Համայնքային զարգացում՝ համագործակցային նոր մոդելների կիրառմամբ․ սոցիալական նոր ծառայություններ Սյունիքի մարզում

Հրապարակվել է 14 օգս, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե

Համայնքային զարգացումը, մասնավորապես՝ կարիքահեն սոցիալական ծառայությունների հասանելիությունը, վերջին տարիներին «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից տարվող համատեղ աշխատանքների ուղղություններից է։ Այս նպատակով ստեղծվել են սերտ համագործակցություններ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, պետական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև` համատեղ ու մասնակցային մոդելով սոցիալական ծառայությունների ներդման նպատակով։

Համայնքային զարգացում՝ համագործակցային նոր մոդելների կիրառմամբ․ սոցիալական նոր ծառայություններ Սյունիքի մարզում
© Foto: PIN

Սյունիքի մարզում սոցիալական ծառայությունների ներդրումը, բացի տեղական հասարակական կազմակերպությունների ծառայություններից, ուղեկցվում է նաև նոր ձևաչափով։ Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան և Մեղրի համայնքապետարանները հանդես են եկել սոցիալական ծառայությունների մատուցման իրենց նախաձեռնություններով։ Այս ծրագրերը համաֆինանսավորվում են համայնքապետարանների կողմից և ներառվել են ավագանու որոշումներում՝ հետագա շարունակականությունն ապահովելու համար։

Նշված չորս համայնքներում նախապատրասվում են ու շուտով կգործարկվեն հետևյալ ծառայությունները՝

  • Սիսիանում՝ սոցիալական տաքսի՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար,
  • Գորիսում՝ ջրաբուժական ծառայություն՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար,
  • Կապանում՝ ժամանակավոր կացության ապահովում անօթևանների համար,
  • Մեղրիում՝ սոցիալ-ներառական կենտրոն՝ երեխաների համար։


ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշում է, - «Համայնքներում սոցիալական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովմանն ուղղված այս գործողությունները ոչ միայն կարևոր են սոցիալական տարբեր խմբերի համար, այլև կարևորվում են մեր երկրում նախատեսվող լիազորությունների ապակենտրոնացման գործընթացների համատեքստում։ Կառավարության որդեգրած քաղաքականության ապակենտրոնացումը, կարծես թե, նոր շրջափուլ է մտնում, մասնավորապես՝ լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը Վարչապետի կողմից 2023 թվականի նոյմեբերի 9-ին հաստատվելուց հետո, որի արդյունքում, այսօր նախարարությունը մշակում է ապակենտրոնացման ռազմավարության նախագիծը։ Ապակենտրոնացման քաղաքականության մեջ իր ուրույն և կարևոր տեղն ունի սոցիալական ծառայությունները, որի մասով, մենք անչափ կարևորում ենք 2024 թվականի հոկտեմբերի 30-ից ուժի մեջ մտած սոցիալական աջակցության ոլորտի համալիր օրենսդրական փոփոխությունները և կարևորում ենք այդ օրենքներով համայնքներին տրված սոցիալական ծառայություններ մատուցելու հնարավորությունները։ 

Այո, ՏԻՄ-երը պետք է մաս կազմեն սոցիալական ծառայությունների տրամադրման ամբողջական ցանցին, և այդ պնդումը առավել քան արժևորվում է նրանով, որ բնակիչներին ամենամոտ կանգնած իշխանությունը իրենք են, և իրենցից լավ, ոչ մի կառավարման օղակ չի կարող տեղյակ լինել առկա սոցիալական խնդիրների և հարցերի մասին։ Սակայն, որպեսզի համայնքը կարողանա իրական կարիքների ապահովմանն ուղղված միջոցներ ձեռնարկի, տվյալ դեպքում, սոցիալական ծառայություններ մատուցել, պետք է ջանքեր գործադրենք ոչ միայն ինստիտուցիոնալ անհրաժեշտ գործիքակազմերը համայնքների վերապահելու ուղղությամբ, այլև սոցիալական անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, ներդրման և գործարկման ուղղություններով։ Այս տեսանկյունից «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը և դրա արդյունքները կարևորվում են, քանի որ դրանց բաղադրիչները ոչ միայն ուղղված են սոցիալական ծառայությունների հասցեագրմանը, բոլոր ազդակիր կողմերի ներգրավմանը, այլև իմ կողմից նշված սոցիալական ծառայությունների տրամադրմանն ուղղված համապատասխան ենթակառուցվածքների ձևավորմանը»:

«Մենք կարևորում ենք կայուն ֆինանսավորման հնարավորությունները և ուրախ ենք, որ այս մոդելը հաջողությամբ կիրառվում է համայնքների հետ արդյունավետ համագործակցության շրջանակում։ Աջակցելով համայնքներին ծառայությունների ներդրման ու փորձարկման գործընթացում, ինչպես նաև ապահովելով տեխնիկական կարողությունների զարգացում՝ վստահ ենք, որ այս ներդրումները կշարունակեն ծառայել համայնքների բնակիչների կարիքներին, իսկ համայնքները կկարողանան հաջողված փորձն ընդայնել», — նշում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցը։


«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի ջանքերով ընթացող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագիրը 2023 թվականից հանդես է գալիս համալիր լուծումներով։ Բացի նշված չորս համայնքապետարանների նախաձեռնություններից, ծրագրի շրջանակում ավելի քան 10 տեղական հասարակական կազմակերպություն դրամաշնորհների ու համայնքային համաֆինանսավորման շնորհիվ ստեղծել են համայնքային անվճար սոցիալական ծառայություններ Սիսան, Տեղ, Գորիս, Տաթև, Կապան, Քաջարան ու Մեղրի համայնքներում։ Ընդհանուր առմամբ, Սյունիքի մարզի շուրջ 1000 բնակիչ արդեն օգտվում է այս ծառայություններից։ Ծրագրի շնորհիվ Սյունիքի մարզում գործունեություն ծավալող 4 հասարակական կազմակերպություն պետական հավաստագրում է ստացել, որի արդյունքում ՀԿ-ներն իրականացնում են պետության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրեր։

Ծրագրով իրականացվող սոցիալական ծառայությունները ներառում են՝ տնային և ցերեկային խնամք, ժամանակավոր կացարան, բնակարանային մատչելիություն, սոցիալական տաքսի ծառայություններ, ինչպես նաև ձեռնարկատիրական ծրագրեր։ Ծրագրի շրջանակում կազմակերպվել են ճանաչողական այցեր դեպի Չեխիայի Հանրապետություն և Էստոնիա՝ ուսումնասիրելու սոցիալական ոլորտում կիրառվող եվրոպական լավագույն փորձը։


«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի համագործակցությամբ։

«Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա նախաձեռնությունը» համատեղ ծրագիր է, որում ընդգրկված են Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ԵՄ անդամ պետությունները՝ Ավստրիա, Չեխիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լիտվա, Նիդերլանդներ, Լեհաստան, Շվեդիա, ինչպես նաև գործընկեր Շվեյցարիան։ Նախաձեռնության հիմնական նպատակն է խթանել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը։

Author: ՀՀ ԱՍՀՆ

Այլ հոդվածներ