Հայկական պատվիրակության այցը Պրահա՝ սոցիալական ծառայությունների փորձի փոխանակման նպատակով

Հրապարակվել է 09 հոկ, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
ARM MoLSA visit to Czech Republic
© Foto: Kristina Hovhannisyan

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ ներկայացուցիչ Քրիստինա Հովհաննիսյանը օրերս աշխատանքային այցով մեկնել էին Չեխիայի Հանրապետություն մի շարք հանդիպումների նպատակով։ 

«Սոցիալական անվտանգության և առողջապահական գնահատման ծառայության նորություններ, թվայնացում․ արտասահմանյան փորձ» խորագրով սիմպոզիումին, որին ներկա է եղել տարբեր երկրներ ներկայացնող շուրջ 80 փորձագետ, ելույթով հանդես են եկել Տաթևիկ Ստեփանյանը և Անահիտ Պարզյանը։ Նախարարի տեղակալը նախ ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությունը, ապա խոսել իրականացված և նախատեսվող բարեփոխումների մասին։ Իր խոսքում բանախոսը մանրամասնել է նաև հաշմանդամության գնահատման մոդելի փոփոխության տեսությունը, անդրադարձել հաշմանդամության գնահատման ինստիտուցիոնալ շրջանակին, անձի ֆունկցիոնալության գնահատման իրականացման փուլերին՝ խոսելով նաև հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված ծրագրերի, վերջիններիս տրամադրվող ծառայությունների շրջանակի և երաշխիքների մասին։

Ա․ Պարզյանը ներկայացրել է ՀՀ-ում սոցիալական պաշտպանության ոլորտի թվային փոխակերպման շրջանակում անձի ֆունկցիոնալության գնահատման e-disability համակարգը, մանրամասնել թվային լուծումների՝ դիմումների մշակման համակարգի, կանխատեսող սկզբունքով ալգորիթմային լուծումների, ներառական և ինտուիտիվ գործիքակազմի մասին։

Հարկ է նշել, որ առաջին անգամ սիմպոզիումի շրջանակում հայկական կողմը թվային ոլորտում արտադրանք ներկայացնելու բացառիկ հրավեր է ստացել, ինչը նոր նշաձող է սոցիալական պաշտպանության ոլորտի թվային փոխակերպման գործընթացում։ Արդյունքում՝ SocialGovTech արտադրանքը միջազգային հարթակում ներկայացվել է որպես որակյալ, հարմարավետ, մարդակենտրոն և ինովատիվ արտադրանք։

Բացի սիմպոզիումը, ԱՍՀ նախարարի տեղակալի գլխավորությամբ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հետ, հանդիպումներ են կայացել նաև Չեխիայի աշխատանքի և սոցիալական հարցերի ու Չեխիայի տարածքային զարգացման նախարարությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են սոցիալական ծառայությունների պատվիրակման, ինչպես նաև ֆինանսավորման և վերահսկման մեխանիզմները։

Միաժամանակ հանդիպումներ են տեղի ունեցել սոցիալական ծառայություններ մատուցող տեղական ՔՀԿ-ների հետ, որոնց ընթացքում քննարկվել են պետության կողմից վերջիններիս տրամադրվող ֆինանասական միջոցները և դրանց համապատասխանությունը գոյություն ունեցող կարիքներին, ծառայությունների մատուցման ընթացքում հանդիպող դժվարությունները, հաղթահարման մեխանիզմները, շահառուների հետ հետադարձ կապի կարևորությունը, ինչպես նաև երկկողմ համագործակցության արդյունավետ ուղիներն ու հնարավորությունները։ Սա երկրորդ պաշտոնական այցն է, որը կազմակերպվում է «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ և ԱՍՀ նախարարության մասնակցությամբ։


Autor: «Մարդը կարիքի մեջ» ՀԿ

Այլ հոդվածներ