Հայկական պատվիրակության այցը Պրահա՝ միգրացիայի կառավարման փորձի փոխանակման նպատակով

Հրապարակվել է 14 հնս, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 4 րոպե
Study visit of Armenian officials and CSO reps
© Foto: PIN

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության մասնագետների պատվիրակությունը վերջերս պաշտոնական այցով Պրահայում էր՝ մասնակցելու «Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության միգրացիայի կառավարման չեխական փորձի ուսումնասիրությանը։  

Հայկական պատվիրակության այցը նպատակ ուներ խորացնել հայկական և չեխական կառույցների միջև համագործակցությունը՝ խթանելով փորձի փոխանակումը։ Աշխատանքային այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Չեխիայի Ներքին գործերի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև սոցիալական ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կենտրոնների ղեկավար ու մասնագիտական կազմի հետ։ Օրակարգային թեմաները ներառում էին միգրանտների և փախստականների ինտեգրումը, տրամադրվող ծառայություններն ու համագործակցությունն այլ կառույցների հետ։ Քննարկվող հիմնական թեմաներն էին ինտեգրման կենտրոնների գործարկումը, վարչական ընթացակարգերի թվայնացումը, թվայնացման գործընթացում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները։

«ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերջերս ստանձնել է փախստականների ինտեգրման և վերաինտեգրման ծառայությունների պատասխանատվությունը, որը նախկինում իրականացնում էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Հաշվի առնելով, որ Հայաստանում ունենք մեծ թվով բռնի տեղահանվածներ Լեռնային Ղարաբաղից, մենք հետաքրքրված ենք Չեխիայի և առհասարակ միջազգային լավագույն փորձով՝ ուղղված տեղահանվածներին տրամադրվող ծառայությունների բարելավմանը։ Մենք համոզված ենք, որ Չեխիայի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ հանդիպումներն ու փորձի փոխանակումը և դրա տեղայնացումն արդյունավետ կլինեն», - նշում է ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։


ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշում է, - «Միգրացիոն կառավարման համակարգում փոփոխություններ ենք իրականացրել, այդ իսկ պատճառով այս այցի շրջանակում ընդգրված են թե՛ միգրացիոն ոլորտի, և թե սոցիալական ապահովության, գիտական հանրույթի ու հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր փորձում են ուսումնասիրել ու հասկանալ չեխ գործընկների և Եվրոպական միության փորձառությունը։ Փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք կան քաղաքականության ու պրակտիկայի մեջ որևէ բացթողումներ, որոնք ենթակա են բարելավման և միաժամանակ կիսում ենք նաև մեր փորձը այս ոլորտում»։ Հավելենք, որ Ա․ Ղազարյանը հանդիպում է ունեցել նաև ՆԳՆ-ի Ապաստանի և միգրացիոն քաղաքականության վարչության պետ Պավլա Նովոտնայի հետ:


«Հայաստանում տեղահանված անձանց ու փախստականների անմիջական օգնությանը զուգահեռ, մենք աջակցում ենք նաև պետական կառույցներին։ Այս համատեքստում Չեխիայի Հանրապետություն կատարած այցը կարևոր քայլ էր Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի հզորացման ուղղությամբ ընթացող «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ջանքերում: Չեխիայի Հանրապետության փորձից օգտվելով, մասնավորապես՝ ուկրաինացի փախստականների վերջին հոսքի կառավարման ոլորտում, Հայաստանի պատվիրակությունը նպատակ ունի տեղայնացնել նորարար լուծումները և բարելավել միգրացիոն ծառայությունների ընդհանուր արդյունավետությունն ու արձագանքման կարողությունները», - նշում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ծրագրերի համակարգող Միխալ Զելբան։

Այցի շրջանակում քննարկվեցին նաև աշխատանքային միգրացիայի ծրագրերը, հայրենադարձների ինտեգրումը, օրենսդրական կարգավորումները և օտարերկրացիների հետ հաղորդակցության ռազմավարությունները։ Երկու երկրների ներկայացուցիչները ներկայացրին իրենց կարծիքներն ու գործնական փորձը:


Պատվիրակության անդամները հանդիպել են նաև Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանին և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին։ Ի դեմս նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրակությունը հանդիպեց նաև Չեխիայի Հանրապետությունում գործընկեր նախարարի տեղակալ Կատերինա Շտեպանկովայի հետ։ Քննարկվեցին Չեխիայում խոցելի խմբերի, մասնավորապես միգրանտների և փախստականների տնտեսական ակտիվացման ծրագրերը։ Հայաստանյան կողմը ներկայացրեց թվային գործիքների ներդրման փորձը սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում։


«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից կազմակերպված այցի պատվիրակության կազմում էին նաև ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունների տեղակալ Անի Չիլինգարյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը, ՆԳՆ Միջազգային համագործակցության վարչության տեղակալ Հայկանուշ Չոբանյանը, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիաների և իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը, միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը, Կովկասյան հետազոտական ռեսուրսների կենտրոնի (CRRC) հետազոտությունների տնօրեն Լիլիթ Եզեկյանը, Եվրասիա համագործակցության հիմնադրամի մարդու իրավունքների ծրագրերի ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանը և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ներկայացուցիչներ։

Հայաստանի Հանրապետությունում միգրանտ և փախստական խմբերին տրամադրվող սոցիալական ծառայությունների համակարգը հզորացնելու նպատակով «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից իրականացվող «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը ներառում է համագործակցություն ինչպես Հայաստանի և Չեխիայի կառավարությունների հետ, այնպես էլ Հայաստանում քաղհասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման և ֆինանսավորման ուղղությամբ՝ նպաստելով Հայաստանում միգրանտ և փախստական խմբերին տրամադրվող սոցիալական ծառայությունների համակարգի հզորացմանը։ Ծրագրի շրջանակում իրականացվում են նաև հանրային իրազեկման արշավներ, այդ թվում՝ «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթը։ Ծրագրի հիմնական նպատակը բռնի տեղահանված անձանց, ապաստան հայցողներին, փախստականներին վերադարձող միգրանտներին, Հայաստանից մեկնող և Հայաստան ժամանող աշխատանքային միգրանտներին աջակցելն է։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։ 
Autor: Շուշանիկ Ներսեսյան

Այլ հոդվածներ