shushanik Nersesyan

Անդրադառնալով «Զարգացում և համագործակցություն» հիմնադրամի և «Լուսաստղ» ՀԿ-ների՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ներառականության ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ հանդիպել ենք 13-ամյա Վալենտինին ու Արսենին, որոնք երկուսն էլ տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից ու այժմ բնակվում են Երևանում ու Վանաձորում։

13-ամյա Վալենտինը մանկական ուղեղային կաթված է տարել, ինչի հետևանքով մեծ դժվարությամբ է սկսել քայլել, իսկ խոսքի զարգացումը հապաղել է։ Նրա մայրը՝ Վալենտինան, նշում է. «Իմ երազանքն էր, որ Վալենտինը նաև խոսի ու ինքնուրույն դառնա»։ Այդ երազանքն իրականություն է դարձել՝ պլանշետի, հատուկ հավելվածի և մանկավարժի հետ կատարված հետևողական աշխատանքի շնորհիվ։

Վալենտինի մայրը նաև երազում էր Լեռնային Ղարաբաղում բիզնես հիմնելու մասին, որպեսզի ֆինանսական միջոցներով կարողանար ավելի լավ հոգ տանել Վալենտինի և իր մյուս՝ չորս ու վեց տարեկան զավակների համար։ Այստեղ, Հայաստանում, նրա հույսը դեռ չի մարում, ու շարունակում է իր փորձը՝ տանը ժենգյալով հաց է պատրաստում ու վաճառում դեռևս փոքր ծավալներով։ Պատմում է, որ շատ էր հուզվել, երբ «Զարգացում և համագործակցություն» հիմնադրամից տեղեկացել է իրենց աջակցության ծրագրի ու այն հավելվածի մասին, որով Վալենտինը կարողանում է հիմա հաղորդակցվել։

«ԱՐՄԱՎ» հավելվածն այլընտրանքային հաղորդակցության հայալեզու ու անվճար հավելված է պլանշետների համար, որը նախատեսված է խոսել չկարողացող երեխաների, դեռահասների ու մեծահասակների համար։ Հավելվածը ներառում է շուրջ 2000 բառ և միաժամանակ հնարավորություն է տալիս ստեղծել անսահմանափակ թվով բառեր/խորհրդանիշներ:

«Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում «Զարգացում և համագործակցություն» հիմնադրամի կողմից իրականացվող «Հաշմանդամ երեխաներ ունեցող բռնի տեղահանված ընտանիքների համակողմանի վերականգնողական ծառայություններ տրամադրում» ծրագրի շրջանակում զարգացման տարբեր խանգարումներ ունեցող ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներ և նրանց ընտանիքի անդամներ ստացել են հոգեբանական և վերականգնողական ծառայություններ։ Ընդհանուր թվով աջակցություն է ստացել 11 ընտանիք՝ նրանց 33 անդամներին մատուցելով 580-ից ավելի ծառայություն։

Համագործակցություն և զարգացում հիմնադրամի խորհդրի նախագահ Լուսինե Բաբայանը նշում է. «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ի հետ համատեղ աշխատանքը և ծրագրերի բովանդակային ու կայունության վրա տարվող շեշտակի ուշադրությունը մեզ համար շատ կարևոր է։ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի աշխատաոճը մենք գնահատում ենք ոչ միայն ֆինանսավորման տեսանկյունից, այլ նաև աշխատանքային մշակույթի ու արժեքների։ Մենք նույնպես որդեգրել ենք այս քաղաքականությունը՝ մեր մյուս գործընկերի հետ աշխատելիս և բարձր ենք գնահատում այն կապերն ու արժեքները, որոնք փոխանցվում և ներդրվում են ՀԿ-ների գործունեության մեջ»։

«Այս ծրագրի շրջանակում, բացի պետական՝ կրթական հաստատությունների հետ համագործակցությունից, մենք կարողացանք ներգրավել նաև մասնավոր ոլորտին։ Համագործակցել ենք երկու մասնավոր վերականգնողական կենտրոնի հետ, որոնք բացի իրենց նվիրված ու արդյունավետ համագործակցությունից, հիմա արդեն ծրագրի սահմաններից դուրս իրենք են ներդրել նոր ծառայություններ այդ վերականգնողական կենտրոններում», - նշում է Լուսինե Բաբայանը։ 

Արսենը, ով տեղահանումից հետո ապրում է Վանաձորում, նույնպես մեծ առաջընթաց ունի։ Նա կարողանում է արդեն արտահայտել իր հույզերը և առավել շատ հաղորդակցվել շրջապատի հետ։ «Լուսաստղ» ՀԿ-ն իր համար դպրոց է, նշում է Արսենի մայրը՝ Ռուզաննան։

«Մեզ զանգահարեցին «Լուսաստղ» ՀԿ-ից և տեղեկացրին, որ աջակցության ծրագիր ունեն։ Արսենի հետ սկսեցին աշխատել այս կենտրոնի տարբեր մասնագետները։ Արսենը շատ մեծ ոգևորությամբ է գալիս»։


«Լուսաստղ» ՀԿ-ի նախագահ Անի Գաբրիելյանը նշում է, որ կարիքների գնահատման ժամանակ պարզել են, որ Վանաձորում ԼՂ-ից տեղահանված և հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը բավականին մեծ է։ «Բազմամասնագիտական ծառայության տրամադրում Արցախից տեղահանված, փախստականի կարգավիճակ ունեցող հատուկ կարիքներով երեխաներին և ընտանիքի անդամներին» ենթադրամաշնորհային ծրագրի շնորհիվ տարբեր հակամարտությունների հետևանքով տեղահանված ընտանիքներից ավելի քան 50 երեխա 6 ամիս շարունակ «Լուսաստղ» ՀԿ-ի կողմից ստացել է կինեզիստի, լոգոպեդի, հոգեբանի, արտթերապիստի և մանկավարժի անվճար ծառայություններ, որոնց օգնությամբ քայլ առ քայլ հաղթահարել են մի շարք դժվարություններ։

Միևնույն ժամանակ, երեխաների ծնողները մասնակցել են կարպետագործության և տիկնիկագործության դասընթացին՝ բացահայտելով իրենց ստեղծագործական ներուժը և ձեռք բերելով նոր հմտություններ։

Դրամաշնորհային այս ծրագրերն իրականացվել են «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում: 19 դրամաշնորհառու տեղական հասարակական կազմակերպություններից 4-ը՝ Համագործակցություն և զարգացում հիմնադրամ, «Լուսաստղ», «Ներառում Հայաստան» և «Աստղավարդ» ՀԿ-ներն անմիջականորեն աշխատել են հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ, համատեղ աջակցելով 119 երեխաների Երևանում, Վանաձորում, Դիլիջանում և Վարդենիսում։  

Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։



Author: Շուշանիկ Ներսեսյան

Այլ հոդվածներ