Արձագանքելով հումանիտար ճգնաժամին

Հրապարակվել է 31 հնվ, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
Արձագանքելով հումանիտար ճգնաժամին
© Foto: Շուշանիկ Ներսեսյան

Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանության հետևանքով՝ Մարտիկն իր կնոջ և երկու երեխաների հետ բնակություն է հաստատել Գորիսի մի փոքրիկ տանը։ Տեղահանությունից հետո կանգ են առել Գորիսում, և երկար ժամանակ վրանում անցկացնելուց հետո միայն՝ կարողացել են գտնել այս տունը։ «Վարձակալությունն այստեղ ավելի մատչելի է, քան Հայաստանի ավելի մեծ քաղաքներում», նշում նա։ Տունը սառն է, հատակը՝ բետոնե, սակայն փորձում են դիմադրել ցրտին ու շարունակել կյանքը։

Մարտիկի ընտանիքը երկու անգամ է տեղահանվել․ 2020 թվականինին Շուշիից՝ Ստեփանակերտ, իսկ 2023-ին Ստեփանակերտից՝ Գորիս։ Ղարաբաղում նա շինարարությամբ էր զբաղվում, սակայն այստեղ դեռ չի կարողանում աշխատանք գտնել․ փնտրտուքների մեջ է։ Մինչդեռ, չորսամյա փոքրիկն արդեն մանկապարտեզ է հաճախում Գորիսում, սակայն թե՛ ցուրտ տան, և թե՛ եղանակային պայմանների պատճառով հաճախ է հիվանդանում ու բացակայում։ 

Սեպտեմբերի 27-ին են եկել Գորիս ու տնից ոչինչ չեն կարողացել վերցնել, միայն մի քանի հագուստ, քանի որ եկել են ավտոբուսով և հնարավորություն չի եղել ավելին տեղափոխելու։


«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն տարիներ շարունակ հումանիտար աջակցության բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում՝ օգնելու կյանքի դժվարին պայմաններում հայտնված անձանց։

Նախաձեռնություններից մեկի՝ «Հրատապ արձագանք Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց համար» ծրագրի շրջանակում՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, Action Against Hunger, «Աշխարհի բժիշկներ», «Առաքելություն Հայաստան» և «ՎԻՆՆԵԹ Գորիս» կազմակերպությունների հետ միասին և Start Network-ի ֆինանսավորմամբ հոկտեմբեր-նոյեմբերի ամիսների ընթացքում շուրջ 8000 տեղահանված անձանց ներառել է իր աջակցության ծրագրում՝ տարբեր մեխանիզմների միջոցով։ Օգնությունը տրամադրվել է տեղահանության առաջին իսկ օրերից՝ նախնական շրջանում ընդգրկելով Սյունիքի մարզը՝ որպես տեղահանված անձանց առաջնային անցման կետ, ապա նաև ՀՀ տարբեր մարզերը։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, համագործակցելով Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարանների հետ 40 հազար դրամական աջակցության կտրոններ է տրամադրել տեղահանված 1000 ընտանիքի համար։ Կտրոնները նախատեսված էին խնամքի պարագաների և սննդի գնումների համար։ Տաք սննդի 2400 կտրոն է տրամադրվել նաև Գորիս համայնքում։



Մեր գործընկեր Action Against Hunger, «Աշխարհի բժիշկներ», «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունները և «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը համապատասխանաբար իրականացրել են վաուչերների տրամադրման, Գորիսի գրանցման կենտրոնի համակարգման, սոցիալ-հոգեբանական և իրավաբանական ծառայությունների և երեխաների ու կանանց ներգրավվման աշխատանքներ։ 
Autor: Շուշանիկ Ներսեսյան

Այլ հոդվածներ